Իմ կինը երբ առողջ է, իր ողջ էներգիան գործածում է ինձ վրա գոռալու, վրաս բարկանալու, գլխիս փոթորիկ հանելու, ճիչ ու աղաղակ բարձրացնելու, հայհոյելու ու անիծելու վրա։
Մի չտեսնված անքամի փոթորիկ, մի ամուսնական թայֆուն իր բոլոր հետեւանքներով։
Ես որպես մարդ` ամեն օր սխալվում եմ։ Օր է պատահում մինչեւ իսկ, որ երկու անգամ եմ սխալվում, իսկ կինս իր ողջ ամուսնական կյանքում մի անգամ իսկ չի սխալվել ու չգիտի ի՞նչ բան է սխալվելը։
Երբ մեկը այս ամբողջովին սխալ ստեղծված աշխարհում չի իմանում ինչ բան է սխալը` ի՞նչ կարոսղ ես անել, պետք է նրա գործած բոլոր հանցանքները վրադ բառնաս ու քաշես։
Բայց այս զարհուրելի կինը, երբ հիվանդանում է, քառասուն աստիճան տաքության մեջ մի տեսեք ինչպես մեղմանում է, քնքշանում ու հեզանում։ Հայացքը մեղմ ու շոյիչ, խոսում է շշուկով, ինչպես մտերիմներն են խոսում, անգամ ժպտում է երեսիս…
Ա՜խ, ինչ մեծ երջանկություն է եղել հիվանդ կին ունենալը։
Այս ամուսնությունը այսպես էլ թող գնա, բայց ես հաստատ վճռել եմ, երկրորդ անգամ ամուսնանալիս անպատճառ մի մահամերձ կին առնել։
Սա երկու առավելություն կարող է ունենալ. մեկը այն, որ քնքույշ կվերաբերվի հետդ, երկրորդ էլ, երբ մեռավ` միանգամից կազատվես կնոջ խեր ու շառից…
Ես ամուսնության մասին հետեւյալ կարծիքն ունեմ. եթե հատուկ քեզ համար մի ծնողի պատվեր չես տալիս կին ծնելու` նախապես ծնված պատրաստի կինը երբեք վրադ չի նստելու։
Լեռ Կամսար
Բաց մի թողեք
Կլասիկա եւ վիրտուոզ ջազ: Դենիս Մացուեւ. Լուսանկարներ, Տեսանյութեր
Հայտնի են Ստեղծագրության ակադեմիայի հաղթողները․ Լուսանկարներ, Տեսանյութ
Երգչուհի Ադելը բակտերիալ վարակի պատճառով ձախ ականջից խլացել է. Լուսանկար