23/04/2024

Կառավարությունը մերժել է արցախցիներին

Մենք անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։

Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, եւ մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Հուսանք, որ պատասխանում կներկայացնեն մերժման պատճառները։