27/07/2024

Ի՞նչ է ակնկալում Երեւանը Բեռլինից՝ հրատապ միջամտությո՞ւն, իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ: Ինչպես հայտնում է կառավարությունը, հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ»:

Այսքանը՝ պաշտոնական լրահոսից․ Նիկոլ Փաշինյանի եւ Շոլցի հեռախոսազրույցը տեղի է ունենում մի քանի օր շարունակվող ադրբեջանական կրակոցների ֆոնին, որոնք մասշտաբային եւ «մահաբեր» չեն, բայց շարունակվում են արդեն մի քանի օր, ուղեկցվելով Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությամբ, թե հրադադարը խախտում է Հայաստանի ԶՈՒ-ն:

Էական է, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ է տեղի ունեցել Շոլցի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է հայտնի «համաձայնեցված սկզբունքների» հիման վրա «լուծման պատրաստ լինելու մասին»: Գերմանիան տարեսկզբին՝ փետրվարին ստանձնեց միջնորդական ջանք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այժմ Նիկոլ Փաշինյանը խոսում է Շոլցի հետ, այլ կերպ ասած՝ դիմում է միջնորդին:

Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ այդ զանգը տեղի է ունենում ոչ միայն ադրբեջանական կրակոցների ֆոնին, այլ նաեւ Էրդողան-Ալիեւի հեռախոսազրույցի:

Ի՞նչ է ակնկալում Երեւանը Բեռլինից՝ հրատապ միջամտությո՞ւն, իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու համար: Այստեղ ի դեպ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ի՞նչ էին ապրիլի 5-ին ընդառաջ Իլհամ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լեյենի հեռախոսազրույցները:

Թե՞ նրանք տվյալ պարագայում հրաժարվում են բուն միջնորդական որեւէ գործողությունից եւ Նիկոլ Փաշինյանին ասել, որ դրա պատասխանատուն այժմ Գերմանիայի կանցլերն է: Բայց, կանցլեր Շոլցն ունի՞ այդ պատասխանատվությունը կրելու բավարար քաղաքական ներուժ, եթե անգամ չխոսենք ցանկության եւ մոտիվի մասին: