«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է, թարգմանվել է հայերեն:
Ձեռնարկը նախատեսված է թե մանկավարժների, թե սովորողների համար: Այն հրտարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններին: Այս ստանալու համար պարզապես պետք լրացնել հայտը հիմնադրամի կայքում:
«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային և գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն է, թարգմանիչը՝ երաժշտագետ, ԵՊԿ դասախոս Նոնա Ոսկանյանը:
Ձեռնարկում տրվում են մեթոդաբանական և պրակտիկ խորհուրդներ, քննվում են կամերային անսամբլները երաժիշտների համար գրավիչ դարձնեու, երկացանկի ընտրության, փորձերի անցկացման վարպետության, երաժշտական տեքստերի ընթերցման բարդությունների, երաժշտական երկխոսության դրամատուրգիայի, երաժշտական արտահայտչամիջոցների և այլ թեմաների շուրջ խնդիրները:
Ձեռնարկը բաղկացած է երկու գլխից, առաջինում վերհանված են անսամբլային կատարողականության հիմնախնդիրներն ու հարցերը, որոնց պրոֆեսոր Կրասոտինան առաջարկում է իր լուծումներն ու պատասխանները՝ հիմնված ձևավորված երաժշտական ավանդույթների, մեթոդների և սեփական փորձի վրա: Երկրորդ գլուխն այն մասին է, թե ինչպե՞ս ընթերցել երաժշտական տեքստը, որի գրագետ վերլուծությունը թույլ կտա գտնել գեղարվեստական ճիշտ լուծումներ: Այս հատվածը կհետաքրքրի ոչ միայն անսամբլային կատարողներին, այլ բոլորին, ովքեր զբաղվում եմ երաժշտությամբ:
Իրինա Կրասոտինան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավար: Հիմնադրամում ծավալած գործունեության շրջանակում, 2023թ.-ից սկսած Կրասոտինան Երևանում ամեն տարի անցկացնում է «Կամերային երաժշտության դպրոց», ինչի արդյունքում իր շուրջ հավաքվեց տաղանդավոր հայ երաժիշտների, մանկավարժների և համախոհների մի խումբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Հենց նրանց հետ սերտ համագործակցությունը խթան հանդիսացավ Կրասոտինայի ուսումնամեթոդական ձեռնարկի թարգմանության համար: Աշխատելով և համերգներով մեկ բեմում հանդես գալով հայ պատանի և երիտասարդ երաժիշտների հետ Կրասոտինան տպավորվել է նրանց աշխատասիրությամբ, կարճ ժամանակում ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ. «Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև»,- նշում է պրոֆեսոր Կրասոտինան և իր երախտագիտությունը հայտնում, որ իր աշխատանքը նման ուշադրության է արժանացել հայ մասնագետների շրջանում:
Հայաստանում կամերային անսամբլի կատարողական արվեստը գլխավորապես հիմնված է ռուսական կատարողական արվեստի ավանդույթների վրա: Հայերեն լեզվով այս առարկայի դասավանդման և ուսումնասիրության համար ուսումնական ձեռնարկները շատ չեն, միայն Ա. Բերբերյանի և Ա. Իսրայելյանի «Կամերային անսամբլի դասավանդման մեթոդական ձեռնարկ»-ն է և մի քանի հոդվածներ՝ գրված Երևանի կոնսերվատորիայի Կամերայի գործիքային անսամբլի ամբիոնի դասախոսների կողմից: Հետևաբար, Կրասոտիանայի ձեռնարկի թարգմանությունը կարևոր էր:
«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը, խոսելով ձեռնարկի թարգմանության կարևորության մասին, նշում է. «Կամերային երաժշտությունը կարևոր դեր է խաղում ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի կրթության մեջ: Անսամբլի հաջողությունը կախված է բոլոր անդամների ակտիվ ստեղծագործական զարգացումից: Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային և անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս: Այն ներկայացնում է կամերային անսամբլի վերաբերյալ ուսումնական ծրագրերի և մեթոդական աշխատանքների ընդարձակ ցանկ, որոնք գրվել են հայտնի երաժշտական մանկավարժների, այդ թվում՝ Ա. Դ. Գոտլիբի, Կ. Կ. Աճեմովի, Դ. Դ. Բլագոյի, Տ. Ա. Գայդամովիչի և Ա. Զ. Բոնդուրյանսկու կողմից: Այս աշխատանքում Ի. Վ. Կրասոտինան ներկայացնում է իր տեսակետները՝ հիմնվելով գիտական տեսության, ավանդույթների և սեփական դասավանդման փորձի վրա: Այս մեթոդական ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ավելի արդյունավետ կազմակերպել անսամբլային դասընթացները, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների շրջանում կխթանի անսամբլային արվեստի հանդեպ հետաքրքրությունը»։
Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշում է. «Ամեն տարի հարյուրավոր երաժիշտներ են ավարտում կոնսերվատորիաները, դրանցից եզակիներին է բախտ վիճակվում մենակատարի հաջող կարիերա անել, կամերային անսամբլը երաժիշտների համար սիրելի գործով զբաղվելու լավ հնարավորություն է այն նաև զարգացնում է դիմացինին լսելու և համագործակցելու ունակություններ, ինչը օգտակար է նաև կյանքում: Ձեռնարկն անվճար կտրամադրվի ուսումնական հաստատություններին, իսկ մեր կայքում, անելով պարզ գործողություն, յուրաքանչյուրը կարող է նպաստել, որպեսզի մեկ ձեռնարկ ավել նվիրաբերվի ուսանողներին և ուսուցիչներին»։


Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը. Լուսանկար
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար