Ստրաստբուրգում ապրիլի 15-ից մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ չի մասնակցի Ադրբեջանի պատվիրակությունը։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։
Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։ Քննարկումները տևելու են մինչև ապրիլի 19-ը։ Կարևոր իրադարձությունը լինելու է Կոսովոյի կողմից Եվրախորհրդին անդամակցելու դիմումի հարցով քննարկումը և նախագծի քվեարկությունը։ Նաև քննարկում է լինելու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան, Վլադիմիր Կարա-Մուրզայի կալանավորման վերաբերյալ։
Վեհաժողովը նաև քննարկելու է Ուկրաինայի վերակառուցմանն աջակցություը, ներառյալ՝ այդ նպատակով ռուսական սառեցված պետական ակտիվներն օգտագործելու առաջարկը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի մասնակցությամբ։ Իսրայելի և Գազայում հումանիտար վատթար իրավիճակի թեման ևս կլինի քննարկումների առանցքում։
Նշենք, որ այս ընթացքում Բաքուն լոբբիստական աշխատանքներ էր տանում ու մի շարք երկրների միջոցով փորձում ազդել գործընթացի վրա։ Մասնավորապես, Թուրքիան, Սերբիան, Հունգարիան, Վրաստանը, Մոլդովան նամակներ էին հղել ԵԽԽՎ նախագահին սահմանափակումները վերացնելու համար։ Չի բացառվում, որ այս ու այլ երկրներ հանդես գան Ադրբեջանին ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։
Բաց մի թողեք
Մոսկվան այլեւս Հայաստանի դեմ «խաղում է բաց քարտերով»՝ Ադրբեջանի հետ գլխավոր սպառնալիքը
Ֆրանսիա – Ադրբեջան նոր լարվածություն, ինչ կանի կամ կասի Մակրոնը
Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում