27/07/2024

Բաքուն ձգտում է միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով «իրավունք ստանալ»՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է, որ ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում միջազգային արբիտրաժային դատարանն սկսել է ընդդեմ Հայաստանի հայցի քննությունը:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է 30 տարվա «օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի եւ բնական տեսակների ոչնչացման մեջ» եւ պահանջում է «լրիվ փոխհատուցում»: Կոնկրետ փաստեր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մատնանշում, բայց վերջին ձեւակերպումից, ըստ որի Հայաստանը շարունակում է «աղտոտել սահմանային գետերի ջրերը»- կարելի է ենթադրել, որ հայցի բույն նպատակը կայանում է Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ «վերահսկողության իրավունք ունենալու» մեջ:

Ադրբեջանի քաղցրահամար ջրերի պաշարները վերջին երկու-երեք տասնամյակներին գրեթե երեսուն տոկոսով կրճատվել են: Ներկայումս փորձ է արվում իսրայելական տեխնոլոգիաներով Կասպից ծովի հաշվին բավարարել Սումգայիթ քաղաքի եւ Ապշերոնի գյուղական բնակավայրերի խմելու ջրի կարիքները, բայց դա չափազանց ծախսատար է: Կառավարությունը մշակել է ջրամբարների ցանցի կառուցման ծրագիր, իսկ այն իրականացնելու համար հարկ կլինի ունենալ Հայաստանի համաձայնությունը, որովհետեւ մի քանի գետեր Ադրբեջան են մտնում Հայաստանի տարածքից:

Առարկայական ապացույցներ, որ Հայաստանը «ոչնչացրել է բնական միջավայրը» ըստ էության գոյություն չունեն: Ընդհակառակը, փաստագրված է եւ առաջին, եւ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառումը, որի հետեւանքով հազարավոր, տասնյակ հազար հեկտար անտառներ են ոչնչացվել: Մեծ ավերածություն են գործել հատկապես ֆոսֆորային ռումբերը:

Իսկ ահա սահմանային գետերի «աղտոտումը» կարող է խնդիր լինել: Մանավանդ որ անցյալ տարվա աշնանը Թուրքիան եւ Ադրբեջանը Կուր եւ Արաքս գետերի ավազանի «բնական միջավայրը պահպանելու» համաձայնագիր են ստորագրել: Միջազգային արբիտրաժային դատարանում հարուցելով նման հայց՝ Ադրբեջանը հետապնդում է Հայաստանի սահմանային գետերի ռեսուրսներն իր նպատակներին ծառայեցնելու նպատակ:

Բաքուն ծրագրում է Սյունիքին սահմանամերձ տարածքներում տասնյակ ՀԷԿ-եր կառուցել: Դա կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի հետ համաձայնությամբ: Բաքուն ձգտում է միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով «իրավունք ստանալ»: Այդ դեպքում Հայաստանի հետ քննարկման անհրաժեշտություն չի լինի:

Խնդիրն այսպիսով բնապահպանական չէ, այլ՝ քաղաքական: Ի՞նչ ընթացք կունենա դատաքննությունը: Հայաստանն այս դեպքում առաջին հերթին պետք է հենվի իրավա-քաղաքական իրողություններին. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնց հղում է անում Ադրբեջանը, տարածքներ գրավելու ոչ մի մեղադրանք Հայաստանին չեն հասցեագրում: Անելիք, թերեւս, ունեն նաեւ ԼՂՀ նախկին իշխանությունները, բայց գերխնդիր է, որպեսզի Հայաստանը պահպանի իր ջրային ռեսուրսների նկատմամբ սուվերենությունը: Հակառակ դեպքում Բաքուն հավակնելու է նույնիսկ Սեւանի ջրերին: