03/11/2024

Եթե 44-օրյա պատերազմի սադրիչը «բանակցությունները սեփական կետից սկսած» Փաշինյանն էր, ապա ո՞վ է սադրել ապրիլյան պատերազմը

Ապրիլի երկուսը ղարաբաղա-ադրբեջանական «Քառօրյա պատերազմ»-ի տարելիցն է, շատ վերլուծաբանների դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմի «նախերգանքը»։

Այն իմաստով, որ Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում էր բացառապես մեկ ճանապարով՝ պատերազմով՝ ձգձգելով բանակցային գործընթացը, ավելի ճիշտ՝ բանակցությունների իմիտացիա ստեղծելով։ Եվ 2011-ին մերժելով ստորագրել կազանյան փաստաթուղթը և, ինչպես նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր պնդում, գրպանից թուղթ հանելով և 10 նոր առաջարկ անելով՝ Ալիևը ուղերձ հղեց միջազգային հանրությանը՝ ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան պատերազմով ձեռք բերված լուծումն է։ Հենց այդ հավատամքի ու նպատակադրումի արգասիքն էլ 2016-ի կարճատև կամ «հետախուզական» և 2020-ի 44-օրյա պատերազմներն են։

Այսօր՝ քառօրյայից 8 տարի անց էլ նախկին իշխանության քարոզչամեքենան շարունակում է այդ օրերին ծավալված մարտական գործողությունները համարել «հաղթանակ», Ադրբեջանի «մռութին հասցված հարված», այն ուղերձով, թե՝ «ԼՂ խնդիրը զենքով լուծման ենթակա չէ», այսպես էլ, սակայն, չտալով մեկ հույժ կարևոր հարցի պատասխան՝ ինչո՞ւ Ալիևը որոշեց սանձազերծել այն, ո՞ւմ թողտվությամբ և կամ դրդմամբ, եթե կուզեք՝ «դաբրոյով»։ Մինչդեռ 44-օրյա պատերազմի սանձազերծման մեջ նախկին իշխանության պրոպագանդան մեղադրում է օրվա իշխանությանը և վտանգավոր, ընդհուպ զավեշտի հասնող արգումենտներ բերելով, թե՝ բանակցային գործընթացը «սեփական կետից» սկսելով, սադրիչ հայտարարություններ անելով («Արցախը Հայաստան է և վերջ»)՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար «կազուս բելլի» ապահովեց։ Ինչ է սա, եթե ոչ թշնամական քարոզչությանն արված նվեր, Ադրբեջան-Թուրքիա-վարձկան ահաբեկիչներ տանդեմի գործողություններն արդարացնելու հակապետական քայլ՝ պատերազմի մեղքն ու պատասխանատվությունը բարդելով ոչ թե իրական պատասխանատուների, այլ՝ Հայաստան պետության գլխին։ Ի դեպ, եթե ելնում ենք այս կանխադրույթից, ըստ որի՝ 44-օրյա պատերազմը «սադրվել է» իշխանության արկածախնդրության հետևանքով, ապա տրամաբանական հարց է ծագում՝ արդյոք Սերժ Սարգսյանի իշխանությունը նո՞ւյնպես արկածախնդրության է դիմել, դիցուք՝ արել հայտարարություններ, կատարել գործողություններ, առաջադրել պահանջներ, որոնք էլ, ի վերջո, հանգեցրել են քառօրյա պատերազմին։ Սերժ Սարգսյանի թիմից կա՞ մեկը, որն ունի այս հարցի փաստարկված պատասխանը։ Ի դեպ, այս՝ մինչև այժմ առկախված հարցի պատասխանը ստանալու համար քանիցս «օֆ ռեքորդ» ձևաչափում հարց ենք հղել նախկին իշխանության ներկայացուցիչներին, սակայն այդպես էլ չենք ստացել հոդաբաշխ պատասխան։ Հարցադրումը լեգիտիմ է նաև մի շատ էական հանգամանք հաշվի առնելով՝ ինչո՞ւ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն թույլ տվեց, որ տեղի ունենա «քառօրյան», այն տևի չորս օր, ոչ թե, ասենք, մի քանի ժամ կամ մեկ-երկու օր, և ինչ պայմանավորվածության արդյունքում է, որ այն հնարավոր եղավ կանգնեցնել մարտական գործողությունների հենց չորրորդ օրը։ Այս հարցադրումը կրկին ուզում ենք դիտարկել մեկ այլ քարոզչական նարատիվի համատեքստում, թե՝ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ նաև այն պատճառով, քանի որ Նիկոլ Փաշինյանը «փչացրել» էր հարաբերություննները ՌԴ-ի հետ, ասենք՝ օդանավակայանում չէր դիմավորել ՌԴ նախագահ Պուտինին, «Մարտի 1»-ի գործով կալանքի սանկցիա էր տվել ՀԱՊԿ նախկին նախագահ Յու. Խաչատուրովին՝ այսպիսով հեղինակազրկելով ռազմաքաղաքական այդ դաշինքը։ Արդ, ի՞նչ էր արել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից առաջ, ի՞նչ, այսպես ասած, «անհամություն» էր թույլ տվել ՌԴ հանդեպ, որ այդ երկիրը չբռնեց Ալիևի ձեռքն ու չկանխեց քառօրյա պատերազմը։ Այս հարցի պատասխանը նույնպես ածանցվում է վերը բարձրացված հարցից, որի պատասխանը նույնպես չկա։

ՌԴ-ի տեղեկատվական սադրանքը ապրիլյան քառօրյայից առաջ

Ճակատագրի հեգնանքով, Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից շաբաթներ առաջ Մոսկվայում էր և Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»։

Քանի որ հոլովեցինք «անհամություն» բառը, ապա արձանագրենք, որ նման պահվածք պատերազմից շաբաթներ առաջ ցուցաբերվեց հենց ՌԴ-ից, որը, սակայն, ժամանակի ընթացքում կարծես մոռացության տրվեց։ Եվ որքան էլ ջանք գործադրենք հարգելու դաշնակից երկրի «անմեղության կանխավարկածը», դժվար է նման վարքագծին այլ բնորոշում տալ, քան նենգադավն է։ Խոսքն այն մասին է, որ Սարգսյանի մոսկովյան այցին ընդառաջ, մասնավորապես 2016թ. մարտի 9-ին Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հեղինակմամբ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթում հրապարակվեց «Ֆորպոստ՝ հարցականներով։ Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ հակամարտության դեպքում Հայաստանը կհայտնվի առաջնագծում» վերնագրով մի վերլուծական։ Ցնցողն այն էր, որ դրանում հեղինակը ամենայն մանրամասնությամբ տեղեկատվություն էր տրամադրել թշնամի պետությանը ՀՀ-ի զինված ուժերի սպառազինության մասին, թե՝ քանի բանակային կորպուս ունենք, քանի գումարտակ ու բրիգադ։ Ընդհուպ թվաքանակով նշել էր նաև ծանր զրահատեխնիկան, ավիաբազաները, դրանց տեղակայման վայրերը։ Նույն՝ դետալային սկզբունքով էլ վերլուծականի հեղինակը նկարագրել էր ԼՂՀ պաշտպանության բանակն ու դրա սպառազինությունը, ընդհուպ բացահայտել, թե ինչ սպառազինություն ունի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այս՝ այդ օրերին «տեղեկատվական սադրանք» որակված վերլուծականը, որի հեղինակը, ռազմական փորձագետ լինելուց զատ, հայտնի է նաև Կրեմլի, Ռուսաստանի ՊՆ և ռազմաարդյունաբերության համալիրի հետ ունեցած սերտ առնչությամբ, ցավոք, միակը չէր, որ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյային նախընթաց ժամանակաշրջանում։ Դրանից առաջ էլ՝ փետրվարի 18-ին, դաշնակից երկրի պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել Հայաստանին 200 մլն դոլար վարկով տրամադրված սպառազինության մասին։ Չնայած այդ պայմանագրի 10-րդ կետում հստակ նշված էր, որ պայմանագիրը կոնֆիդենցիալ է, սակայն Ռուսաստանի կառավարությունը, բացի այդ պայմանագրից, պաշտոնական կայքում հրապարակեց նաև հավելվածներ, որտեղ կետերով նշված էին բոլոր սպառազինությունների և տեխնիկայի տեսակները:

Հիմարն էլ գլխի կընկներ, որ առանց ռուսական բարձր իշխանությունների գիտության նման տվյալներ չէին հայտնվի որևէ ռազմական փորձագետի ձեռքում, առավել ևս՝ դրանք չէին մշակվի և ուղարկվի հրապարակման։ Տեղեկատվություն, որը ձեռք բերելու համար հակառակորդ երկիրը վստահաբար միլիոններ կվճարեր իր հետախույզներին։ Նկատենք, որ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող մի երկրի կողմից մյուսի վերաբերյալ նման «տեղեկատվական սադրանքը» կարող էր վերածվել միջպետական քաղաքական սկանդալի, սակայն ռուսական կողմի հաշվարկն ու դրա հիման վրա էլ վերլուծականին տրված վերնագիրը՝ «Ֆորպոստ՝ հարցականներով», ճիշտ էր. պաշտոնական Երևանը կարծես ըմբռնումով մոտեցավ տեղի ունեցածին, թեև փորձագիտական հանրությանը «պատվեր» էր իջեցվել քլնգել ռուսաստանցի ռազմական փորձագետին։ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ»-ի հիմնադիրն, ի դեպ, 1990 թվականին Բաքվից Մոսկվա տեղափոխված ազգությամբ ադրբեջանցի Իգոր Աշուրբեյլին է։ Այս հրապարակումից 25 օր անց, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ քառօրյա պատերազմը։ Այսպիսով պետք է արձանագրենք, որ թե սպառազինության, թե այդ մասին Ադրբեջանին տեղեկատվության մատակարարման առումով ՌԴ-ն իր մասնակցությունն է ունեցել ապրիլյան քառօրյային՝ վերազանցելով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում ներգրավված միջնորդ երկրի իր առաքելությունը, այն է՝ զենք է մատակարարել կողմերին՝ այսպիսով ուղղորդելով, հակելով նրանցից մեկին ռազմի ուժով, իր ուզած պարամետրերով հարցը լուծելու տարբերակին։

(Պատերազմին նախորդած ժամանակաշրջանում ՌԴ—ն աջակցել էր Ադրբեջջանի ռազմականացմանը՝ զինամթերք մատակարարելով։ 2010-2016 թթ․Ադրբեջանը ՌԴ-ի հետ կնքել էր 13 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ սպառազինությունների ձեռքբերման՝ մատակարարման վերաբերյալ։ Հատկանշական է, որ 5 միլիարդ դոլարի զենք Ադրբեջանը գնել էր ՀՀ ռազմավարական դաշնակից երկրից, իսկ «եղբայրական» Թուրքիայից՝ 3 միլիարդ դոլարի)։ Ի դեպ, արդեն պատերազմից օրեր անց՝ ապրիլի 6-ին, Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ հանդիպմանը ազատություն տվեց ներսում կուտակված բողոքին. «Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պրոցեսի վրա: Միայն մի բան կարող եմ ասել. այո, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են»: Սերժ Սարգսյանն այնուհետ, որպես սրտի մխիթարանք, հայտարարել էր. «Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում»։