«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այս խորագրով և այն իրականություն դարձնելու մեծ պատրաստակամությամբ «Իմ ուղին» ցերեկային կենտրոնն այսօր՝ ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել։
Մանկական պարզությամբ, ուրախ տրամադրությամբ կենտրոնի սաները վաղ առավոտից հավաքվել էին, պատրաստվում էին միջոցառմանը: Յուրաքանչյուրը սրտի թրթիռով սպասում էր, որ ելույթ ունենա, լսի ողջույնի խոսքեր ու ծափահարության ձայներ:
Ի սկզբանե ծնողները իրենց ուժերով հիմնել են հասարակական կազմակերպություն, այն անվանել «Հաղթահարիր աուտիզմը», հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այն դարձել է «Աուտիզմի ազգային հիմնադրամ»։
Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շենքը պետությունն անհատույց է տրամադրել, այժմ այն 60 աշխատակից ունի, շուրջ՝ 200 շահառու։ Մեծ կենտրոնի երկու տարբեր մասնաշենքերում մեկուկես տարեկանից մինչև 30 և ավելի բարձր տարիքի սաներ են հաճախում։
«Իմ ուղին» ցերեկային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Հարությունյանն ասում է՝ ծնողները գալիս են, այստեղ թողնում իրենց երեխաներին, երեկոյան վերադառնում, որ տուն տանեն, իսկ այդ ընթացքում աուտիզմ ունեցող երեխան մասնակցում է ամենատարբեր թերապիաների:
«Կավաթերապիա, սպորտ, երաժշտական թերապիաներ ունենք, դասընթացներ կան նաև շունիկների հետ, նկարչությամբ են զբաղվում, կան լոգոպետներ։ Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների սոցիալիզացիային․ թատրոն ենք գնում, համերգների, կենդանաբանական այգի»,- մանրամասնում է նա:
Կենտրոնը գործում է 2015 թվականից, ստանում պետական աջակցություն, այն Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների ուշադրության կենտրոնում է:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, ավանդույթի համաձայն, ամեն տարի նշում են, յուրաքանչյուր տարվա միջոցառումը՝ նվիրում սաներից մեկին:
«Անցյալ տարի աջակցեցինք երկու երեխաների, տատիկն էր նրանց մասին հոգ տանում, այս անգամ հուսանք՝ կկարողանանք օգնել երկու եղբայրներին, որոնք ԼՂ-ից են բռնի տեղահանվել, հիմա բնակվում են Էջմիածնում»,- նկատում է փոխտնօրենը:
Նպատակն այն է, որ աուտիզմ ունեցող 9 տարեկան Միքայել Պողոսյանը և նրա կրտսեր եղբայրը՝ Դավիթը, Էջմիածնից կարողանան հասնել կենտրոն: Հարությունյանի խոսքով՝ դրա համար տաքսի ծառայություն է հարկավոր։ Հաշվարկել են, որ եթե երեխաները մեկ տարի տաքսու միջոցով գան կենտրոն ու հետ վերադառնան, ճանապարհածախսը ընդհանուր առմամբ կկազմի 408 հազար դրամ։
Կենտրոնի սաների կողքին գտնվելու, նրանց աջակցելու համար միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Կենտրոնի երեխաները ուրախությամբ դիմավորեցին առաջին տիկնոջը։ Նրանցից մեկը մեծ ոգևորությամբ Աննա Հակոբյանին հայտնեց, որ ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և նախապատրաստվում է քննություններին։
Այնուհետև կենտրոնի մեծ ու փոքր սաները հանդես եկան երաժշտական կատարումներով: Ազնավուրյան երգերով, ջութակի նվագակցությամբ նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին միջոցառման կարգախոսը, այն է, որ «մեզ նման չեն, բայց մեզնից մեկն են»։
Փոքրիկ Ալենն ու Ալեքսը, երգելով «Զատիկի» մասին երգ, կատարումից հետո ներկաներից հետաքրքրվեցին, թե արդյոք լա՞վ հանդես եկան։
«Իմ ուղին» ցերեկային կենտրոնի երեխաները մասնագետների օգնությամբ նաև տարբեր իրեր էին պատրաստել, գեղեցիկ գունագեղ լուծումներով նկարներ, ականջօղեր և այլն: Շահառուների ձեռքի աշխատանքներից ստացված ողջ հասույթը ուղղվելու է դրամահավաքին։ Աշխատանքներին ծանոթացավ նաև Աննա Հակոբյանը՝ նկատելով. «Պետք է շատ աշխատել, որ ավելի շատ օգուտ լինի կենտրոնին»:
Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ կրկին կհանդիպեն, բազմաթիվ հարցեր կքննարկեն ու դրանց կտան լուծումներ:
Բաց մի թողեք
Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը
Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի
Սկսվում է բուհերի ընդունելության միասնական քննությունների I փուլի հայտագրման գործընթացը