20/05/2024

Նա ում համար ես արդարացում էի պահանջում, այժմ պահանջում է ինձ քրեական պատասխանատվության ենթարկել․ Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատասխանելով «Սասնա Ծռեր»-ից Գագիկ Եղյազարյանի 12.04.2024թ. հայտարարությանը.
Ընկերներիցս տեղեկացա, որ «Սասնա Ծռեր»-ից Գագիկ Եղյազարյանը հայտարարություն է տարածել իմ վերաբերյալ: Ճակատագրի հեգնանքն է երևի․ ես պահանջում էի արդարացնել և ազատել Գագիկ Եղիազարյանին և մյուսներին, իսկ Գագիկը պահանջում է ինձ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ինչևէ, այդ հայտարարության մեջ տեղ գտածի վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումները:

Պաշտպանության և այն դադարեցնելու մասով․

Դեռ մինչև «Սասնա Ծռեր» խմբի ձևավորումն ու դրա մասին հայտարարումը, իրավաբանական օգնություն եմ ցուցաբերել այդ խմբի անդամներին, «Սասնա Ծռեր»-ի գործով` նաև` Գագիկին: Գագիկին` նաև իր քաղաքացիական գործերով:

Այդ տարիների ընթացքում իրենք և իրենց համակիրները պատահել է, որ առաջարկել են ինձ վարձատրել, սակայն ես հրաժարվել եմ` համարելով որ ծանր շրջանում են գտնվում։

Կոնկրետ այդ խմբի անդամներին մատուցվող ծառայությունը` պաշտպանությունը, չեմ դադարեցրել և, ըստ պայմանավորվածության, շարունակել եմ մինչև 1-ին ատյանի դատարանի դատավճիռը։ Դեռևս 2018-2019 թթ․ երբ հնարավոր եղավ լուծել նրանց կալանքների հարցը, զգուշացրել եմ, որ բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեմ 1-ին ատյանի դատարանում գործի քննության շրջանակում, որից հետո չեմ կարողանալու շարունակել նրանց պաշտպանությունը։ Նրանք ունեին մի քանի պաշտպաններ, այդ թվում` հանրային, և հենց մյուս պաշտպանների միջոցով էլ շարունակվել է պաշտպանությունը։

Սահմանադրական դատարանի մասով․

Խմբի անդամներին և Գագիկ Եղիազարյանին երբեք չեմ խոստացել Սահմանադրական դատարան դիմել։ Այդպիսի պայմանավորվածություն ունեցել եմ միայն Վարուժանի հետ, որի համար և անունից էլ աշխատել եմ դիմումի վրա և դիմել։ Աշխատանքներին մասնակցել է նաև Արայիկ Պապիկյանը, որը խմբի մյուս անդամների անունից է դիմում ներկայացրել ՍԴ։

ՄԻԵԴ – ի մասով․

ՄԻԵԴ-ից ստացել ենք ծանուցում-առաջարկ Կառավարության հետ հաշտություն կնքելու մասին և որպես բոլոր ծախսերի փոխհատուցում 2000 եվրոի չափով առաջարկ ։ Մանրամասն քննարկվել է հաշտություն կնքել-չկնկելու հարցը, դրա արդյունքն ու ազդեցությունը: Քննարկուները վարվել են ոչ միայն Գագիկի հետ։ Ի վերջո հաստատել են համաձայնությունը, ես բանակցել եմ Կառավարության ներկայացուցչի հետ, ինչից կարճ ժամանակ անց Կառավարությունը և հաշտության համաձայնություններն է ստորագրել և Կառավարության անունից միակողմանի հայտարարություն ընդունել` իրավունքի խախտման փաստի ընդունման վերաբերյալ։ Այս ամենի մասին Գագիկը տեղեկացված է եղել, քանի որ որոշակի ուշացումների բերումով պարբերաբար հետաքրքրվում էր, և ի վերջո երբ արդեն հրապարակվել էր ՄԻԵԴ-ի որոշումը, հատուկ լիազորագիր է ստորագրել, որպեսզի գումարը ես ստանամ։

Գումարի վերաբերյալ խոսակցությունը հետևյալն է եղել․ հայտնել է, որ իր համար վիրավորական ու նվաստացուցիչ է գումար ստանալ Կառավարությունից, որ համարում է որ դա պետք է ուղղվի մեր ծառայությունների դիմաց վարձատրությանը։ Դրանից հետո երբեք այդ գումարի մասին հարց չի բարձրացրել, նույնիսկ անցած տարվա վերջից հեռախոսազանգերի ընթացքում, երբ ես հիշեցրել եմ բոլոր մանրամասները, այդ թվում այն, որ առաջարկված 2000 եվրոն բանակցվել և ավելացվել է 500 եվրոյով, ասել է որ գումարն իրեն հետաքրքրող հարց չէ։

ՄԻԵԴ-ի որոշման կայացումից հետո խնդրել է, որ ես ստանամ գումարը և դրա համար լիազորագիր տվել։ Բացի դրանից, ՄԻԵԴ գանգատ կազմելու, ներկայացնելու և հետագա ներկայացուցչության համար փաստաբանական ծառայությունների պայմանագիր է կնքել ինձ հետ, որի շրջանակում այդ ծառայությունների համար վճարման պարտավորություն է առաջացել նրա համար, որով ինձ վճարման ենթակա գումարն ավելին է, քան իր վկայակոչած գումարը։

Այս ամենը ամրագրված է համապատասխան պայմանագրերով և այլ փաստաթղթերով` ստորագրված Գագիկ Եղիազարյանի կողմից։ Գագիկի այս ակտիվացումը, կարծում եմ, պատահական չէ:

Պլանավորված պրոցեսի է նման, ինչպես «Հաց Բերող»-ի դեպքում, երբ ինչ-որ անցորդների խիստ պատահաբար ՀՔԾ-ն և այլ խորհրդատուներ սկսեցին բացատրել, որ ես «լավ չեմ պաշտպանում» Արթուրին և որ անհրաժեշտ է համապատասխան դիմումներ և միջնորդություններ ներկայացնել, որպեսզի և Արթուրի շահերը լավ պաշտպանվեն և ինձ կարգապահականի ենթարկեն։ Արդյունքում, Արթուրի նկատմամբ շղթայական փորձաքննությունների միջոցով բոլորին հայտնի Չարչյանն ու մյուսները եզրակացություն տվեցին, որ Արթուրին կարելի է կալանավորել, իսկ ինձ ենթարկեցին կարգապահական պատասխանատվության։ Նպատակը՝ Արթուրին կալանավորելու սխալը և մեղքը փաստաբանի վրա բարդելն էր։

Այժմ Չարչյանի և մյուսների վերաբերյալ կեղծ եզրակացության քրեական գործը և իմ նկատմամբ կարգապահականի գործերը քննվում են դատարանում։

Սա էլ եմ գնահատում որպես համանման մի ծրագիր, որի նպատակը գոնե առաջին հայացքից ինձ վարկաբեկելն է: Հետագայում կյանքը ցույց կտա, թե էլ ինչ պլաններ կան քողարկված։ Ենթադրում եմ, որ կարող է նաև սա իմ վարած որոշ կարևոր և հնչեղ գործերի հետ կապված լինի, որոնցով նպատակ կա ինձ հեղինակազրկելու և չեզոքացնելու։

Այժմ ավելի մանրամասն.

«Սասնա Ծռեր»-ին օգնությունը եվ նրանց պաշտպանության կազմակերպումը․

«Սասնա Ծռեր»-ին իրավական և փաստաբանական օգնությունը այդ նպատակով աշխատանքների ռազմավարության և մարտավարության կազմումը, փաստաբանների խմբի ձևավորումը գրեթե 24 ժամում ապահովել է լրջագույն ազդեցություն նրանց պաշտպանության հարցում ինչպես ներպետական մակարդակում, այնպես էլ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հենց նաև այդ ողջ հսկայածավալ աշխատանքի արդյունքն է եղել այն, որ իսկապես բացառիկ արդյունքների է հնարավոր եղել հասնել այդ գործի տարբեր դրվագներով։

Այս ջանքերը և բոլոր առումներով իրենից լուրջ ծանրություն և հետևանքներ ենթադրող բեռը ես և ընկերներս ստանձնել ենք տարբեր պատճառներով: Դրանցից էական է եղել ընկերական հարաբերությունը Վարուժանի, Գարեգինի և Ժիրայրի հետ, Վարուժանի պաշտպանության հարցը առաջնայինը՝ ընկերական պարտքն էր եղել, Արամ Հակոբյանինը՝ անձնական ընտանեկան հարաբերությունները, և անձնական և առանձնահատուկ մարդասիրական հանգամանքներով պայմանավորված` Արթուրինը՝ «Հաց Բերող» (նրան այցելել եմ և պաշտպանությունը ստանձնել հաջորդ իսկ առավոտյան՝ ձերբակալված անձանց պահման վայրում)։ Մնացածը, այդ թվում` Գագիկը վերևում թվարկածս մարդկանց խնդրանքով, սակայն նրանց օգնելու համար կարճ ժամանակում ձևավորված փաստաբանների խմբի անդամների օգնությունը մեծ ուրախությամբ և սրտատրոփ են ընդունել։

«Գնդի» գործից զատ իրավաբանական օգնություն եմ տրամադրել նաև Գագիկի մի շարք այլ անձնական, քանի որ նա մեզ էր այդ հարցերով և գործերով դիմում (երևի այլ նախաձեռնող և պատրաստակամ ու անվճար կերպով այդ ծառայությունները մատուցողներ չլինելու պատճառով)։

Հետագայում, իհարկե, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ և հարաբերությունների փոփոխություններ, բայց դա էական չեմ համարում, քանի որ դա կյանքի անօտարելի մասն է, և առայսօր մեծ բավարարությամբ եմ հիշում բոլոր ընկերների ու գործընկերների հետ աշխատանքը, այդ թվում` բոլոր քննարկումները, վեճերը և այլն։ Մենք իսկապես էական ազդեցություն և պաշտպանություն ձևավորեցինք։ Եվ կոնկրետ ես երբեք շնորհակալություն չեմ ակնկալել։

2018թ․ «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո.

2016թ․ հուլիսի 31-ին արդեն «Գունդ» մտած բոլոր անձինք ձերբակալված էին։ Իրավաբանական և փաստաբանական օգնությունը մենք սկսել էինք ավելի վաղ։ Չափազանց մեծ նշանակություն ուներ հենց առաջին օրվանից նրանց պաշտպանությունը կազմակերպելը, որի ազդեցությունը երևի նրանց մեծ մասը չի էլ հասկացել (չափազանց ցավով պետք է արձանագրեմ, որ, օրինակ, այդպիսի արագություն և արդյունավետություն հնարավոր չեղավ ապահովել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի մասով` տարբեր պատճառներով, դրանց մասին ըստ անհրաժեշտության և հետագայում)։

Մեր այդ էական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել պետական մարմինների և հանրության այն ընկալմանը, որ արարքը հնարավոր չէ որակել որպես ահաբեկչություն և որ նրանց նկատմամբ պետք է գործեն խրախուսական նորմեր ինչպես զենք զինամթերքի, պատանդների և շենքերի զավթման հանցակազմերի առումով և շատ էական մի իրավական դիրքորոշման ձևավորում, որի արդյունքում առաջադրված մեղադրանքներում տեղ չգտավ միասնական դիտավորությունը (սա չափազանց լուրջ արդյունք էր, որի հետևանքով հնարավոր չեղավ խմբի բոլոր անդամներին մեղադրել բոլոր արարքները միասնական դիտավորությամբ կատարելու մեջ: Այլ հարց է, թե այդ արդյունքները որքանով հնարավոր եղավ իրացնել)։ Այս ամենի կուլմինացիան էր այդ ժամանակ գործող գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունն այդ մասին, որից կարճ ժամանակ անց նա պաշտոնանկ արվեց։
Բացի դրանից, ես դեռևս 2015թ․ պաշտպանում էի «նախախորհրդարան» ի («Հարուրամյակն առանց ռեժիմի») 2015թ․ ապրիլին ձերբակալված և մեղադրված Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուքասզյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Արամ Հակոբյանի շահերը։

Թիվ ԵԴ/0091/ գործով, որով անցնում էր նաև Գագիկ Եղիազարյանը դատական նիստերը սկսվել են 2017 թ․ գարնան վերջ, ամռան սկիզբ։ Գործի քննության այդ շրջանում ես չափազանց ծանրաբեռնված էի մի շարք այլ գործերով, այդ թվում՝ խորհրդարանական ընտրությունների շրջանակում «Քաղաքացի դիտորդի» դիտորդական առաքելության և հետընտրական գործընթացների հետ կապված: Բացի դրանից, չափազանց ինտենսիվ շրջան էր «Հաց Բերողի» գործով, ինչպես նաև մոտավորապես Գագիկի նման մի երկուսի դիմումներով «Հաց Բերողի» գործով, ի հեճուկս Արթուրի շահերի և նրա հայտարարության և կամքի, իմ դեմ ձեռնարկված զրպարտչական արշավի և կարգապահական գործի։ Ըստ էության դա և իմ և Արթուրի դեմ գործ էր։

Վերը նշված ծանրաբեռնվածության շրջանում ես, պայմանավորված իմ ծանրաբեռնվախությամբ, համաձայնեցրել էի, որ դատավարության սկզբնական փուլում մասնակցելու եմ ըստ հնարավորության և անհրաժեշտության, և քանի որ յուրաքանչյուր մեղադրյալ ուներ մի քանի պաշտպան և փաստաբանների խմբի նպատակն էր արդյունավետորեն փոխլրացնել միմյանց և ապահովել բոլորի շահերի արդյունավետ պաշտպանությունը, այդ շրջանում հիմնականում աշխատում էի նրանց ՄԻԵԴ գանգատների վրա։
Այնուհետև 2018 թ․ «թավշյա հեղափոխության» շրջանում գարնան վերջից սկսվեցին որոշակի տարաձայնություններ, որոնք հիմնականում քաղաքական բնույթի էին (ակնկալիքների և սպասումների չիրականացում կամ առնվազն ոչ իրենց ցանակացած չափով, և այլն)։ Այդ ողջ շրջանում 2018-2020թթ․ մի շարք հարցերի կապակցությամբ էապես նվազում էր համախոհությունը (բնականաբար ընկերներիս հետ այդ բանավեճերն ու հակասությունները ավելի բարձր քաղաքակիրթ և ինտելեկտուալ մակարդակի վրա էին)։

Այս նկարագրածս հակասությունները սրվեցին, 2020թ․ պատերազմի ժամանակ և դրան հաջորդող շրջանում, հիշատակածս անձանց, այդ թվում` իմ այդ խմբի անդամ որոշ պաշտպանյալների կողմից, այդ թվում` Գագիկի, որոնք նաև անձնական տիրույթ մտան՝ ընտանիքիս անդամին ուղղված անձնական վիրավորանքների միջոցով։

Այդ ողջ ընթացքում, ճիգերի գերլարմամբ, զսպելով իմ անձնական վերաբերմունքն ու վիրավորվածությունը, չէի թույլատրում որպեսզի դրանք ազդեցություն ունենային գործի և նրանց իրավական պաշտպանության վրա, փաստաբանի մասնագիտական աշխատանքս խոստացված ավարտին հասցնելու նպատակով։

2018-2019թթ․ երբ առաջացավ համապատասխան հնարավորություն, որոշ խնդիրների լուծման, իմ ներգրավվածությունը առավել ակտիվացրեցի։ Այդ շրջանում իմ և ընկերներիս ջանքերով հնարավոր եղավ հասնել մի շարք` նախկինում անհավանական արդյունքների՝ Սեֆիլյանն ու մյուսները գործով արդյունքի՝ բոլորն ազատվեցին կալանքից և գործն ավարտվեց նրանց չազատազրկմամբ։ Իսկ «Սասնա Ծռեր»-ի գործով նրանց մեծ մասի կալանքից ազատման, բացառությամբ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի։ Դա էր այն հնարավորը որն արվեց, սակայն ինչպես երևում է, դա առնվազն Գագիկի համար էական և գնահատելի չէ (չնայած երբեք չեմ ակնկալել գնահատում, և դրա համար չեմ աշխատել)։

«Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբանների խմբի, հետագայում արդեն առանձին փաստաբանների, այդ թվում` իմ դերակատարումն ու դրա ազդեցությունն ու արդյունավետությունը կարծում եմ թերագնահատել հնարավոր չէ, նույնիսկ չնայած նրան, որ որոշ էական արդյունքներ պահպանել հնարավոր չեղավ։ Սա այնպես չէ, որ միայն իմ գնահատականն է, այս գնահատականը բավական լայն հանրային շրջանակ է կիսել և կիսում և որ կարող է զարմանալի թվալ, կիսում են նույնիսկ իրավապահ համակարգի բազմաթիվ փորձառու դեմքեր և դատական համակարգի (սա ևս բավական հետաքրքիր երևույթ է)։ Դե իհարկե միշտ եղել են, կան և կլինեն մարդիկ, որոնք շատ ավելի շատ բաներ չեն կարող հասկանալ և որոնց վրա անիմաստ է ժամանակ ծախսել և ինչ որ բան փորձել բացատրել։

2020թ․ պայմանավորվածության համաձայն` ես նորից ակտիվացրեցի իմ մասնակցությունը հիմնական գործով։ Ըստ պայմանավորվածության` ես այսպես ասած գործի «եզրափակիչ» և կարևորագույն փուլում (հարցաքննություններ և ապացույցների հետ աշխատանք) պետք է փորձեի առավելագույն արդյունք ապահովել, որից հետո դադարեցնում էի իմ մասնակցությունը, իսկ պաշտպանությունը շարունակում էին մյուս գործընկերները՝ պաշտպանները։ Գործի շրջանակում յուրաքանչյուր մեղադրյալ (այդ թվում` Գագիկը) ուներ մի քանի պաշտպան այդ թվում նաև նշանակված հանրային պաշտպաններ։

Իմ վերջին ջանքերի արդյունքում հնարավոր եղավ էապես թուլացնել, ապացույցները և մեղադրանքների հիմքերը և որպես ամենա էական արդյունք՝ Արմեն Բիլյանի սպանության մեղադրանքով արդարացումը (ինձ հաջողվել էր հօգուտ նրա ապացույցներ ձեռք բերել ոստիկանության ծառայողներին արդյունավետ հարցաքննության ենթարկելու արդյունքում)։ Սմբատ Բարսեղյանին մեղսագրվող սպանությունների հիմնավորվածությունը ևս իմ գնահատմամբ լրջորեն կասկածի տակ դրվեց, մանրամասն և դետալացված վերլուծության ենթարկվեց Սմբատի և մյուսների գործողությունները, գրեթե րոպեներով, որոշ դրվագներում պահի ճշգրտությամբ, այդ ամենի կապակցությամբ ձեռք բերվեցին դատաքննական ցուցմունքներ և այդ ամենի միջոցով ցուցադրեցինք նրա կոնկրետ և գործողությունների և նրան մեղսագրվող արարքների պատճառահետևանքային կապի բացակայությունը և մեղադրանքի հաստատման անհնարինությունը։ Ավաղ չհաջողվեց արդյունքի հասնել Սմբատ Բարսեղյանի և մյուս մեղադրանքների մասով, սակայն համարում եմ, որ դատավարության այդ վերջին փուլի արդյունքներով էական նախադրյալներ ստեղծվեցին հետագա բողոքարկումների և ՄԻԵԴ գանգատների համար։

Դատաքննության ավարտով (2021թ․ հունվար-փետրվար), ինչպես պայմանավորվել էինք նրանք շարունակում էին իրենց մյուս պաշտպանների օգնությամբ։

Ուզում եմ հասկանալ թե որ պահին է Գագիկը իմացել, որ իմ ծառայություններից այլևս չի օգտվում և դրանք այլևս չեն մատուցվում։
Սահմանադրական դատարան դիմումի վերաբերյալ

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամանակ ես արդեն վաղուց չէի իրականացնում «Սասնա Ծռերի» խմբից ոչ մեկի, այդ թվում` Գագիկի պաշտպանությունը և/կամ ներկայացուցչությունը։

Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելը մերժելուց և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ արդեն Վարուժանը և մյուսները ազատազրկված էին, ես բացառապես և միայն Վարուժանի կողմից լիազորվելով նախապատրաստեցի անհատական դիմում ՀՀ Սահմանադրական դատարան։ Երբեք այդ կապակցությամբ խմբի մնացած անդամներից ոչ մեկին չեմ խոստացել նրանց ՍԴ դիմում ներկայացնել, այլ, հակառակը, հատուկ հայտնել եմ, որ այդ աշխատանքը կանեմ միայն Վարուժանի համար և անունից։

Այդ աշխատանքները կատարել եմ իմ կողմից հարգված գործընկեր Արայիկ Պապիկյանի հետ, նրա հետ էլ համաձայնեցրել ենք, որ կոնկրետ հարցի սահմանադրականության վերաբերյալ դիմումը մնացածի, այդ թվում` Գագիկի, անունից կներկայացնի Արայիկը։ Գագիկն այդ կապակցությամբ լիազորագիր է տվել Արայիկ Պապիկյանին։

Այդպես էլ արվել է։ Հիշյալ աշխատանքի վրա Արայիկի հետ ծախսել ենք մի քանի ամիս և կարողացել ենք երկու անգամ դիմել ՍԴ խնդրո առարկա հարցը քննարկման առարկա դարձնելու համար, սակայն արդյունքի չենք հասել։

06.12.2022թ․ ՍԴԴԿՈ 67, այնուհետև 15.05.2023թ․ ՍԴԴԿՈ 21 որոշմամբ իմ կողմից ներկայացված Վարուժան Ավետիսյանի դիմումը մերժվել է։

06.12.2022թ․ ՍԴԴԿՈ 68 որոշմամբ դիմողների, այդ թվում` Գագիկի, նրանց ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի դիմումը մերժվել է։

Կառավարության հետ հաշտության համաձայնության վերաբերյալ.

12.06.2019թ․ ՄԻԵԴ –ը ծանուցում էր ուղարկել կողմերին (GOZEYAN v. ARMENIA (App. 78080/14) AND FOUR OTHER APPLICATIONS DECISION), (YEGHIAZARYAN v. ARMENIA (App. 83775/17)) առ այն, որ դատարանը 27.05.2019թ․ որոշում է կայացրել գործերը Կառավարությանը հաղորդակցելու և կողմերին առաջարկում է բարեկամական լուծման գալ։

Դատարանը միաժամանակ ուղարկել էր բարեկամական լուծման ձևաթղթերը ստորագրման համար, որոնցով Կառավարությանն առաջարկել էր որպես գույքային և ոչ գույքային բոլոր հնարավոր վնասների, այդ թվում` դատական ծախսերի և ծախքերի, իրավաբանական ծախսերի և հնարավոր հարկային պարտավորությունների համար վճարել 2000 եվրո գումար։

Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ արդյունավետ և կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր եղավ լրջագույն առաջընթաց հանդիսացող համաձայնությունների գալ, որոնք Կոնվենցիայի անդամ պետությունների շարքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների հարգման մակարդակի և դիրքերի առումով էական առաջընթաց էին։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ն առաջարկում էր ստանդարտ բարեկամական լուծման տեքստ, որով անդրադարձ չէր կատարվում իրավունքի հարցին։ Այնինչ Եղիշե Կիրակոսյանի հետ բովանդակային և Կոնվենցիոն համակարգում իրավունքի զարգացման առումով եկանք այնպիսի լուծման, որի շրջանակում Կառավարությունը ընդունում է իրավունքի խախտման փաստը։ Սա լուրջ առաջընթաց եմ համարում։

Հաջորդ, ոչ պակաս էական զարգացումը վերաբերում էր փոխհատուցմանը։ Բարեկամական լուծման ժամանակ հիմնականում կողմերի բանակցություններով սահմանվում է որոշակի գումար որը համարվում է ex-gratia, բոլոր վնասների հատուցման գումար՝ բարոյական, գույքային և իրավաբանական։ Այս գործերի առանձնահատկությունն այն էր, որ ՄԻԵԴ-ը առաջարկություն էր արել Կառավարությանը կոնկրետ չափի գումար վճարել որպես ex-gratia հատուցում՝ 2000 եվրո։ Ինչպես հայտնի է Կոնվենցիան և հետևաբար ՄԻԵԴ-ը սահմանում և պաշտպանում է մարդու նվազագույն իրավունքները, իսկ պետությունները սահմանափակված չեն դրանցով և ավելի բարձր պաշտպանության ստանդարտներ կարող են սահմանել։ Տվյալ դեպքում հնարավոր եղավ համաձայնության գալ, որ Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ավելի բարձր ստանդարտի հարգման շրջանակում, դրանց խախտման դեպքում տրամադրում է ավելի բարձր փոխհատուցում քան ՄԻԵԴ ստանդարտն է։ Այդ գումարը ՀՀ-ն ավելացրեց ևս 500 եվրոյով։

2020թ․ փետրվար-մարտին և մեր և Կառավարության կողմից ստորագրված փաստաթղթերն ուղարկվեցին ՄԻԵԴ։

Այդ ողջ ընթացքում Կառավարության ներկայացուցչի կողմից որևէ ձգձգում չեմ նկատել։
Սա իսկապես աննախադեպ արդյունք էր (այն էլ այս գործով): Ափսոս, որ հետագայում այս քաղաքականությունը փոխվեց, և այսօր նման հանգուցալուծումները առնվազն իմ բազմաթիվ այլ գործերով անիրատեսական են, և Կառավարությունն այլևս չի էլ քննարկում բարեկամական լուծումներ։

21.01.2021թ․ հրապարակվել է ՄԻԵԴ որոշումը մի շարք միավորված գործերով, այդ թվում` Գագիկի, բարեկամական լուծումների վերաբերյալ։

Հիշյալ որոշումից հետո նոր ներկայացվել են դիմումներ ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակ փոխհատուցումները տրամադրվելու վերաբերյալ։

Վերը նշված գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել նախ բարեկամական լուծման գնալ չգնալու վերաբերյալ, դրա արդյունավետության, ազդեցության վերաբերյալ, իրավական և քաղաքական նշանակության վերաբերյալ և այլն։ Այս քննարկումները եղել են բազմակողմ (Վարուժանի, Գարեգինի և այլոց), այդ թվում` Գագիկի հետ։ Այդ ժամանակահատվածում նրանք ազատության մեջ էին և ժամանակ առ ժամանակ այցելում էին մեր գրասենյակ, ինչպես կոնկրետ այդ , այնպես էլ այլ հարցերի կապակցությամբ։

Կոնկրետացնեմ մի քանի դրվագ․ կնքել հաշտությունը թե գնալ ըստ էության գործի քննության հարցը թերևս ամենաերկար և խորը քննարկվածն էր։ Ես մանրամասն ներկայացրել եմ իմ պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ և հատկապես մտքումս ունեցած վերը նշված բավական հավակնոտ մտահաղացումը։ Իհարկե դա ոգևորել էր նրանց և երբ հնարավոր եղավ Կառավարության հետ համաձայնության գալ այդ հարցերի վերաբերյալ, դա վճռորոշ նշանակություն ուներ։

Գումարի հարցը և հատկապես դրա չափի մասին հարցը ամենաքիչ քննարկվածն էր, քանի որ վերը նշված ինձ համար մասնագիտական և իրավական քաղաքականության տեսանկյունից հետաքրքիր հարցը նրանց և հատկապես Գագիկին առանձնապես չէր հետաքրքրում։ Ավելին, Գագիկը և մյուսները հայտնեցին, որ նույնիսկ վիրավորական և նվաստացուցիչ է այդ գումարն ընդունելը։

Հարցրեցին արդյոք կարող են հրաժարվել այդ գումարից, ինչին ես պատասխանեցի որ կարելի է փորձել, բայց Դատարանը այնուամենայնիվ կարող է սահմանել և Կառավարությունը պարտավոր է վճարել։

Այնուհետև փորձեցի բացատրել, որ դրանում չկա նվաստացուցիչ որևէ հարց և որ վերջին հաշվով կարող են որևէ բարեգործական նպատակով հանգանակել։ Այնուհետև, մի որոշ ժամանակ անց, ըստ ինձ մտերիմ անձանց («Սասնա Ծռերի», նրանց քաղաքական խմբի ներկայացուցիչների), ինչպես նաև Գագիկի առաջարկության` այդ գումարը որոշվեց հատկացնել ինձ նախորդ (շուրջ 7) տարիների ընթացքում մատուցած ծառայությունների և օգնության համար որպես խորհրդանշական փոխհատուցում (ես իհարկե հայտնեցի, որ այդ գումարն ինձ համար նշանակություն չի ունեցել և չունի (երբեք նրանցից գումար չեմ ակնկալել և չեմ հայցել), իսկ որ ունենար, բնականաբար դա այն չափը չէր, որ կարող էր որպես վարձատրություն ընդունվել, արդյունքում պայմանավորվեցինք, որ դա կհամարվի խորհրդանշական):

Անյուհետև Գագիկն առաջարկեց, որպեսզի ես ստանամ այդ գումարը, որպեսզի լրացուցիչ փոխանցումների կարիք չառաջանա։ Այս նպատակով նա առանձին լիազորագիր է տրամադրել, գալով մեր գրասենյակ և ստորագրելով այն (միայն այս հարցով մի քանի անգամ է այցելել գրասենյակ, քանի որ մի լիազորագրի ձևակերպումներից մեկը Կառավարության ներկայացուցչի գրասենյակից խնդրել էին փոփոխել)։

Գագիկի հետ հաղորդակցության եվ գումարի վերաբերյալ․ Գագիկը երկար ընդմիջումից հետո ինձ զանգահարեց քրեակատարողական հիմնարկից կարծեմ 2023թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Առաջին խոսակցությունը վատ ավարտվեց, քանի որ նա հայտնեց, որ իրեն խաբված է զգում, ինչից վրդովված` ես բավական կոշտ պատասխանեցի, այժմ չէի ցանկանա վերարտադրել բովանդակությունը:

Այնուհետև մի որոշ ժամանակ անց նա նորից զանգահարեց ինձ, սակայն նրա խոսքը, զարմանալիորեն, այլ էր: Նա ներողություն հայցեց նախորդ խոսակցության և իր արտահայտությունների համար, ես էլ ափսոսանք հայտնեցի իմ հերթին իմ արձագանքի համար։ Գագիկն ասաց, որ ինձ միշտ շատ լավ է վերաբերվել և մտերիմ համարել և չի ցանկանում, որ մեր միջև թյուրըմբռնում լինի, ցանկանում է որ միմյանց հասկանանք և բարեկամական փոխըմբռնման մթնոլորտ ձևավորենք։ Այս մոտեցման արդյունքում ես համաձայնեցի խոսակցությանը, ինքը ներկայացրեց իր տեսանկյունը հարցի վերաբերյալ, իսկ ես ներկայացրեցի իմ տեսանկյունը։ Խոսակցությունը քրեակատարողական հիմնարկի սահմանափակումների արդյունքում կարծեմ երկու տարբեր օրերի ընթացքում տեղի ունեցավ։ Նա զանգում էր անկանխատեսելի օրերի և ժամերի, սակայն քանի որ փորձում էի մտնել նրա դրության մեջ, ընդհատում էի այդ պահին հանդիպումներս կամ աշխատանքս և ժամանակ տրամադրում քննարկմանը։

Արդյունքում նա հայտնեց, որ շնորհակալ է քննարկման համար, իր դիրքորոշումները լսելու և իմը ներկայացնելու համար։

Այնուհետև մի որոշ ժամանակ անց նորից զանգահարեց և խնդրեց որպեսզի այցելեմ իրեն` ավելի հանգամանալից քննարկելու իրեն հետաքրքրող իրավական հարցերը։ Ես բացատրեցի որ նախ այլ մանրամասներ և ավելի հանգամանալից չեմ կարող քննարկել, քանի որ այն ինչ մտածում եմ այդ հարցերի վերաբերյալ, արդեն հայտնել եմ, որ այլ մտքեր չունեմ և երկրորդ՝ չափազանց սուղ է ժամանակս և չեմ կարող խոստանալ, որ կայցելեմ։

Մի որոշ ժամանակ անց նորից զանգահարեց, հարցրեց արդյոք ազատ ժամանակ կկարողանամ հատկացնել, հայտնեցի որ ծանրաբեռնվածությունս մեծ է, չեմ կարող։

Խոսակցության բովանդակությունը վերաբերում էր նրան, որ նախ Գագիկը հայտնում էր , որ տեղյակ և համաձայն չի եղել, որ Կառավարության հետ հաշտություն է կնքվել, ես մանրամասն հիշեցրի այդ հաշտության ողջ ընթացքը և այն որ ՄԻԵԴ գանգատի, ապա հաղորդակցության ծանուցման, ապա հաշտության բովանդակության, Կառավարության կողմից իրավունքի խախտման փաստի ընդունման և գումարի վերաբերյալ բանակցությունների ընթացքը և այդ ողջ գործընթացի ընթացքում մեր քննարկումները, մեր գրասենյակ այցելությունները և ի վերջո այդ կապակցությամբ կազմված և նրա կողմից ստորագրված փաստաթղթերը։ Այնուհետև նա հայտնեց, որ նա տեղյակ չի եղել որ ի վերջո այդ հաշտությունը կնքվել է։

Այս կապակցությամբ ևս ես մանրամասն հիշեցրի և թվարկեցի բոլոր այն դրվագները, որոնք ցուցանում են նրա տեղեկացվածությունը և մասնակցությունը այդ գործընթացին։ Այնուհետև նա հայտնեց, որ տեղյակ չի եղել որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, ինչին ի պատասխան հիշեցրի, որ այդ նույն հարցը ինձ տվել է նաև նախկինում և հիշեցրի որ բացատրել եմ, որ բարեկամական լուծման դեպքերում ՄԻԵԴ վճիռ չի կայացվում դա արվում է Դատարանի որոշմամբ, որ դրա իրավաբանական նշանակությունը հատկապես հաշվի առնելով որ մեզ հաջողվել էր ամրագրել Կառավարության կողմից իրավունքի խախտման փաստի ճանաչման, ավելի ցածր կամ թույլ չէ։ Հետո հայտնեց, որ կարծում էր որ ՄԻԵԴ-ը կարող է չընդունել հաշտությունը, ինչին ես պատասխանեցի և հիշեցրի, որ նախ առաջարկությունը ՄԻԵԴ-ն էր արել, ապա այն, որ բացի հաշտությունից Կառավարությունը նաև միակողմանի հայտարարությամբ էր ընդունել իրավունքի խախտման փաստը և որ նման դեպքերում ես չեմ հանդիպել այնպիսի դեպքի որ ՄԻԵԴ-ը չընդունի, ինչպես ինքն է ասում։ Այնուհետև հիշեցրի, որ տեղեկացված չէր կարող չլինել, քանի որ այդ հաշտությունից և ՄԻԵԴ որոշումից հետո եկել է մեր գրասենյակ և լիազորագիր է ստորագրել, որպեսզի դիմենք և ստանանք գումարը։

Այնուհետև Գագիկը դժգոհություն հայտնեց, որ այն ժամանակ ես չօգտագործեցի այդ որոշումն իր շահերի պաշտպանության համար, իրեն կալանքից ազատելու համար, ինչին ես նրան հիշեցրի որ այդ ժամանակ նրան արդեն ազատել էինք կալանքից և նա ազատության մեջ էր, ուստի այդ հարցի կապակցությամբ այդ որոշումն անօգուտ էր, ժամանակավրեպ էր։ Այնուհետև նա դժգոհեց, որ այդ որոշումը կարող էր օգտագործվել հիմնական գործով դատավոր Մակյանին բացարկ հայտնելու համար, ես հիշեցրի, որ այդ հարցը ևս քննարկվել է և ժամանակին ես բացատրել եմ որ նման իրատեսական հնարավորություն չեմ տեսնում, այդ ժամանակ այդ հարցը սպառել ենք։ Կարծես այսքանը։

Հատուկ անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ այդ ողջ խոսակցության/ների ժամանակ (տարբեր օրերի իրականացված) Գագիկը փոխհատուցման գումարի վերաբերյալ նույնիսկ որևէ ակնարկ չի արել, քանի որ նույնիսկ ակնարկի դեպքում այդ գումարը ինձ մոտ չէի պահի (նախ՝ այդ գումարն ինձ համար էական չի եղել և երկրորդ՝ նման իրավիճակներում նախընտրում եմ ազատվել փողային անդուր հարաբերություններից)։

Մի կողմից ափսոսում եմ, որ ժամանակին անխոհեմաբար, չպատկերացնելով այսպիսի մետամորֆոզ մարդկային էության, այդ բովանդակության մարդու վրա այդքան ռեսուրս եմ ծախսել և նրանից գումար ընդունել, սակայն մյուս կողմից էլ այս ամենն էլ կյանքի մի մաս է։

Ի դեպ, այս խմբից ևս մեկը (այժմ չեմ հայտնում ով, ըստ անհրաժեշտության կանդրադառնամ), ով անցած տարի կապվել էր նմանատիպ հարցով (նույն ՄԻԵԴ գործով հաշտության և փոխհատուցման գործով), բայց այդ մեկը միայն գումարի համար էր զանգել և հայտնեց, որ մտածել է և գտնում է, որ արդար չի եղել, որ գումարն ինձ է փոխանցել և որ դրա կեսը հետ է պահանջում։ Ինչին ես շատ կոնկրետ հայտնել եմ, որ կամ հաշվեհամարը փոխանցի կամ գա և վերցնի այդ գումարն ամբողջությամբ` հաշվի առնելով նրա վարած խոսակցության բնույթը:, Սակայն, մինչ օրս ոչ զանգել է ոչ հանդիպել, հավանաբար մի ստորություն էլ նա է դավում, սակայն, հնարավոր է, նաև սխալվում եմ։

Գագիկի հայտարարությունը կարդալուց հետո մի որոշ ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչ եմ զգում և զգացի, որ երևի ոչինչ, ոչ զայրույթ, ոչ ատելություն, ոչ վիրավորանք, ոչինչ: Միայն այն պարադոքսալ փաստի արձանագրումը, որ մեկը, որին քրեական հետապնդման չենթարկելու դեմ տարիներ շարունակ պայքարել եմ ես հիմա պայքարում է ինձ քրեական հետապնդման ենթարկելու համար:

Ինչ վերաբերում է «Հրապարակ» օրաթերթի այն պնդմանը, որ ինձ զանգահարել են, սակայն պատասխան չեն ստացել, հայտնում եմ, որ տվյալ հայտարարության հրապարակման օրը որևէ հնարավոր զանգ (որևէ ծանոթ կամ անծանոթ հեռախոսահամարից) այդ լրատվամիջոցից չեմ ստացել:

Ու պատահական չի «Հրապարակի» այդ վարքգիծը` հաշվի առնելով որ դատական գործ ունենք նրանց դեմ։ Իսկ իմ կոնտակտային տվյալները նրանք ունեն։