23/12/2024

Փաշինյանը կգնա Մոսկվա, ինչ է սպասվում ․․․

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը քննարկվում է եվ հանրությունը կտեղեկացվի որոշման մասին: Մայիսի 9-ին նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնամուտի արարողությունը:

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է եւ Վեհաժողովը պետք է անցկացվեր Երեւանում, սակայն, քանի որ այն հոբելյանական է, նվիրված է ԵԱՏՄ տասնամյակին, Երեւանը տվել է այն Մոսկվայում անցկացնելու հավանություն՝ դեռեւս նախորդ տարի դեկտեմբերին, երբ կազմակերպության ղեկավարները հավաքվել էին Մոսկվայում՝ տարեվերջյան Վեհաժողովի:

Փաստացի, Վեհաժողովն ու Պուտինի երդմնակալությունը հաջորդելու են իրար եւ Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի ոչ միայն Վեհաժողովին, այլ նաեւ պածշտոնամուտի արարողությանը մասնակցելու վերաբերյալ որոշում՝ մասնակցել Վեհաժողովին եւ բաց թողնել երդմնակալությու՞նը, մասնակցել երկուսի՞ն էլ, թե՞ բաց թողնել երկուսն էլ:

Երբ Երեւանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին, տալիս է դրա բացատրությունը՝ ՀԱՊԿ չի ապահովում ռազմա-քաղաքական բլոկի իր դաշնակցային գործառույթի լիարժեք իրականացում եւ Հայաստանը առկախում է մասնակցությունը: Ընդունելի է սա որեւէ մեկի համար, օպտիմալ է, ռացիոնալ է, հարց լուծող է, թե ոչ, այլ խնդիր է, բայց սա ֆորմալ բացատրություն է, որ ունի որոշակի տրամաբանություն: ԵԱՏՄ վեհաժողովը բաց թողնելը կարծես թե չի կարող ունենալ այդպիսի բացատրություն, առավել եւս, որ ԵԱՏՄ առումով Երեւանը լիուլի քաղում է տնտեսական էֆեկտը:

Այդ պարագայում շատ դժվար է բոյկոտել ԵԱՏՄ վեհաժողովը եւ սա արդեն կունանա քաղաքական այլ երանգ, այլ տողատակ: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ Երեւանի համար այդ «դիլեման» ուղիղ առնչություն ունի Արեւմուտքի հետ աշխատանքին:

Կասկածից վեր է, որ այդ աշխատանքի քաղաքական ենթատեքստում, առնվազն արեւմտյան գործընկերների համար էական խնդիրը եւ «արժեքը» հենց այն է, թե որքանով է Նիկոլ Փաշինյանը հեռանում Ռուսաստանից: Երեւանը փորձում է մի կողմից պահել այդ «արժեքը», մյուս կողմից սակայն պահել նաեւ այն նուրբ սահմանը, որից այն կողմ արդեն կարող է լինել ոչ թե Ռուսաստանի հետ որոշակկի անհամաձայնություների, այլ ըստ էության քաղաքական առճակատման իրավիճակ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ի խորհրդարանական ելույթում հայտարարում էր, որ Հայաստանը չի ուզում գնալ ՌԴ հետ առճակատման, ոչ միայն այն պատճառով, որ չունի դրա համար անհրաժեշտ ուժ, այլ նաեւ Ռուսաստանը համարում է կարեւոր գործընկեր եւ չնայած ծատ հարցերում անհամաձայնություններին եւ տարակարծություններից, նաեւ գիտակցում է շատ ուղղություններով հարաբերության եւ աշխատանքի կարեւորությունն ու արդյունքները:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որեւէ սխալ թույլ չի տվել ՌԴ հետ հարաբերությունում՝ այսպես ասած դաշնակցային պարտավորությունների առումով, ինչը այդպես չէ Մոսկվայի պարագայում՝ ըստ Երեւանի:

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է այդ առնչությամբ, որ Երեւանը Ռուսաստանի համար մնում է կարեւոր դաշնակից եւ գործընկեր, եւ իրենք ակնկալում են, որ առկա հարցերը մոտ ապագայում հանդիպման միջոցով հնարավորություն կունենան քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը:

Այլ կերպ ասած, Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի մայիսի 8-ի Վեհաժողովին: Իսկ արդյո՞ք նույն ակնկալիքը կա պաշտոնամուտի արարողության առումով, թե՞ Ռուսաստանը այդ հանգամանքը չի դիտարկում սկզբունքային: