ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջը ժամանակ առ ժամանակ հայտնում է ՀՀ ընդդիմության որոշ ներկայացուցիչների՝ Իրան կատարած այցերի, տեղի հասարակական-փորձագիտական շրջանակների հետ հանդիպումների մասին, որոնց օրակարգում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են ու ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը։
Վերջերս Իրան են այցելել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը։
Ավելի վաղ էլ Թեհրանի Հայոց թեմի հրավերով Իրան էր մեկնել մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Աննա Մկրտչյանը։ Իրանում հայ համայնքը ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ-ում ընդդիմության, մասնավորապես ՀՅԴ-ի քաղաքական վարքագծին ու գործողություններին՝ civic.am-ը հարցրեց Թեհրանում բնակվող իրանագետ Սահակ Շահմուրադյանին։ Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Ցավոք, Իրանում ՀՅԴ սակավաթիվ խմբակցության տեղի մարմինները խիստ բացասական և ոչ կառուցողական մոտեցում ունեն Հայաստանի պետականության և իշխանությունների նկատմամբ և դրսից յուղ են լցնում Հայաստանի կեղծ ընդդիմության կրակի վրա։ Համայնքային հասարակական կառույցները և միակ տպագիր հայերեն դաշնակցական օրաթերթը գտնվում են ՀՅԴ խմբակցության ինքնակոչ ղեկավարության վերահսկողության տակ, և վերջիններս փորձում են, մանիպուլյացիայի ենթարկելով հասարակական կարծիքը, ժողովրդի միտքը շեղել Հայաստանի իշխանությունների կողմից երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու ուղղությամբ տարվող իրական ջանքերից և կոռուպցիայի դեմ պայքարից։
Ցավոք, համայնքում չկա համատեղ ձևավորված իրական ընդդիմություն ընդդեմ ՀՅԴ-ի, որը անկողմնակալ, իրական ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի այցելել Իրան և հանդիպումներ ունենալ իրանական քաղաքական վերլուծական-փորձագիտական շրջանակների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հայ համայնքի հետ։ Նման այցերն ու հանդիպումները միտումնավոր ձևով կազմակերպվում են միայն ՀՅԴ-ական կառույցների կողմից, և հրավիրվում են միայն կուսակցական և կամ ծայրահեղական ընդդիմության ներկայացուցիչներ, իսկ այդ այցերի հետևանքներն իրոք ավերիչ ազդեցություն են թողնում հայ-իրանական, Հայաստան-իրանահայ համայնք հարաբերությունների վրա։ Իրանի ՀՅԴ խմբակցության անպատասխանատու մարմինները նույնիսկ արգելում են Սփյուռքի հանձնակատարի կամ նրա ներկայացուցիչների այցն Իրան, ավելին, նրանք համայնքի կառույցներից պահանջեցին ներկայացուցիչ չուղարկել 2022-ին Հայաստանում տեղի ունեցած՝
Համաշխարհային հայկական գագաթնաժողովին»։ Շահմուրադյանի բնորոշմամբ՝ երբ ՀՀ «կեղծ ընդդիմության» և մասնավորաբար ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները գալիս են Իրան, նրանց հանդիպումները սահմանափակվում են իրենց կուսակցական նեղ շրջանակի ներկայացուցիչների հետ, հայ համայնքի մեծամասնությունը չի մասնակցում կամ չի հրավիրվում մասնակցելու նման հանդիպումների։ «Փաստորեն, երբևէ տեղի չի ունենում հայ համայնքի հետ որևէ առողջ և անկողմնակալ երկխոսություն։ Իրանի ՀՅԴ խմբակցության նյութական և քաղաքական շահերը փոխկապակցված են Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի և նախկին կոռումպացված (այժմ կործանված) չակերտյալ խմբիշխանության շահերի հետ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՅԴ կոչվող կառույցի և դրա գործունեության մասին»։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար