20/05/2024

Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գնահատման գործունեության մասին» օրենքում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներկայում օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։

Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գնահատման որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են ՀՀ տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր։ 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառվում է որպես այդպիսին միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն երեսուն տոկոսը։

Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Նախատեսվում է վերացնել վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը: Ներկայում կոմիտեն մշակում է համապատասխան նախագծերի փաթեթ, որոնց ընդունման արդյունքում կարգավորվելու են ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների ընթացակարգն ու պայմանները, հստակեցվելու են վերջիններիս իրավական կարգավիճակը և գործառույթների շրջանակները։ Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար պահանջվող՝ կոմիտեում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի նվազագույն շեմը՝ դարձնելով այն տասը տոկոս։