27/07/2024

«Տեսակապով փրկիչը» կամ՝ տրիբունալից խույս տվածը խոսում է իր նախկին ղեկավարին «հանրային տրիբունալի» դատին հանձնելու մասին. Կրեմլի հույսը թեհլերյաններն են

– Պարոն գեներալ, կապի ե՞ք։
– Այո, ինձ լսո՞ւմ եք լավ։
– Այո, այո…

Այս երկխոսությունը երկու նախկին պաշտոնյաների՝ Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի և ՀՀԿ-ի ծրագրի հիմնադրույթները գողացած և սեփական ծրագրի անվան տակ հրապարակած, Հայաստանն էլ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելով փրկող նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջև ծավալվեց։ Նկատենք՝ ճիշտ այն օրը՝ ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպում էր տեղի ունենում, և այդ խորհրդանշական (չասենք՝ ճակատագրական) օրը, փաստորեն, Կարապետյանն ու նրա ստեղծած «Համահայկական ճակատը» Երևանի կենտրոնում Հայաստանի փրկության ծրագրի «Пуск»-ն էին ազդարարում։ «Փրկություն», որը, ըստ «ճակատականների», լինելու է ՌԴ-ի միջնորդությամբ և երաշխավորությամբ։

Պաշտպանության նախկին նախարարը, նույն ինքը՝ «տեսակապով փրկիչը» կամ «Արշակ Մոսկովսկին», ինչպես հայտնի է, միակը չէ, որ փրկարարական իր ծառայություններն է առաջարկում, ընդ որում՝ գտնվելով մեկ այլ երկրի տարածքում՝ իր ծառայության անվանման մեջ պարտադիր շեշտելով «հայ» գոյականն ու «համ» նախածանցը։ Նման մի՝ փրկարարական նպատակ հետապնդող կուսակցություն էլ, ինչպես հայտնել ենք, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն է ստեղծել՝ «Հայոց Համազգային միասնություն», և մտադիր է դարձյալ հազարավոր կիլոմետրեր հեռվից փրկել «Երկիրը Նաիրյան»։ Փրկությունը, մինչդեռ, այս պահին ոչ միայն ՀՀ-ի ավանդական թշնամի պետություններից պետք է լինի, այլ նաև և առաջին հերթին դաշնակից երկրից։ ՀՀ դաշնակից երկիրը, փաստորեն, իր հողում պատսպարված հայ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից փրկիչներ բուծելիս թեև կիրառում է համահայկականության, համազգայինության գաղափարը, սակայն հոգում է, որպեսզի նրանք համախմբված չլինեն մեկ պրոյեկտում, այլ այլընտրանքային, բայց նույն գաղափարը հետապնդող տարբեր կազմակերպություններում՝ այսպիսով կիրառելով «խոսող գլուխների» տեխնոլոգիան՝ որքան շատ բերաններ աղաղակեն Հայաստանի կործանման և դրա փրկության հրատապության մասին, այնքան ավելի մեծ վախ կներշնչեն հասարակությանն ու կսրեն փրկվելու նրա հավաքական ինստինկտը՝ ստիպելով դիմել որոշակի գործողությունների։ Այնպիսի, ինչպիսիք կհուշեն փրկության կոչնակ հնչեցնողները։ Հընթացս հիշեցնենք, որ նման մի կոչնակ արդեն իսկ հնչել է Կրեմլի «դենշչիկների» կողմից՝ մասնավորապես 2023-ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի ռուս-ադրբեջանական «զախվատից» հետո, որի ռեզոնանսներին ականատես եղանք Երևանի կենտրոնում՝ Կառավարության շենքի վրա որոշակի խումբ մարդկանց ուղղորդմամբ տեղի ունեցած գրոհներով՝ «Փաշինյանն է հանձնել Արցախը» օրակարգով։

Վերադառնալով կոնկրետ գեներալ Արշակ Կարապետյանին՝ նշենք, որ վերջինս փրկության իր ծրագրի շրջանակներում առաջարկել է ստեղծել «ազգային հպարտության հանրային տրիբունալ», որն էլ պետք է դատ ու դատաստան տեսնի իր նախկին ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որին Կարապետյանն, ի դեպ, մինչև իր պաշտոնանկությունը ողջունում էր «առողջություն եմ մաղթում, պարոն վարչապետ»-ով։ «Տրիբունալը համարում եմ հայ ժողովրդի՝ դավաճանի նկատմամբ արհամարհանքի հրապարակային արտահայտման ձև։ Ես կոչ եմ անում ստեղծել տրիբունալ՝ որպես ժամանակավոր հասարակական միավորում, և այդ տրիբունալի բարձրագույն մարմին հռչակել մեր հայ մեծերին»,- հայտարարել է Կարապետյան ու վրա բերել. «1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց «Նեմեսիս» գործողությունը և գնդակահարեց թիվ մեկ մարդասպան Թալեաթ փաշային։ Գերմանական դատարանն արդարացրել է ազգային հերոսին։ Քանի որ մենք հայ մարդու հետ գործ ունենք, խոսքը գնում է հայի մասին, մենք դեմ ենք հայի արյուն թափելուն, դրա համար անպայման պետք է գտնենք պատժի ձև, որովհետև մեր դատական համակարգը ջուրը լցրած բերանները, սուս նստած նայում են, թե ազգը ոնց է կործանվում»։

Ընթերցողը հավանաբար գլխի ընկավ, թե ինչ նպատակ ուներ պաշտպանության նախկին նախարարի նենգ մանյովրը՝ վկայակոչել հայոց մեջ հերոսացած՝ «Նեմեսիս» օպերացիայի մասնակից վրիժառուի անունը, ընդգծել, որ նա անպատիժ է մնացել, քանի որ ազգային վրեժ է լուծել, ապա ապահովագրել ինքզինքը, թե՝ մենք հայի արյուն թափել չենք պատրաստվում, այլ պատժի այլ տեսակ ենք ուզում նշանակել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա անպատժելի է ՀՀ դատարանների անգործության հետևանքով։ Թալեաթին ու մյուս ոճրագործներին ֆիզիկապես վերացնելու գաղափարը, նկատենք, հղացան «Նեմեսիսի» գաղափարական հայրերը, քանի որ նրանք անհնար էին համարում հայ ժողովրդին ցեղասպանած թուրք պաշտոնյաների նկատմամբ արդարադատության իրականացումը։ Ահա այս մեսիջն է, որն «անմեղ» փաթեթավորմամբ փորձում է տեղ հասցնել Նիկոլ Փաշինյանին մոտիկից ճանաչող, լավ իմացող նրա նախկին ենթական։ Հետաքրքիր է՝ որտե՞ղ կամ ովքե՞ր են այս միտքը՝ հանրային տրիբունալի մասին, հուշել զինվորական Կարապետյանին, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի ընդունարանո՞ւմ, թե՞ հատուկ ծառայությունների սուրհանդակները՝ Կարապետյանի դեմքով «դուխ» տալու ՀՀ ղեկավարի ֆիզիկական ոչնչացումը փափագող պոտենցիալ ոճրագործներին։ Այն է՝ կրկնեք Թեհլերյանի «սխրանքը», երաշխավորում ենք, որ պատասխանատվությունից կազատվեք, քանի որ «դավաճանին» սպանելը համազոր է հերոսության։ Ի դեպ, Արշակ Կարապետյանը (ոսկե մեդալով) ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան. Միխայիլ Ֆրունզեն սովետական ռազմական-պետական գործիչ էր, «Համառուսաստանյան կենտրոնական կոմիտեի» անդամ: Երևի Կարապետյանը շատ է ներշնչվել «կարմիր հրամանատարի» կերպարով և որոշել է ՀՀ-ում անել այն, ինչում Ֆրունզեն ներգրավված էր 20-րդ դարասկզբի Ռուսաստանում՝ ահաբեկչություն, ցարիզմի տապալում, իշխանության զավթում… Միայն թե, եթե Ֆրունզեն գործուն մասնակցություն ուներ այդ ամենում, ապա Կարապետյանը բավարարվում է վիրտուալ մասնակցությամբ։

Հարկ է նկատել, որ Ալիևի գրպանային կայքերից մեկը անտարբեր չի մնացել Կարապետյանի գլխավորությամբ գործող կուսակցության համագումարի և անձամբ նախկին նախարարի անձի նկատմամբ և վերլուծական է «ձոնել» իշխանափոխություն անել փորձող ռուսական հերթական պրոյեկտին։ Այս հոդվածի մասին չէինք իմանա, եթե Կարապետյանի PR-ն իրականացնող տեղական կայքն իր հերթին մի «սրտնեղված» հրապարակում չնվիրեր ադրբեջանական կայքի վերլուծությանը.

«…Թշնամին ևս փորձել է ցեխ շպրտել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա՝ ընդ որում, օգտագործելով բացառապես փաշինյանական քարոզչության նարատիվները։ Առաջատարն այդ առումով, իհարկե, Բաքվի վարչախմբին ամենամոտ կանգնած պարբերականի՝ «Հաքքին.ազի» վերլուծականն է, որտեղ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քարոզչամիջոցների կեղտոտ տեղեկությունները՝ Արշակ Կարապետյանին են վերագրել քայլեր և արտահայտություններ, որոնք բազմիցս հերքվել են»։ Արդ, ի՞նչ «կեղտոտ տեղեկություններ» է օգտագործել ադրբեջանական կայքը, որոնք գեներալի քարոզչությանը լծված հայկական կայքը վերագրում է «Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քարոզչամիջոցներին»։ Պարզվեց՝ խոսքն այն տեղեկության մասին է, որը հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում (https://civic.am/politics/139155-nikol-pashinyan-arshak-karapetyan.html)՝ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, չի զեկուցել, ավելի ճիշտ՝ կեղծիք է զեկուցել իր ղեկավարին 2021 թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված ներխուժումների մասին։ Ի դեպ, այս բացահայտմանն իր հերթին արձագանքելով՝ Կարապետյանը հավաստիացրել էր, որ իրոք երկրում չի գտնվել այդ ներխուժման ժամանակ, այլ (https://civic.am/politics/140116-arshak-karapetyan-rd-ic-jakat-hayastani-dem.html) «ըստ իրա (Փաշինյանի-խմբ.) հրամանի գորձուղվել եմ (ձ-ով-խմբ.) Դուբայ»։ Ալիևի «պատի թերթի» վերլուծականում, սակայն, ուշագրավը հաստկապես այն է, որ այդ երկրում ևս հասկացել են, թե որ երկրի հրահանգավորմամբ է գործում նախկին նախարարն ու ինչ արդյունք կարող է արձանագրել նրա նախաձեռնած քաղաքական հայտը՝ «զրո»։ «Քաղաքագետների կարծիքով` Արշակ Կարապետյանը լայն զանգվածների աջակցությամբ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու շանս չունի։ Պատճառն այն է, որ ներկայումս Հայաստանին Ռուսաստանին իր հավատարմությունն արտահայտող ցանկացած քաղաքական գործչի վարկանիշը ավտոմատ կերպով իջնելու է շրիշակից էլ ցածր։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նույնպես արագորեն կորցնում է իր վարկանիշը, սակայն նրան իշխանության պահող հիմնական գործոնն այն է, որ ռուսամետ ընդդիմադիր ուժերը Հայաստանում ավելի քիչ ազդեցիկ են, և նրանց փողոցային պայքարը փաստացի ձախողվել է 2020 թվականի նոյեմբերից։ Կարծես թե Մոսկվայում էլ են հասկանում, որ Կարապետյանն այն գործիչը չէ, ով կարող է Հայաստանում իշխանություն փոխել՝ զանգվածներին խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով մոբիլիզացնելով։ Սակայն երբ Ռուսաստանը Փաշինյանի դեմ գործարկի իր հիբրիդային «Plan X»-ը, նախկին նախարարը կարող է խաղալ իր նախատեսած դերն այս ծրագրում»,- գրել է ադրբեջանական կայքը։

Ենթադրում ենք, Կարապետյանի թիմի գրգռվածության պատճառն այն է, որ դառը ճշմարտության մասին արձանագրում է մասնավորապես Ալիևի գրպանային ԶԼՄ-ն՝ սառը ջուր շփելով ռուսական պրոյեկտի իշխանական ամբիցիաների վրա։ Ուշագավ է նաև մեկ այլ հանգամանք՝ ադրբեջանական կայքը «օպերացիա Արշակ»-ի մասին խոսելիս ակամա բացահայտել է նաև ռուսական վերոհիշյալ պլանի մասին, որում, ինչպես և կարելի էր կանխատեսել, նախկին բարձրաստիճան պաշոնյային որոշակի դերակատարում է վերապահվելու։ Թե ինչ՝ պետք է պարզեն իրավապահները։ Իսկ նախքան այդ, թերևս, պետք է բարձրացնել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և 2021-ի նոյեմբերյան ներխուժման ժամանակ իրեն վստահված առաքելությունը ձախողածին ՀՀ-ում Սահմանադրության պահանջով արդեն իսկ գործող «տրիբունալի» առաջ կանգնեցնելու հարցը։