14/12/2024

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում դինամիկան փոխարտգործնախարարը աննախադեպ է որակել

Այն դինամիկան, որ այսօր կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, կարելի է աննախադեպ որակել:

«Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, Եվրոպական խաղաղության գործիքին Հայաստանի հասանելիության, հայկական ապրանքների եվրոպական շուկաներ ավելի դյուրին մուտքի շուրջ քննարկումները։

«Սրանց ուղղությամբ դրական զարգացումները թույլ կտան նաև առաջ շարժվել և ավելի հավակնոտ օրակարգերի մասին խոսել»,- ասել է Կոստանյանը։

Անդրադառնալով հարցին, թե Եվրախորհրդարանի՝ մարտի 13-ին ընդունած բանաձևին սառը չէ՞ր վարչապետի արձագանքը՝ ասելով, թե այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, թե՞ զուսպ մեկնաբանությամբ քաղաքական զգուշավորության, պրագմատիզմի դրսևորում էր՝ Կոստանյանը նկատել է. «Բացարձակ սառը չէի համարի նման ձևակերպումները, որովհետև էսպիսի որոշումները, որոնք շատ կարևոր են հենց Հայաստանի ապագայի և աշխարհում մեր դերի վերաբերյալ, կարծում եմ՝ լայն քննարկումների առիթ պետք է հանդիսանան, և հենց ժողովրդավար պետություններին հատուկ է նման քննարկումներ ունենալը։ Այդ քննարկումները սկսվել են, փորձագիտական շրջանակները, սովորական քաղաքացիներն արդեն խոսում են, և այս խոսակցությունը, վստահաբար, էլ ավելի մեծ ծավալներ կստանա»։