21/04/2024

Կաշը գնաաաաաց ))) ՝ «էն օրը հերս կանչեց մոտը … հերս պապա ա, պապաաաաա»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ, գործող դերասան Հայկ Մարությանը, ինչպես հայտնի դարձավ, նոր կուսակցություն է հիմնել ու երևի արդեն հայտնի հին կուսակցություններից ջոկվելու համար որոշել է օրիգինալ անուն տալ նորահայտ իր պրոյեկտին՝ «Նոր ուժ»։

Բայց նկատենք, որ Մարությանի հղացումը օրիգինալ է միայն հայ հանդիսատեսի… ներողություն՝ հայ ընտրողի ականջին. նոր, բայց ոչ թե «ուժ», այլ «մարդիկ»՝ «Նոր մարդիկ» անունով մի կուսակցություն էլ, ինչպես հայտնի է, ՌԴ-ում է գործում, որը նախագահի վերջին ընտրությունների ժամանակ սատարում էր ՌԴ հավերժական նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Դուստր» կուսակցությունն այդ, ինչպես և կարելի էր ենթադրել, Պուտինի հերթական պրոյեկտներից է, որի ստեղծման պատճառաբանությունը, ենթադրում ենք, այսպիսին է եղել՝ քանի որ ՌԴ-ում նախագահը չի փոխվում և միշտ նույն հին դեմքն է, իսկ մարդիկ նորության կարոտ են, ապա նրանց ակնկալիքները պետք է բավարարել նոր դեմքեր քաղաքական ասպարեզ ներմուծելով։

Ինչևէ, հանգիստ թողնենք Ռուսաստանն ու դրա քաղաքական կուսակցությունները և վերադառնանք Հայաստան, 2023 թ. Երևանի ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլ. պարոն Մարությանը քանի որ այդ ժամանակ արդեն իսկ առիթ ունեցել է հեգնել իրեն «ռուսական պրոյեկտ» անվանողներին ու կծու հակադարձում-հերքումներով իրենից վանել այդօրինակ զրպարտանքները, հետևապես ձեռնպահ ենք մնում նրա հիմնած «Նոր ուժ»-ին «Նոր մարդիկ» լինելու մեջ կասկածելուց։ Հատկապես, որ «Նոր մարդիկ»-ը լիբերալ, ցենտրիստական ուժ է («Նոր ուժը»՝ ռեֆորմիստական), որի համագումարն էլ, ի դեպ, կայացել է 2020-ի մարտի 1-ին։
Հատկանշական է, որ պարոն Մարությանն իր կուսակցության համագումարը որոշել է հրավիրել 1 թվի հետ կապված մեկ այլ խորհրդանշական օր՝ մայիսի 1-ին, որը, նկատենք, ՀՀ քաղաքացիների մոտ խորհրդային ժամանակների վերհուշն է արթնացնում։ Եվ այդ օրվա խորհրդի հետ կապված մտորումները, չգիտես ինչու, ենթագիտակցորեն գնում, հանգում են… նորից Ռուսաստանին։ Մի պահ «պաուզա» տանք ու վերհիշենք, որ պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Եղան բախումներ ոստիկանության հետ, հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:

20-րդ դարասկզբին շարժումը տեղափոխվեց Ռուսաստան, և արդեն 1891 թվականին Պետերբուրգում կայացավ մայիսմեկյան առաջին ցույցը: Հետագայում, երբ ստեղծվեց ԽՍՀՄ-ը, մայիսի 1-ը նշվում էր որպես մասշտաբային տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով։ Սովետական Հայաստանում տոնն այս սկսվեց նշվել 1919 թվականից, և ամեն տարի այդ օրը երիտասարդներն ու ուսանողները, գիտնականները, մարզիկները երթով շարժվում էին փողոցներով՝ այդ կերպ փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին:

Արդ, «Նոր ուժ»-ը, որի գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է (ծրագրում այդպես է գրված), մայիսի 1-ին ոչ միայն համագումար կանի Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում, այլև «երկուսը մեկում» սկզբունքով կտոնի նաև աշխատավորության օրը։ Ենթադրում ենք, որ պարոն Մարությանը պատկերացնում է, թե ինչ ահռելի պատասխանատվություն է ենթադրում կուսակցապետ լինելը, և թե ինչ տիտանական ջանք ու աշխատանք է իրենից պահանջվելու ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու համար։ Աշխատավորության ու աշխատանքի փառաբանման օրը ձևավորված կուսակցության մուտքը քաղաքական ասպարեզ, այո՛, պետք է աշխատանքի հետ ասոցացվի։ Եվ ուրեմն, ինչպես ազդարարում էր սովետական լոզունգը. «Скорей бы понедельник и снова на работу!»։

Նկատենք՝ դեռ փետրվարին Մարությանը հայտարարել էր, թե կուսակցություն հիմնելով մտադիր է մասնակցել 2026-ի համապետական ընտրություններին և առաջադրվելու է վարչապետի թեկնածու։ «Նոր ուժ»՝ նոր հավակնություններ, փաստորեն։ Մարությանը, նշենք, ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ ստացել էր 43 հազար 797 ձայն կամ քվեների 18.89 տոկոսը, թեև «50+»-ի համոզվածությամբ էր նետվել մրցապայքար։

Ի դեպ, երբ 2018-ին Հայկ Մարությանը ՔՊ-ին անդամագրվեց, այդ մասին օպերատիվ կերպով իրազեկեց հանրությանը՝ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և կից գրառում հրապարակելով. «Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!!
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին! Կաշը գնաաաաաց)))»:

«Նոր ուժ»-ի համագումարը տեսնես ի՞նչ ուղերձով է ավարտվելու՝ «կաշը գնաաաաաա՞ց», թե՞ «տժժում ենք բոլորսսսսսս», քանի որ, ինչպես Մարությանի կատարմամբ հայտնի երգում է հնչում՝ «էն օրը հերս կանչեց մոտը, օֆիսի բալնիքները տվեց, ասեց՝ քո՜նը, ասեց՝ քո՜նը, որովհետև հերս պապա ա, պապաաաաա»։

Նշենք, որ կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 30շ., 35բն.։ Սա այն հասցեն է, որտեղ հաշվառված է Մարությանը։