27/07/2024

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցների պնդումներին այն մասին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել:

Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ գոյություն չունեցող փաստաթղթի լուսանկարը:

Պետքարտուղարությունը ադրբեջանական պետական գործակալության հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ որ նշված «փաստաթուղթը» մաքուր ապատեղեկատվություն է, գոյություն չունի:

«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Պետքարտուղարությունը։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված փաստաթուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: