13/12/2024

Հայտնի են «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի անցկացման ժամկետները. Լուսանկարներ

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։

Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։ Ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնի շրջանակներում այս տարի կկազմակերպվի 5 համերգ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և The Office-ում։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Ասոնանս անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լևոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերը։

Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քեոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լևոն Պողոսյանի և Նարինե Մխիթարյանի գործերը։

Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները։

Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երևան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաևի գործերը։

Իսկ մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար՝ Ակուստիկ լաբորատորիայում։

Մայիսի 16-ին The Office-ում կայանալիք համերգին կմիավորվի էլեկտրոնային և դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի և Անդրիուս Հարությունյանի ստեղծագործությունները:

Հավելենք, որ փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։