27/07/2024

Crocus City Hall-ի սեփականատեր, ադրբեջանցի Աղալարովին կպատժե՞ն․ Մոսկվայում, թե՝ Բաքվում

Crocus City Hall է այցելել Crocus Holding-ի սեփականատեր, ռուսաստանցի ադրբեջանական ծագմամբ միլիարդատեր Արազ Աղալարովը: Պաշտոնապես հաստատվեց, որ ահաբեկչական հարձակման ենթարկված համերգասրահի սեփականատերը նա է:

Նրան ուղեկցել է որդին՝ շոումեն Էմինը: Աղալարովը հայտարարել է, որ տեղի է ունեցել «մարդկային մեծ ողբերգություն»: Ուշագրավ է, որ նա համերգասրահի անվտանգության ծառայության աշխատակիցներին անվանել է «անզեն հսկիչներ» եւ բացահայտել, որ նրանցից մեկն «սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել»: Տուժածների մասին տարածված հայտարարության մեջ նշված էր նաեւ ադրբեջանցի տղամարդու անուն, որի մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ «ամենայն հավանականությամբ նա ՌԴ քաղաքացի է»:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ի՞նչ ընթացք կունենա քննությունը՝ այլ խնդիր է: Արեւմտյան մամուլում, հղում անելով տարածված տեսանյութերի մասնագիտական ուսումնասիրություններին, տեսակետ է տարածվել, որ զոհվածների մեջ տասնյակ մարդիկ կան, որոնց կյանքը պետք է փրկվեր, եթե Grogus Sity Hall-ը կառուցված լիներ նման շինությունների համար աշխարհում ընդունված հակահրդեհային եւ անվտանգային այլ համակարգերի համար ընդունված ստանդարտներին համապատասխան: Հատկապես նշվում է, որ մի քանի հազար մարդու համար նախատեսված սրահի տանիքում պարտադիր պետք է տեղադրված լինեին հրդեհաշիջման ջրի պաշարներ, ինչպես նաեւ գազի, թունավոր նյութերի արտանետման «պատուհաններ»:

Տեսագրություններից արեւմտյան մասնագետները եկել են եզրակացության, որ Արազ Աղալարովի կառուցած համերգասրահը, որին կից գործում էին նաեւ զվարճանքի եւ առեւտրի կենտրոններ, չի ունեցել ոչ հրդեհաշիջման, ոչ թունավոր գազերի ավտոմատ արտանետման պատուհաններ: Նրանց դիտարկմամբ՝ շինարարությունը, հատկապես ներքին հարդարումն իրականացվել է չինական էժան շինանյութերով, որ, ի տարբերություն եվրոպականի, ամենեւին էլ հրակայուն չեն: Crocus City Hall-ը կառուցվել է 2009 թվականին, բայց առայսօր, ըստ արեւմտյան աղբյուրների, պետական լիարժեք գրանցում չունի: Ըստ էության, դա ստվերային բիզնեսի օբյեկտ է, ինչից կարելի է ենթադրել, որ Արազ Աղալարովի մոսկովյան-ռուսաստանյան-ադրբեջանական «իմպերիան» գործում է , մեղմ ասած, օրենքի շրջանցմամբ:

Ողբերգությունից գրեթե երկու օր է անցել, պատկան մարմինները պետք է որ առաջին շոկը հաղթահարած լինեն, ինչպես նաեւ՝ մամուլը, բայց Արազ Աղալարովին հասցեագրված որեւէ հարցադրում դեռեւս չի արվել: Ընդհակառակը, նա ինքն է հավանական կասկածները ցրել եւ պնդել, որ ահաբեկիչները համերգասրահ են մտել «ոչ թե մուտքից, այլ՝ հարեւան շինության տանիքից»: Իսկ թե ինչու՞ հազարավոր մարդկանց համար նախատեսված սրահն ունեցել է մուտքի եւ ելքի միայն մեկ շարժասանդուղք կամ ինչու՞ հրդեհաշիջման եւ թունավոր գազերի արտանետման ավտոմատ համակարգեր չեն տեղադրվել՝ այդ մասին նա, բնականաբար, լռել է:

Արեւմտյան փորձագետները տարակուսած են, թե ինչպես է Grogus Sity Hall-ը շահագործվել՝ չունենալով համապատասխան մարմինների թույլտվությունը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանում յուրաքանչյուր մանր ձեռնարկատեր «տարեկան երկու անգամ ենթարկվում է օրենքով նախատեսված ստուգման եւ տուգանվում, եթե հակահրդեհային բալոնը տեղում չի լինում կամ ճանաչվում է ժամկետանց»: Իրոք որ չափազանց արտառոց է: Ըստ այդ աղբյուրների, նման դեպքերում շինությունը պետք է ավտոմատ հոսանքազրկվի, որպեսզի էլեկտրագծերը լոկալ հրդեհների պատճառ չդառնան: Դա նույնպես տեղի չի ունեցել: Այն դեպքում, երբ Արազ Աղալարովը մասնագիտությամբ «բազմագիծ էլեկտրահաղորդուղիների ինժեներ» է:

Տեղեկությունը՝ տեղեկություն, տարակուսանքը՝ տարակուսանք, բայց ինչու՞ խոսք անգամ չկա Crocus City Hall -ում կամ շինության ավերակներում ինժեներա-տեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Ահաբեկիչնրի կրակոցներից, ըստ տեղեկությունների, սպանվել է «շուրջ վեց տասնյակ մարդ»: Մյուսները մահացել են թունավոր գազից, դարձել հրդեհի, խուճապի հետեւանքով զանգվածային հրմշտոցի, խեղդոցի զոհ: Եթե այս տեղեկությունը ճիշտ է կամ գոնե մոտ է իրականությանը, ապա ստացվում է, որ տասնյակ ռուսաստանցիների մահվան պատճառն Արազ Աղալարովն է, ՌԴ պատկան մարմիններն են, որ աչք են պահել պետական գրանցում չունեցող համերգասրահի ավելի քան տասնհինգամյա ապօրինի շահագործման հանդեպ: Ըստ երեւույթին, դա քաղաքական որոշում է: Եւ ռուսաստանցիները չպետք է հույս ունենան, որ Արազ Աղալարովը կպատժվի: Նա պուտինյան համակարգի մարդն է: Բայց համակա՞րգն է նրան կառավարում, թե ինքը՝ համակարգի՞ն:

Բաքվի մերձիշխանական haqqin.az-ը տարածել է «Կրոկուս սիթի հոլի» սեփականատեր Արազ Աղալարովի երկրորդ հայտարարությունը, բայց՝ առանց նշելու որեւէ աղբյուր, ինչից տպավորություն է ստեղծվում, թե դա արվել է հատուկ ալիեւյան քարոզչամիջոցի համար կամ կազմակերպել է հենց վերջինս: Ցանկացած տեղ, եթե կամուֆլյաժով մարդի ավտոմաքենայից դուրս են գալիս չորս «Կալաշնիկով»-ներով եւ սկսում բոլորին գնդակահարել, ապա պետք է հաշիվ տանք մեզ, որ ոչ մի անվտանգության ծառայություն…դա ռազմական գործողություն է: Ի՞նչ կարող է անել անվտանգության ծառայությունը,- ասել է Աղալարովը:

Նա, բնականաբար, ժխտել է արեւմտյան մամուլում մասնագետների գնահատականները եւ պնդել, որ շենքում հակահրդեհային համակարգը գործել է, հենց դրա շնորհիվ է, որ վեց ժամ տանիքը չի փլվել, եւ մարդիկ սրահից հեռանալու հնարավորություն են ունեցել: Աղալարովը, սակայն, հերքել է երեկ երեկոյան արված հայտարարությունը, որ անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը զոհվել է: Նա ասել է, որ «մի աշխատակից ,համարվում է անհայտ կորած, մյուսը վիրավոր է»: Ըստ երեւույթին, Աղալարովին սկսել են տհաճ հարցեր տալ: Բայց եթե նրա տեղեկությունը ճիշտ է, եւ ահաբեկիչները մեքենայից իջնելուց հետո սկսել են «բոլորին գնդակահարել»՝ ապա ինչու՞ է նա երեկ երեկոյան ասել, որ նրանք ոչ թե մուտքից են շինություն մտել, այլեւ՝ հարեւան «կառույցի տանիքից»: Իսկ եթե ահաբեկիչները հենց առաջին վայրկյանից կրակ են բացել, ապա անվտանգության ծառայության աշխատակիցներից պետք է որ զոհեր եւ վիրավորներ լինեին:

«Ի՞նչ կարող է անել անվտանգության ծառայությունը…Դա ռազմական գործողություն է»՝ Աղալարովի ասածից հետեւում է, որ «Կրոկուս սիթի հոլի» անվտանգության ծառայությունը ոչ մի դիմադրություն ահաբեկիչներին չի ցուցաբերել: Բայց դա երեւույթի մի կողմն է: Աղալարովը որպես եփականատեր համերգասրահի անվտանգության համար իրավական պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ գործառույթը, ինչպես հենց ռուսաստանյան մամուլն է վկայում, պայմանագրային հիմունքներով վերապահված է մասնավոր պահնորդական ընկերության, որի սեփականատերն, ի դեպ, նախկին բաքվաբնակ ադրբեջանցի է: Աղալարովն ինչու՞ է նրան ապահովագրում:

Աղալարովն արդեն հայտարարել է, որ համերգասրահը «կվերակառուցվի»: Ըստ տեղեկությունների՝ շինությունն ապահովագրված է, բայց ինչպե՞ս, եթե այն պետական համապատասխան գրանցում չունի: Աղալարովը նույնիսկ պետական սուբսիդիա ստանալու հեռանկար է տեսնում: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վկայում են, որ Էմին Աղալարովի եւ Իլհամ Ալիեւի ավագ դստեր՝ Լեյլայի ամուսնալուծությունը «բիզնես-գործարք է»: Ամուսնալուծվելով՝ Լեյլա Ալիեւան «դարձել է «Կրոկուս հոլդինգի» բաժնետեր»: Ի՞նչ մասնաբաժնով՝ հայտնի չէ: Ու՞մ է իրականում պատկանում «Կրոկուս  սիթի հոլը»: Արազ Աղալարովի՞ն, թե՞՝ Իլհամ Ալիեւի ընտանիքին: Եւ եթե Աղալարովին սկսել են կամ կարող են տհաճ հարցեր ուղղել, ապա պատասխանի ո՞ր բաժինն է Իլհամ Ալիեւինը: