Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր փաստացի հանդիսանում են ՀՀ եվրոպական ինտեգրման քարշակը, որի ճանապարհին պետք է ունենան հասարակական, քաղաքական և քաղաքացիական ուժերի աջակցությունը, քանի որ երկիրն այս պահին կանգնած է լրջագույն ռազմավարական ճամփաբաժանի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանախոսները նման կարծիք հայտնեցին Հայաստանի ժողովրդավարական, հասարակական, քաղաքական ուժերի համաժողովին՝ նվիրված ՀՀ եվրոպական ինտեգրմանը։
Բացման խոսքով հանդես եկավ վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և նշելով, որ սա ժողովրդավարական, քաղաքական և քաղաքացիական ուժերի չորրորդ համաժողովն է, որն անց է կացվում սկսած 2022 թվականից՝ վեց ամիսը մեկ անգամ։
Համաժողովին մասնակցելու համար Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ նշելով, որ ՀՀ իշխանություններն այսօր, փաստացի, հանդիսանում են Հայաստանի եվրաինտեգրման քարշակը։
«Մենք՝ դեռ անցած տարի փետրվարին այս ձևաչափով հավաքված քաղաքացիական և քաղաքական ուժերս, հատուկ հայտարարել ենք, որ Հայաստանը դեպի եվրաինտեգրում տանելու ճանապարհին աջակցելու ենք իշխանություններին՝ մնալով, իհարկե, մշտական քննադատը բոլոր այն թերությունների ու խնդիրների, որոնք մենք տեսնում ենք թե՛ որպես քաղհասարակություն, և թե՛ որպես ընդդիմադիր քաղաքական ուժեր»,- ընդգծեց Խուրշուդյանը։
Համաժողովին մասնակցող բանախոսների թվում էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, ով նշեց, որ ներկայում Հայաստանն, իսկապես, լուրջ ճամփաբաժնի վրա է և անհրաժեշտ է կարողանալ հանրությանը ներկայացնել ճիշտ ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը։
«Կարո՞ղ ենք մենք մնալ նույն տեղում, նույն դիրքում․ համոզված եմ, որ ոչ, որովհետև մինչև 2020 թվականը մենք մտածում էինք՝ քանի որ ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, ՀՀ ինքնիշխանության հարց, մենք պիտի մնանք ռուսական ուղեծրում և դրանով պաշտպանենք մեր ինքնությունը։ Ոչինչ, որ տնտեսության առումով հետամնաց կլինենք, ոչինչ, որ որոշակի խնդիրներ կլինեն մարդու իրավունքների և այլնի առումով, ոչինչ, որ խնդիրներ կունենանք ՄԱԿ-ում և Արևմուտքում, բայց գոնե Լեռնային Ղարաբաղի առումով մեր խնդիրներն ու մեր հայրենակիցների խնդիրները կլուծենք»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ 2020 թվականից հետո պարզ դարձավ, որ տվյալ խնդրի առումով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության մոտեցումները բացարձակ տարբեր են և չունեն զուգահեռվելու որևէ հնարավորություն։
Բանախոսի կարծիքով՝ Հայաստանն այսօր ունի բանակը վերափոխելու, լուրջ սպառազինություն գնելու, տնտեսությունը ոտքի հանելու և զարգացնելու, հանրային կյանքում քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, իսկ այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն Արևմուտքում։
«Մեր տարածաշրջանի երկրներից Վրաստանը կողմնորոշվել է՝ Միացյալ Նահանգների հետ է, Ադրբեջանը կողմնորոշվել է՝ «Շուշիի հռչակագրով» Թուրքիայի հետ է, և նաև այսօր նրա շահերը համընկնում են Ռուսաստանի հետ, և ինքն այդ ուղղությամբ էլ գործունեություն է ծավալում։ Տարածաշրջանում մնացել ենք մենք, որ պիտի կողմնորոշվենք։ Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, մենք մնում ենք Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին»,- հայտարարեց Սարգսյանն ու հավելեց, որ, սրանից ելնելով, Հայաստանն Արևմուտք գնալուց բացի այլ տարբերակ ուղղակի չունի։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը գտնվում է ռազմավարական շրջադարձի կետում, որն անշրջելի դարձնելու համար բոլորի ջանքերը հարկավոր կլինեն։
«Այս ճակատագրական շրջափուլում Հայաստանը մի կողմից գոյութենական կռիվ է տալիս և հակամարտության կարգավորման համար խաղաղության պայմանագրի հնարավորություններ է փնտրում, մյուս կողմից նաև իր ինքնությունը պաշտպանելու և իր գոյությունն ու հարատևությունը երաշխավորելու փնտրտուքի մեջ է»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այս ամենը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում, և այս օրակարգն անհրաժեշտ է առաջ մղել։
Արման Բաբաջանյանը նկատեց, որ վերջին չորս տարիների զոհերի, տարածքների ու զրկանքների գինը Հայաստանին այսօր կանգնեցրել է պատմական ընտրություն կատարելու առաջ։
«4 տարվա ընթացքում երկու կարևոր ու նաև հիմնարար փաստաթուղթ է ընդունվել, որոնց հեռահար նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է․ մեկը՝ 2021 թվականի «Շուշիի հռչակագիր»-ը, որը հիշատակեց նաև պարոն Սարգսյանը, և երկրորդը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականին կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»,-հիշեցրեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Հայաստանն այս փաստաթղթերին հակադրվում է եվրաինտեգրման ճանապարհով՝ չեզոքացնելով երկիրը կազմաքանդելու նպատակները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում կա նոր դինամիկա, ինչի համար կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոգևորված է։ Միևնույն ժամանակ, նա բարձր գնահատեց հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ կարևորելով վերջինիս դերը տարածաշրջանում կայունություն և խաղաղության հաստատման գործում։
Նա տեղեկացրեց ներկաներին, որ Հայաստանի՝ Եվրաինտեգրման հեռանկարի շուրջ քննարկումները ընթանում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում՝ խոստանալով համաժողովի արդյունքները ներկայացնել կուսակցության վարչությանը։
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»