Մարտի 16-ին, ելույթ ունենալով Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկան միջազգային հավաստագրում ունեցող բուհեր և այդ իսկ պատճառով ակադեմիական քաղաքի ծրագիրն այդքան կարևոր նշանակություն ունի։
«Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»,- ասել է նա։
Սակայն այս հայտարարությունից ընդամենը տասն օր առաջ՝ մարտի 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել էր միջազգային հավաստագրման վերահաստատում առավելագույն ժամկետով։
Հայաստանի ամերիկյան համալսարանը դեռ 2006 թվականին էր ստացել հավաստագրում WASC Senior College and University Commission (WSCUC) ամերիկյան ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։ Այս տարի այն վերահաստատվեց արդեն երկրորդ անգամ։
Հատկանշական է նաև, որ ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։
Համալսարանի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունից տեղեկանում ենք, որ այս հավաստագրումը ստացել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Սթենֆորդի համալսարանը, Բերկլիի համալսարանը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանը, սակայն, միակ հավաստագրված համալսարանը չէ ՀՀ-ում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ևս այս տարի ստացել է միջազգային հավաստագրում։ Ըստ համալսարանի պաշտոնական կայքի՝ ԵՊԲՀ-ի «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլիալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը փետրվարի 6-ին ստացել են WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով: Այն բժշկական համալսարանին է շնորհվել NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն աղավաղում է փաստերը՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ առանց ակադեմիական քաղաքի ՀՀ-ում ոչ մի բուհ չի ունենա միջազգային որակ և հավաստագրում։
Արփինե Հովհաննիսյան; fip.am
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»