27/07/2024

Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին. «Չկա՛ Ռուսաստան. Եվրոպան Վրաստանի ընտրությունն է»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է Վրաստանի իշխող կուսակցությանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ կապված իրավիճակը միտումնավոր սադրելու մեջ։ «Իշխող ուժի համառ մտադրությունը՝ ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ ի հեճուկս ժողովրդի կամքի և չնայած երկրի գործընկերների բողոքին, ուղղակի սադրանք է՝ ապակայունացման ռուսական ռազմավարություն»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով քննարկել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները Եվրախորհրդի վաղվա նիստում, չնայած այն հանգամանքին, որ հարցը օրակարգում ներառված չէ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ նա X ցանցում գրել էր, որ իշխանությունները պատրաստվում են կրկին ջրցաններ կիրառել այն մարդկանց դեմ, ովքեր պաշտպանում են եվրոպական ապագան:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ անդամներ արձագանքել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ տեղի ունեցող լայնածավալ բողոքի ակցիաներին։

Օրինակ՝ Բուդու Զիվզիվաձեն սոցիալական ցանցերում գրել է. «Չկա՛ Ռուսաստան, Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է:

P.S. Թող ոչ ոք ինձ շնորհակալություն չհայտնի, քանի որ ես ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի»։

Սոցցանցերում նույնանման հաղորդագրություն է հրապարակել ֆուտբոլիստ Գեորգի Կվիլիտայան։ «Եվրոպան Վրաստանի ընտրությունն է, և ոչինչ չի կարող փոխել դա»,- գրել է նա։ Ֆուտբոլիստ Գեորգի Չակվետաձեն Instagram-ում լուսանկար է հրապարակել Վրաստանի և Եվրամիության դրոշներով և այն մակագրել՝ «Վրաստանը՝ Եվրոպայում»։ Նույն կերպ է վարվել ազգային հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ջաբա Կանկավան։ Գրառման մեջ նա նաև անպատշաճ արտահայտություններ է արել Ռուսաստանի հասցեին:

Չորեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին։ Միջոցառումների մասնակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են համապատասխան կադրեր։

Մասնավորապես, հատուկջոկատայինների գործողություններից տուժել են «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ափրիլի» առցանց պարբերականների լրագրողները։ Տուժած ցուցարարների թիվը հայտնի չէ։ Ինչպես նշում են ցուցարարները, հատուկջոկատայինները բավականին կոշտ են գործել՝ հետապնդելով նրանց խորհրդարանի հարակից փողոցներով։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից։ Գերատեսչությունը հաստատել է պղպեղի սփրեյի օգտագործումը՝ «ապօրինի գործողությունները ճնշելու համար»։