ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ոչ ոք չի խոսում տարածքներ տալու և վերցնելու մասին։
«Մենք սահմանազատում ենք։ Հայաստանի՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրաս ու Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները, որը մինչ այս պահը շփման գիծ է, մենք շփման գիծը վերածում ենք սահմանի։ Երբ ասում ենք՝ շփման գիծ, հասկանում ենք կրակոց, երբ ասում ենք՝ սահման, հասկանում ենք խաղաղություն, սահմանապահներ, ոչ զինված ուժեր»,- նշեց նա։
Այնուհետև նա շարունակեց․ «Կա շփոթ, օրինակ՝ Բաղանիսի դեպքում Բաղանիսի դիմացը Բաղանիս Այրումն է, շատ երկար տարիներ, դեռ ԽՍՀՄ տարիներին այս գյուղերը միախառնված ապրել են՝ շատ դեպքերում չիմանալով, թե որ գյուղի վարչական սահմանը որտեղ է ավարտվում ու որտեղ սկսվում։ Դա դարձել է ռումբ երկու պետությունների միջև մեկ այլ երրորդ պետությունների շահերի սպասարկման համար։ Այն պայթել է, և մենք հիմա սահմաններ ենք գծում ու շփման գիծը վերածում սահմանի, կառուցում ենք միջազգային իրավական պատ, որ երբ սահմանից այն կողմ կրակոց գա, կամ ռիսկ լինի դեպի ՀՀ-ի կողմը, կարողանանք օգտագործել միջազգային լծակները»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դեռևս 44-օրյա պատերազմից հետո ՀՀ սուվերեն տարածքները օկուպացնելուն, Հովհաննիսյանը նկատեց՝ այստեղ ևս պետք է գնալ սահմանազատման ճանապարհով․ «Երբ խոսք է գնում՝ դուք տալիս եք, դուք հանձնում եք, ես ասում եմ՝ Բաղանիս Այրում, Աղաշ, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերը երբեք չեն եղել ՀՀ սուվերեն տարածքի գյուղեր, հետևաբար ինչը մերն է՝ մերն է, ոչ ոք չի կարող հանձնել»։
Չխճճելու համար կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը՝ այն, ինչ գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս ՀՀ է, այն, ինչ դուրս է գտնվում, ուրեմն դուրս է գտնվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Բաց մի թողեք
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է