Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցը: Տեղեկատվության «բանալի» ձեւակերպումը, կարծես, այն է, որ Փաշինյանն անթույլատրելի է համարել հայ-ադրբեջանական կարգավորման՝ Պրահայում, Բրյուսելում եւ Գրանադայում համաձայնեցված, սկզբունքները խեղաթյուրելու փորձերը:
Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը կայացել է Երեւանի կողմից հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ նկատառումների ութերորդ փաթեթը Բաքվին փոխանցելու հաջորդ օրը:
Պայմանականորեն ասած՝ «պարհյան սկզբունքների» խեղաթյուրման անթույլատրելիության մասին Փաշինյանի ասածից ենթադրվում է, որ Ադրբեջանը ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» մի նախագիծ, որը ետքայլ է նախկին պայմանավորվածություններից, Հայաստանը փախադարձել է դրանց հիման վրա ձեւակերպված տարբերակ եւ ակնկալում է, որ աջակցություն կունենա:
Բրյուսելում Բլինքեն-ֆոն դեր Լյաեն-Փաշինյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը, ինչպես փոխանցել էր նրա պաշտոնական կայքը, Միացյալ Նահանգների պետքարտուղարին հավաստիացրել էր, որ հավատարիմ է Պարհայի հայտարարությանը եւ Ալմա-Աթայի հռչակագրին:
Մի քանի օր անց Ալիեւը հրաժարվե՞լ է իր «ազնիվ կոմերիտականի» խոսքից: Շատ հավանական է: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, նախկին արտգործնախարար Չավուշօղլուն, գուցե, հենց այդ նպատակով էլ գործուղվել էր Բաքու: Բայց այս դեպքում ո՞րն է Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցի «օգտակար գործողության գործակիցը»:
Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական կարգավորման «համաձայենցված» սկզբունքների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հղում չի արել Ալմա-Աթայի հռչակագրին: Ինչու՞: Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ հայտնի է դարձել, որ Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովին, իսկ դիվանագիտական «մարաթոնն» ընթանում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճի եւ ներհայաստանյանի «վախերի ներշնչման» ֆոնին:
Խորհրդարանը փակ ռեժիմում քննարկում է սահմանազատման հարցը: Մամուլը եւ սոցիալական մեդիան գուժում է «նոր պապիտուլյացիա»: Պատմական ահռելի պատասխանատվության հանդեպ իշխող քաղաքական ուժը մնացել է միայնակ եւ, ըստ էության, կամ անզոր է «վախեր ցրել»՝ ինչպես իրավիճակն է թելադրում, կամ ցանկություն չունի:
Գերխնդիր է՝ հասկանալ, թե իշխանության վարքի պատճառը ո՞րն է: Քաղաքական ֆրուստրացիա՞ն, թե՞ հանրային աջակցության սպասումը: Պատկերացում կարելի էր կազմել ընդդիմության կեցվածքից, եթե այն չսահմանափակվեր «Տավուշում դիմադրություն կազմակերպելու» մանտրայով, որ շատ նման է պաշարված Արցախում «նոր Սարդարապատիվ» քարոզչությանը:
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը