Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտի սակագնին վերաբերող նախագիծը։
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները, սակայն, առաջարկեցին օրակարգից հանել այն:
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը փորձ արեց որպես փորձագետ նիստերի դահլիճ հրավիրել ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը չանդրադարձավ տվյալ խմբակցության առաջարկին՝ ասելով՝ լսեցին խմբակցությունների առաջարկները։
Նիստին զուգահեռ վաղ առավոտից քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ անձանց հետ բողոքի ակցիա իրականացնող Մարությանը փորձեց մտնել նիստերի դահլիճ՝ հայտարարելով՝ համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք։ Սակայն ոստիկաները վերջինիս թույլ չտվեցին ներս մտնել և դուրս հրավիրեցին շենքից։
Ըստ էության, ինձ թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին, սա օրենքի կոպտագույն խախտում է, նաև տեղական ինքնակառավարման մարմինների լոգիկայից դուրս է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մանրամասնելով, որ խմբակցությունն իրավունք ունի ավագանու նիստին ավագանու անդամ չհանդիսացող մեկին հրավիրել և այս նիստին հրավիրել են իրեն. «Փաստացի այսօր մեր ֆրակցիան հրավիրել է ինձ, որպեսզի ես հինգրոպեանոց ելույթ ունենամ և այս իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, և՛ իրավական, և՛ բարոյական, թույլ չեն տալիս ինձ ելույթ ունենալ»:
Հիշեցնենք՝ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով առաջարկվում է՝
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Նշվում է, որ ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել