27/07/2024

«Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել», «ռիսկի մեծ մասն անցել է». վարչապետը՝ Պապոյանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ, հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետները, ըստ մշակաբույսերի և ռիսկերի, նախատեսում են, որ այս տարի կարկուտի ռիսկից կկարողանան ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը, իսկ ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի:

«Նախագծով առաջարկվում է, որ այս տարի Կառավարությունը, բացի ապահովագրական սուբսիդավորումից, մասամբ կիսի նաև ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- նշեց Պապոյանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը ինչ-որ ձևով փոխո՞ւմ են արդյոք, և ցրտահարություններ եղե՞լ են, թե՞ չէ. «Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»:

Պապոյանն էլ արձագանքեց, որ ռիսկի մեծ մասն անցել է, բայց որոշակի ռիսկ դեռևս պահպանվում է:

Վարչապետն էլ նկատեց՝ տեղեկություններ ունեն՝ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, բայց գնում, նույն տեղում ցորեն են ցանում:

«Այսպիսի տեղեկություններ են մեզ հասել, որ գյուղերում մարդիկ գիտեն՝ որտեղ է կարկուտը գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում, այդ ծեծած տեղը ցորեն են ցանում, ասում՝ թող ծեծի: Ստացվում է, որ մենք էլի փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա, կամ ապահովագրություն: Մենք մի կողմից մեր սիրելի գյուղացիների համար շահավետ պայմաններ ենք ստեղծել, բայց չենք մտածել, որ միջազգային վերաապահովագրողը մի օր կասի՝ գիտեք՝ ինչ, ընկերներ, ոնց որ թե սխալ սխեմա եք դրել տակը: Քաղաքականությունների տակ պետք է ճիշտ ֆինանսական սխեմա լինի, մենք նաև ուզում ենք գյուղատնտեսությունը սուբսիդավորենք, մյուս կողմից էլ մենք գյուղացիներին ուզում ենք օգնել ոչ թե, որ նրանք չզբաղվեն գյուղատնտեսությամբ, այլ զբաղվեն իրական գյուղատնտեսությամբ: Մենք պետք է արձանագրենք, որ պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք»,- ընդգծեց վարչապետը: