27/07/2024

Մոսկվային հավատարիմ Հայաստանի արտգործնախարարն Օրիի դերում

Արցախի հարցերով հանձնախումբը նախկին արտգործնախարար Օսկանյանի առաջնորդությամբ արտերկրում հանդիպումներ է ունենում:

Օսկանյանը վերականգնել է պաշտոնավարության շրջանի կապերը, ի մասնավորի Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Մի խոսքով՝ ինչպես երեք հարյուր տարի առաջ Իսրայել Օրին էր բախում եվրոպական միապետների դռները եւ փորձում համոզել, որ այնտեղ՝ Արեւելքում մի քրիստոնյա ազգ օսմանա-պարսկական հպատակության տակ մեռնում եւ փրկություն է աղերսում, բայց շուտով համոզվեց կամ նրան հասկացրին, որ Հայաստանի արեւեը, եթե ծագելու լինի, ապա՝ միայն Հյուսիսից: Նա էլ անցավ Ռուսաստան:

Վարդան Օսկանյանը Հայաստանի քաղաքական երանգապնակի, պայմանական ասած՝ «կարմիր գույնն» է ներկայացնում, որ Նիկոլ Փաշինյանին անխնա քննադատում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, Հայաստանի անվտանգային համակարգը խարխլելու, պատերազմ հրահրելու, երկիրը պարտության տանելու, արեւմտյան կողմնորոշում որդեգրելու, այդ շրջանակներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ Արցախը վերջնականապես կորցնելու մեջ:

Եթե այս կոնցեպտը ճիշտ է, ապա այսօրվա ստատուս-քվոյի ճարտարապետներից մեկն էլ, բնականաբար, Եվրամիությունն է՝ ի դեմս նաեւ նույն Տոյվո Կլաարի: Վարդան Օսկանյանն ի՞նչ է փնտրում նրա հետ հանդիպմանը, եթե Եվրամիությունը խնդիր ունի Հարավային Կովկասում չեզոքացնել Ռուսաստանին: Եթե մամուլը ճիշտ է փոխանցում Օսկանյանի խնդիրը, ապա դա բռնատեղահանված արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն է:

Ո՞վ եւ ինչպե՞ս է ճանաչելու այդ իրավունքը, եթե անգամ նման շատ բուռն ցանկություն ունենա՝ մեկ: Երկրորդ, ինչպե՞ս է դրան վերաբերվում-վերաբերվելու Ռուսաստանը, որ փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի երաշխիք է ռուսական զորախմբի այնտեղ ներկայությունը: Թե ինչու է Գալուզինն այդպես ասում՝ հասկանալի է. եթե մի քանի հազար հայ վերադառնա Լեռնային Ղարաբաղ, ապա Մոսկվան ռուսական զորախումբն այնտեղ մնալու հիմնավորում կունենա:
է:

Եւ եթե Օսկանյանը պաշտոնավարման շրջանից կապեր ունի Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, պետք է որ ունենա նաեւ Ռուսաստանում: Չէ՞ որ նա Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, Մոսկվային հավատարիմ Հայաստանի արտգործնախարարն է եղել եւ որպես փոռձառու դիվանագետ գերազանց գիտի, որ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքը պետք է նախ Ադրբեջանը ճանաչի, իսկ ներկայումս Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները «հորզիանական» են, ռուս-ադրբեջանականը՝ վերընթաց:

Օրիի ժամանակներում ոչ ոք չի հարցրել՝ Լեռնային Ղարաբաղի շինականը համաձա՞յն է Պարսկաստանի դեմ ապստամբությանը՝ հասկացանք: Իսկ այսօ՞ր: Օսկանյանի հանձնախմբում ընդգրկված Արցախի նախկին պաշտոնյան «որոշակի իրավունքներով» Ստեփանակերտ վերադառնալու մտադրություն ունի՞: Եթե՝ այո, ապա ինչու՞ խնդիրն Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ, դիցուք, Էլչին Ամիրբեկովի հետ չի քննարկում, նախընտրում է Տոյվո Կլաարին: Որ Կլաարն ի՞նչ անի: Ասի՝ գնացեք, Մոսկվայի եւ Բաքվի հետ «ճշտվե՞ք»: