Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։
Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։
Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ էին որոշել բեմադրել այս պիեսը, երկու անգամ այլ անվանումով խաղալուց հետո, հիմա որոշվել է նոր տարբերակով ներկայացվել։
«Հասկացանք, որ շատ մարդիկ կարծում էին, թե բեմում տղամարդկանց մերկապար է ներկայացվում, բայց այդպիսի բան չկա, հակառակը` արժեքների ու այլ բարձր, կարևոր ու առաջնային գաղափարների մասին է ներկայացումը, որը հանդիսատեսը կտեսնի գալով։ Մենք նաև սցենարային մի քանի փոփոխություններ ենք արել՝ ելնելով նրանից, թե հատկապես ինչի՞ն է արձագանքում հանդիսատեսը, ի՞նչն է ընկալելի եւ հասկանալի, իսկ ինչը՝ ոչ։ Հիմա շատ ավելի մանրամասն ենք աշխատել բառերի եւ ներկայացման ընթացքի վրա», – նշում է ռեժիսորը։
Ներկայացման դերակատարներն են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Ձեւավորման և զգեստների հեղինակը նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է։
Շահվերդյանի խոսքով՝ հանդիսատեսի համար դրական հույզերն ապահովված են լինելու, իսկ արծարծվող թեմաները հատկապես հիմա շատ արդիական են․
«Բեմում կտեսնեն այն ամենը, ինչը հիմա մեր շուրջն է։ Ճիշտ է` այնտեղ քովիդով պայմանավորված են մնացել առանց գումարի և փորձում վաստակել ցանկացած գնով, իսկ կյանքում մարդիկ տարբեր իրավիճակներից ելնելով կարող են հանգել նման մտքերի։ Գումարը կարեւոր է, բայց նա չի կարող դառնալ առաջնային՝ հետ մղելով կարեւոր արժեքները»։
Դինամիկ ինտրիգային ներկայացումը առաջիկայում կլինի նաև Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Բաց մի թողեք
Յուսուֆ Քարշ. 20-րդ դարի մեծագույն դիմանկարիչը. Լուսանկարներ
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ