23/12/2024

«Ճվճվ Արո»-ի որդին կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել. նա վարել է խախտումներով, հարվածել ՊՊԾ մեքենային, ոստիկանին

Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին՝ 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման վայրում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ով, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Ս.Վ.-ն, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով, ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ չենթարկվելով լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին և պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին՝ այդ կերպ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։

«Արդյունքում տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն:

Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին՝ Ս․Վ․-ն շարունակել է օրինախախտ վարքագիծ դրսևորել և նկատելով ավտոմեքենայով իրեն հետապնդող ոստիկաններին ու փորձելով խոչընդոտել նրանց գործունեությանը՝ իր կողմից վարվող ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային և վնասել այն:

Այդ ընթացքում փորձելով խուսափել պարեկների հետապնդումից՝ Ս․Վ․-ն Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է:

Այնուհետև շարունակելով խոչընդոտել վերջիններիս օրինական գործունեությանը, նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին և հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հիշյալ Ս.Վ.-ն Սարգիս Վարդանյանն է՝ «Ճվճվ Արոյի»՝ տարատեսակ պատմություններով հայտնի որդի «Սաքուլիկը»:

ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել վերը նշված հանցավոր արարքների համար, հունվարի 26-ին նա կալանավորվել էր: