Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Իլհամ Ալիեւն ընդունել է Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիին: Տեղեկատվությունը չափազանց սուղ է. քննարկվել են Բաքվում աշնանը կայանալիք COP29 խորհրդաժողովին միջազգային կառույցների ներգրավման հետ կապված հարցեր: Տարածված լուսանկարից երեւում է, որ կայացել է դեմ առ դեմ հանդիպում, ինչը վկայում է, որ քննարկումները կրել են բացառապես խորհրդապահական բնույթ:
Ցիպի Լիվնին ներկայումս Իսրայելում պաշտոն չի զբաղեցնում, ուստի Կլիմայի հարցերով Բաքվի խորհրդաժողովին միջազգային կառույցների ներգրավման հարցում Ալիեւին աջակցություն կարող է ցուցաբերել միայն անձնական կապերի շնորհիվ: Բայց Իսրայելում, կապված Պաղեստինի խնդրի եւ ընթացող պատերազմի հետ, ներքաղաքական իրավիճակը լարված է:
Ո՞ւմ բանագնացն է Իսրայելի արտաքին գործերի նախարարը, ներկայացրել է ընդդիմությա՞ն մոտեցումները, թե՞ գործող վարչապետի անունից ինչ-որ ուղերձներ է փոխանցել Ալիեւին: Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, մեղմ ասած, չի վայելում Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեհաճությունը: Վերջին օրերին նրանք դարձյալ «սիրալիրություններ են փոխանակել»:
Ալիեւը նույն գծի մե՞ջ է: Ցիպի Լիվնին վերջերս մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Մյունխենում է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւը: Նրանք ոչ պաշտոնական հանդիպում ունեցե՞լ են: Ի՞նչ ազդեցություն ունի Ալիեւը Իսրայելի ներքաղաքական կյանքում: Հայտնի է, որ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը տեւական ժամանակ Ադրբեջանի շահերի հիմնական լոբբիստն է եղել:
Լիբերմանը հանդես է գալիս Նաթանյահուի քաղաքական ուղեգծի քննադատությամբ: Նաթանյահուն բարդ հարաբերություններ ունի նաեւ Միացյալ Նահանգների նախագահի հետ, իսկ առհասարակ Իսրայելը կանգնած է չափազանց դժվար որոշում կայացնելու հրամայականի առաջ: Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Ադրբեջանը, եթե տարեսկզբից Ալիեւը հայտարարել է, որ կանգնում է «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջին շարքում»-իսկ արտգործնախարար Բայրամովը պարբերաբար մասնակցում է Իսլամական համերաշխության կազմակերպության խորհրդաժողովներին:
Դատելով Իսրայելի ներքաղաքական իրավիճակի մասին միջազգային մամուլի հրապարակումներից, գրեթե միանշանակ է, որ Նաթանյահուի ժամանակն սպառվում է, երկրում սպասվում են խորհրդարանական նոր ընտրություններ: Վերջին օրերին մի քանի քաղաքներում այդ պահանջով ցույցեր են անցկացվել: Իսրայելում անցած տասնամյակներին ձեւավորվել է ծագումով Ադրբեջանից ներգաղթյալների «քաղաքական թիմ»: Ի՞նչ կապեր ունի նրանց հետ Իլհամ Ալիեւը:
Արդյոք Ցիպի Լիվնին պատրաստվու՞մ է խորհրդարանական ընտրություններ նշանակելու դեպքում մասնակցել կամ մտադի՞ր է դաշինք կազմել որեւէ այլ ուժի հետ: Նույն օրն Իլհամ Ալիեւը ընդունել է նաեւ Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերին: Որեւէ կապ կա՞ վերջինիս եւ Ցիպի Լիվնիի Բաքու համաժամանակյա այցերի միջեւ:
Տպավորությունը, որ Ալիեւն արեւմտյան հանրության կողմից «չի ընդունվում»՝ խիստ չափազանցված է: Բաքվում կազմակերպվող միջազգային միջոցառումների բնույթը եւ հաճախականությունը, հեղինակավոր գործիչների եւ Իլհամ Ալիեւի խորհրդապահական հանդիպումները հուշում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նաեւ լրացուցիչ ռեսուրներ է ներգրավում: Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարարի հետ նրա բանակցությունները կարող են նաեւ նման «հետագիծ» ունենալ:
Բաց մի թողեք
Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
Ինչ է կատարվում Իրանում, ով է գլխավորը