22/11/2024

Երկրի անվտանգության հարցերը ձեզ չեմ մատուցի, որ քաղաքական շահերով բեմադրություններ անեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա, կա համաձայնություն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և կա ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար նույնպես պետք է հիմք լինի այդ հռչակագիրը:

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որ այս հատվածը Հայաստանինն է, այն հատվածը՝ Ադրբեջանինը. «Իմ ասածը նշանակում է, որ ոչ թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր սահման է ստեղծվել, այլ նշանակում է Խորհրդային միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»:

Վերջինս նաև արձագանքեց Մանուկյանի այն դիտարկմանը, թե Կառավարության ղեկավարին թվում է, որ կարող է ոտքի վրա որոշել ու պատգամավորներին արգելել իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել. «Ես գիտեմ իմ լիազորությունները, կարողանում եմ կայացնել որոշումներ և կայացնում եմ դրանք իմ լիազորությունների շրջանակներում, ես չեմ կարող սահմանափակել որևէ պատգամավորի գործունեություն, բայց կարող եմ սահմանել որոշակի տրամաբանության կարգ: Եթե ձեզ թվում է, որ Կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրը պետք է մատուցի ձեզ, որպեսզի դուք ձեր նեղ քաղաքական շահերի շուրջ իրականության հետ աղերսներ չունեցող բեմադրություններ ներկայացնեք, դուք սխալվում եք»: