27/07/2024

Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, իսկ նախավերջին հանգրվանը՝ Մոսկվան. Բանանային փրկիչը՝ ՌԴ-ից

Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ՀՀ-ն բարեհաջող լքած, «Մայր Հայաստանը» «Матушка Pоссия»-ի հետ փոխած, այնտեղ կացության կարգավիճակ ստացած ու անցած 5 տարիներին «հով ու ապահով» բիզնեսով զբաղված Միհրան Պողոսյանը՝ հայտնի որպես «Քեթրինի Միհրան» կամ «ԴԱՀԿ-ի Միհրան», լքել է Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ու սեփական կուսակցությունը հիմնել՝ Հայոց Համազգային Միասնություն։

Շատերի մոտ գուցե այս նորահայտ կուսակցության անվանման առաջին երկու բառերը 90-ականների վերհուշն արթնացնեն (համոզված ենք՝ բացասական էմոցիաներ վերապրողները կգերիշխեն), երբ երկրի թիվ մեկ քաղաքական ուժը Հայոց Համազգային Շարժումն էր։ Միհրան Պողոսյանի և նրա դեմքով կուսակցություն բացած սուբյեկտների ստեղծագործական երևակայությունը, հավանաբար, չի բավականացրել նոր, չլսված, մոտիվացնող անվանում մտածել իրենց քաղաքական պրոյեկտի համար և որոշել են յուրացնել ՀՀՇ-ի «Հայոց»-ն ու «Համազգային»-ը՝ «Շարժում»-ն էլ փոխարինել «միասնությամբ»։

Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ-ում վերջին շրջանում քաղաքական ակտիվություն (տեղում կամ հեռավար) են ցուցաբերում հատկապես ՌԴ-ում պատսպարված ֆիգուրները, ընդ որում՝ ուժային կառույցներում ժամանակին պաշտոն զբաղեցրած, և Մոսկվայից ուղերձներ հղում «երկիր ենք կորցնում»-ի մասին՝ «զարթնելու», «ոտքի կանգնելու», «համախմբվելու» կոչեր հղում։ Վառ օրինակը պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Հընթացս հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը նախքան ԴԱՀԿ համակարգ մուտք գործելը՝ 1998 -2000 թթ., ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։ 2004 -2006 թթ. սովորել է Մոսկվայի «Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական համալսարան»-ում և ստացել իրավաբանի որակավորում, 2000-2006 թթ. եղել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր, 2006-2007 թթ.՝ ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը՝ մայոր։ Պատահականությո՞ւն է սա արդյոք, թե՞ ոչ՝ կարող ենք միայն ենթադրել, իսկ այ ընդդիմադիր դաշտի վետերանները կարող են գրկաբաց իրենց շարքերն ընդունել նորեկին՝ նրա հետ կիսելու հայրենիքի փրկության սուրբ գործը՝ երկիրը «բանանային հանրապետություն» դարձնելու «փայլուն» հեռանկարով։ Ինչևէ։

Երեկ պարոն Պողոսյանը հանրությանը ներկայացավ Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող կայքին՝ «Մեդիահաբ»-ին, տված ծավալուն հարցազրույցով, որի ժամանակ ազդարարեց իր փրկչական պլանների մասին։ Հարցին՝ «հիմա շատերն են փորձում ինչ-որ ձևով փրկել հայրենիքը, և հիմա կասեն՝ գնացել եք ՌԴ, տաքուկ անկյունում նստել եք և հեռվից ուզում եք փրկել հայրենիքը, հեռվից ինչպե՞ս եք կարողանալու ինչ-որ բան անել ՀՀ-ի համար, կուսակցություն բացելու գաղափարը միանձնյա՞ որոշում է, թե՞ այլ խորհրդատուներ կային, այլ ընկերներ կան ձեր կողքին»՝ Պողոսյանը խոցված արձագանքեց. «Հեռվում տաքուկ անկյունով նստելով կարելի է վայելել կյանքը, բայց կա մարդու տեսակ, որը չի կարող վայելել կյանքը, և էդ կյանքը վայելելով իր մինչև կյանքի վերջը հոգու վրա մեծ քար ա, որովհետև ինքը ունի չկատարված, չարված գործ։ Ես ինձ համարում եմ հայրենասեր, և մեր թիմը, որը գտնվում է իմ կողքին, որը որ այսօր նախաձեռնել է այս ամբողջ արշավը, մենք հավատացած ենք, որ ամեն օր մեր շարքերը ավելացվելու են ավելի ու ավելի ուժեղ մարդկանցով։ Իմ համար ուժեղ մարդը էս պարագայում հայրենասեր մարդն է։ …Մենք աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունենք, մենք ձեռք ենք մեկնում բոլորին, գործող վարչախմբին էլ ենք ձեռք մեկնում, մենք այսօր խնդիր ունենք մեկ մարդու հետ։ Եվ էդ մեկ մարդը հեղինակն է էս ամենի, երկիրը հասցրեց էս վիճակին և Արցախը որպես պետություն փլուզեց, և դա վտանգված է այսօր վերանալու։ …Մենք մեր թմով պատրաստ ենք այս պատասխանատվությունը, որը էսօր մենք պլանավորում ենք և կարծում ենք, որ շատ մոտ ապագայում այդ պատասխանատվությունը կրելու ժամանակը կգա, վերցնել մեր ուսերին և տանել այդ ծանրությունը մինչև վերջ»։ Հարց է ծագում՝ովքե՞ր են մտնում այդ թիմի մեջ՝ քրեական հետապնդումից խույս տված, ՌԴ-ում և այլուր ծպտված հայտնի դեմքերը նո՞ւյնպես, և «մինչև վերջ» ասվածը մինչև որտե՞ղ է՝ արդյոք մինչև ՌԴ-Բելառուս միութենական պետություն մտնե՞լը։

Հայտնի խոսք կա՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, բայց նրանք, ինչպես երևում է, նախքան այդ հանգրվանին հասնելը նախ հասել են Մոսկվա։ Պողոսյանի ու մյուսների մոտ պատահական զուգադիպությամբ հենց այս՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հստակեցման հանգրվանում է արթնացել հայրենասիրությունը՝ դրանից բխած հետևանքներով։ Դաշնակից երկիրը, փաստորեն, այնքան անհույս է համարում ՀՀ ընդդիմադիր դաշտի դերակատարներին, որ որոշել է խաղադրույք կատարել մեկի վրա, որի միայն անունը ասոցացվում է կոռուպցիայի, պանամական օֆշորի, միլիարդների թալանի, վերջերս էլ նաև նարկոտրաֆիկի հետ։ Եթե անգամ Մոսկվան չէ «Միհրան Պողոսյան» պրոյեկտի հեղինակը, և նախկին ԱԱԾ-ական (ԱԱԾ-ականի նախկինը չի լինում) Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ է որոշել փրկչի փիլոն հագնել, ապա նրա այդ որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ՝ հայ ժողովրդի պատվին ու արժանապատվությանը։ Պողոսյանին երևի թվում է, որ ՀՀ-ում բոլորի հիշողությունը վթարի է ենթարկվել, նրանք չգիտեն, թե ով է, ինչ ծագում, հետագիծ ունի Պողոսյանը, ում աճեցրած կադրն է և հատկապես հեղափոխությունից հետո ինչ քրեական գործերով է անցնում։ Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնող ծառայության նախկին պետի մոտ հավանաբար աշխատում է մասնագիտական այն համոզմունքը, որ եթե կարելի է մարդկանց հարկադրել կատարել դատական ակտերը, ուրեմն հնարավոր կլինի նաև հարկադրել անել այլ բաներ անել՝ լինել ավանակ կամ ապուշ, մի կողմ դնել Պողոսյանի վերաբերյալ իր իմացած-չիմացածը, ներել նրա «մեղքերն» ու ապավինել նրա փրկչական ծառայություններին՝ գնալով վերջինիս հետևից։ Ավելի ճիշտ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ընդառաջ գնալ նրան՝ Մոսկվայից տուն դարձող նոր Միհրանին՝ Միհրան Ամենափրկչին։

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից օրեր անց, սկանդալ պայթեց Պողոսյանի օֆշորային գործունեության մասին։ ԴԱՀԿ-ի Միհրանը որոշեց հրաժարական տալ՝ իր որոշումը բացատրելով այսպես. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակների տիրապետելու»։

«Մեդիահաբ»-ի հետ զրույցում, ահա, պարոն Պողոսյանը տարակուսեց՝ բա ո՞ւր է այդ՝ օֆշորի հետ կապված գործը՝ հավելելով՝ «ժամանակին օֆշորի հետ կապված հարցազրույցներում ասում էի՝ դա կապիկություն է, շոու», ավելին՝ «գործող վարչախմբի օրոք օֆշորային գործը փաթեթից դուրս ա եկել»։

2017-ին Պողոսյանն արդեն նոր կարգավիճակ ուներ՝ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձավ ու հանգրվանեց ԱԺ-ում, 2018-ին էլ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն։ Իր հարցազրույցում խոստովանել է՝ չի փոշմանել, քանի որ եղել է քաղաքական որոշում՝ ի կատարումն ժողովրդի կամքի։