15/04/2024

Թույլատրել են, հիմա՝ չեն թույլատրել

«Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը:

«Իրավունք» թերթը գրում է. Այս մասին օրերս տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնելու մասին, ինչը Երեւանի քաղաքապետարանը թույլատրել էր:

Սակայն, այս անգամ, կարծես թե, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասկացավ, որ հակաեկեղեցական «նույն գետը երկու անգամ մտնելը»՝ կարող էր ունենալ իր հետագա պաշտոնավարման համար չնախատեսված բացասական հետեւանքներ:

Ի դեպ, «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանի դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան, եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով), սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջինս ճողոպրել է երկրից՝ հայրենի Միացյալ Նահանգներ»: