08/09/2024

Որտեղ է հայտնաբերվել ինֆորմատիկայի քոլեջի ուսանողին սպանած 21-ամյա երիտասարդը. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, դանակահարվել էր քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխված անչափահաս Ռաֆայել Հ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե որտեղ է հայտնաբերվել դանակով հարվածած երիտասարդը:

«Մարտի 12-ին՝ ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի և չպարզված մի խումբ անձանց հետ, ովքեր ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածներ են հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Ռ. Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մահ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտնաբերվել և քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ»:

Այլ մանրամասներ ոստիկանությունը կհրապարակի ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանությունը):