27/07/2024

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին»,- մանրամասնեց նախարարը:

Պապիկյանը նշեց՝ վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

«Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդույթուններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկան, խոսքը անգամների մասին է, և ելնելով այս հանգամանքից, խորհրդակցելով նաև Առողջապահության նախարարության հետ՝ հասկացանք, որ այնպիսի հիվանդությունների փոփոխության մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջական վիճակին»,- եզրափակեց նա: