Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Սահմանադրության բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը, իրենք ժողովրդի հետ պետք է ստեղծեն Սահմանադրության բովանդակությունը: Հնչում է բավականին հրապուրիչ, բավականին ականջահաճո:
Բայց, բավականին ոչ կոմպետենտ: Որեւէ երկրի սահմանադրության թե տառի, թե ոգու հեղինակը ժողովուրդը չէ:
Ժողովուրդը չի կարող լինել Սահմանադրության բովանդակության կամ տեքստի հեղինակ, եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ ժողովուրդ հասկացությունը բավականին ընդհանրական է, բավականին տարածական, ոչ կոնկրետ:
Պարզապես, եթե Սահմանադրոության բովանդակությունը պետք է ստեղծի ժողովուրդը, ապա կնշանակի, որ ժողովրդի ստեղծելիքն է ընդհանրապես քաղաքական, պետական ցանկացած հայեցակարգ, ծրագիր, ռազմավարություն: Ինչու՞ պետք է Սահմանադրության բովանդակությունը ստեղծի ժողովուրդը, իսկ մնացյալ պետական փաստաթղթերը՝ ոչ: Չէ՞ որ բոլոր փաստաթղթերն էլ առնչվում են ժողովրդին:
Բայց, հենց հանգամանքը, որ դրանք առնչվում են պետության, ժողովրդի, բոլորի կյանքին, պահանջում է չափազանց մեծ պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը՝ կոմպետենտություն: Սահմանադրությունը պետք է ստեղծեն կոմպետենտները՝ թե տեքստի, թե ընդհանուր բովանդակության, փիլիսոփայության առումով:
Եթե Սահմանադրության ստեղծումը թողնվում է ժողովրդի վրա, վերագրվում է ժողովրդին, ապա դա նշանակում է պարզապես, որ բավականին ականջահաճո հայտարարության միջոցով պարզապես դրվում են Սահմանադրության բովանդակության համար պատասխանատվությունից խուսանավելու հիմքեր:
Եթե ազդարարվում է ժողովրդի «հեղինակային իրավունքը», ապա դա նշանակում է, որ կառավարող քաղաքական ուժը Սահմանադրության հարցում առաջնորդվելու է ոչ կոմպետենտության տրամաբանությամբ, հիմնվելով բացառապես պահի քաղաքական կոնյուկտուրայի եւ դրանից բխող կարիքների վրա:
Այդպիսի Սահմանադրությունը, ինչպես եւ ընդհանրապես այդպիսի՝ ոչ կոմպետենտ կառավարումը, պետությանն ու ժողովրդին մշտապես պահելու է անորոշության ու տագնապի ռեժիմում:
Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Լուսանկարներ
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին