26/12/2024

«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին չհիմնավորված մեղադրանքների համար

Ռուսական «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում արված հայտարարությունների համար Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին։

Իր Telegram ալիքում Ձյադկոն «հայկական հետքի» մասին հայտարարությունն անվանել է «չհիմնավորված» և ընդգծել, որ դրանք հնչեցրած անձը նախքան եթեր դուրս գալը նման բան չի ասել նախնական հարցազրույցի ժամանակ:

«Երբ մենք լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծել է, որ սա առանց ապացույցների մեղադրանք է, այնուհետ իրենք նշված անձի խոսքը հանել են եթերից և կտրել այդ հատվածը հեռարձակումից։

«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ նման չհիմնավորված մեղադրանքներ են հնչել «Дождь»-ի եթերում»,- գրել է Ձյադկոն։

Մարտի 22-ին հեռուստաալիքի եթերում որպես ահաբեկչության ականատես ներկայացած տղամարդը և Էմին անունով Crocus-ի աշխատակիցը կարծիք են հայտնել, թե «այն, ինչ տեղի է ունեցել, կարող է հայկական հետք ունենալ»։

Տղամարդկանցից մեկը ներկայացել է որպես «Crocus» ձայնային ռեժիսոր, նա նշել է, որ ինքը ծագումով ադրբեջանցի է, ինչպես «բոլոր նրանք, ովքեր աշխատում են Crocus City Hall-ի սեփականատեր, գործարար Արազ Աղալարովի համար։ Նրա խոսքով, երբ հարձակումը սկսվել է, ինքը «զինյալների բղավոցների մեջ պարզորոշ ճանաչել է հայերենով տարբեր հայհոյանքներ»։

Հեռուստաալիքի հաղորդավարն այնուհետ ընդգծել է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող հաստատել դա, և դեռ ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն այս հայտարարություններն անվանել է «վրդովեցուցիչ» և խորը մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ։ Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ նման տեղեկատվությունը նպատակ ունի Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրել։

Մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ։

ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։

Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։