07/05/2026

EU – Armenia

Էրդողանը լուռ հետևում էր Մոսկվա-Բաքու «ձեռնամարտին» և վերջում բացահայտել՝ հակամարտության կողմ չէ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման ֆոնին ադրբեջանական ընդդիմությունը, քաղաքական-հանրային մի շարք դեմքեր, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական ռեսուրսները վերջին օրերին տեսլական են գեներացնում, որ Ադրբեջանը «պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների նոր հայեցակարգ որդեգրի, երկրի տարածքում թուրքական ռազմահենակայաններ տեղաբաշխի»:

Իրավիճակի գնահատման ցուցիչ կարելի է համարել Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու մասին «Մուսավաթ» կուսակցության դիմումին Բաքվի գործադիր իշխանության պատասխանը, որտեղ «ներկա փուլում քաղաքական նման ակցիայի անցկացումը» համարվել է «ոչ նպատակահարմար»:

Իլհամ Ալիևն առհասարակ Բաքվում զանգվածային միջոցառումներից ամեն գնով խուսափում է՝ զգուշանալով, որ դրանք կարող են վերածվել հակակառավարական ցույցերի, բայց դա, երևի, այդ դեպքը չէ:

Օկուպացված Ստեփանակերտից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ ռուս-ադրբեջանական լարվածությունը քննարկել է Իլհամ Ալիև հետ: Դատելով Թուրքիայի նախագահի չափազանց զգուշավոր ձևակերպումներից, նա Ալիևին խորհուրդ է տվել ավելորդություններ թույլ չտալ և հնարավոր սրացումներից ձեռնպահ մնալ:

«Թուրքիան դիվանագիտական և ռազմավարական խոր հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի հետ… Մեր ամենամեծ ցանկությունն է, որ տեղի ունեցած ցավալի իրադարձություններն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդառնալի վնաս չպատճառեին»,- ասել է Էրդողանը:

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի «աջակցել կառուցողական քայլերին, որ պետք է ձեռնարկվեն այդ խնդրի լուծման համար»: Էրդողանն, ընդսմին, սահմանել է Թուրքիայի առաջնահերթությունը՝ «խուսափել հանկարծակի էսկալացիաներից, որ կխաթարեն տարածաշրջանի դժվարությամբ ձեռք բերված կայունությունը»:

Թուրքիայի նախագահի ձևակերպմամբ՝ «Կովկասը շատ պատերազմներ և հակամարտություններ է տեսել, և նոր կոնֆլիկտ վերապրելու համբերություն այլևս չունի»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է «Շուշիի հռչակագիր»: Ադրբեջանցի բոլոր փորձագետներն այդ փաստաթուղթը գնահատում են որպես Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունը սահմանափակելու դեմ ամենահուսալի երաշխիք:

Ըստ էության, Թուրքիայի նախագահը բավական պարզորոշ հասկացրել է, որ ռուս-ադրբեջանական լարվածությունը գոնե այս փուլում իր շահերից չի բխում, և էսկալացիայից պետք է խուսափել դիվանագիտական կառուցողական քայլերի միջոցով:

Կարելի է ենթադրել, որ Էրդողանն արդեն իսկ որոշակի նախաձեռնություն ցուցաբերել է, սակայն, Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Մոսկվայում ոչ միայն պաշտոնական, այլև անգամ փորձագիտական և մեդիա-արձագանքի դեռևս չի արժանացել:

Սա չափազանց արտառոց է, եթե նկատի ունենանք, որ Էրդողանը փաստացի «չեղյալ է հայտարարել» Ռուսաստանից սպառնացող վտանգի դեպքում Ադրբեջանին ռազմական ուղղակի աջակցություն ցուցաբերելու երաշխավորությունը:

Վլադիմիր Պուտինը Թուրքիայից ի՞նչ ավելի մեծ ակնկալիքներ ունի, եթե Էրդողանի առաջարկությունը երկու օր է՝ մնում է անպատասխան: Նա սպասում է Ալիևի հրապարակային «մեղայականի՞ն»: Բայց Ալիևը կարո՞ղ է գտնել դեմք փրկելու տարբերակ, Պուտինը նրան այդ հնարավորությունը կտա՞ կամ ինչի՞ դիմաց կտա:

Արտառոց է նաև, որ Թուրքիայի նախագահը մոտ մեկ շաբաթ լուռ հետևել է Մոսկվա-Բաքու «ձեռնամարտին» և վերջում բացահայտել, որ այդ հակամարտության կողմ չէ:

Իսկ Շուշիի հռչակագի՞րը: Դա միայն քաղաքական հայտարարությո՞ւն է, թե՞ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ամրագրում այն չափով, որքանով դա չի բերի ռուս-թուրքական էսկալացիայի՞: