27/07/2024

Որքան դինամիկ եւ որքան արդյունավետ է լինելու Հայաստանի որակական փոփոխությունը

Անցնող օրերին հնչեցին համաշխարհային նշանակության երկու ուղերձ՝ նախ ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդին, եւ հետո ԱՄՆ նախագահ Բայդենի ամենամյա ուղերձը Կոնգրեսին:

Երկու այդ ուղերձները իրենց բովանդակությամբ հստատեցին լոկ այն գնահատականները, որ միջազգային փորձագիտական հանրությունը արձանագրում էր 2024 թվականի մեկնարկին՝ անկանխատեսելի եւ վճռորոշ տարվա սպասման առնչությամբ:

Պուտինի եւ Բայդենի ուղերձները վկայեցին, որ համաշխարհային դիմակայությունը ոչ միայն շարունակելու է ծավալվել, այլ ըստ էության ունի նոր թափ եւ ընդգրկում ստանալու առավել մեծ հավանականություն, զուգահեռ՝ մեծ անկանխատեսելիություն:

Իհարկե ասել, որ հենց միայն ուղերձներն էին դրա վկայությունը, կլինի սխալ: Այդօրինակ սպասումների մասին վկայող հանգամանքները շատ են, բայց երկու առանցքային ֆիգուրներից ստացվող ազդակները հատկապես նշանակալի ցուցիչ են:

Այդ ամենն անշուշտ իր ազդեցությունն է ունենալու Կովկասի վրա, թե անմիջական, թե նաեւ այսպես ասած «ավազաննային» իմաստով, նկատի ունենալով այն ռեգիոնները, որոնք իրենց անվտանգային ճարտարապետությամբ եւ բաղադրիչներով օրգանապես կապված են Կովկասին՝ Մերձավոր Արեւելք, Սեւծովյան գոտի:

Այդ պայմաններում թերեւս ավելորդ է մտածել, որ իրատեսական է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, կամ նույնիսկ այդ ուղղությամբ կառուցողական, հավասարակշռված գործընթացի զարգացման հավանականությունը:

Սա բոլորովին չի նշանակում, որ ավելոր է լինելու դրան ուղղված ջանքը կամ աշխատանքը, բայց արդյունքի առնչությամբ ավելորդ պատրանքներն ու սպասումները կարող են բավականին թանկ արժենալ Հայաստանի համար:

Ըստ այդմ, որքան աշխույժ Հայաստանն աշխատի խաղաղության պայմանագրի հավասարակշռված միջավայր ստանալու ուղղությամբ, բազմապատիկ ավելի սուր է ներքին կարողությունների եւ որակների, Հայաստանի ներքին դիմադրունակության, միաժամանակ այդ դիմադրունակության հավաքական բաղադրիչի գեներացման՝ ներառյալ արտերկրի հայկական ներուժի առարկայական ներգրավման եւ թիրախային կիրառության ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտությունը:

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ուղերձները պարզորրոշ վկայեցին, ներկայումս գոյություն ունեցող միջազգային հարաբերությունները, համաշխարհային ռեժիմը՝ չի փոխվելու, հետեւաբար Հայաստանի պետականության հեռանկարները առավել քան երբեւէ կախված են լինելու այն հանգամանքից, թե որքան դինամիկ եւ որքան արդյունավետ է լինելու Հայաստանի որակական փոփոխությունը: