Մենք էքսկլավ-անկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից։
Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ինչ ենք մենք պայմանավորվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք։ Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս լինելը։
Երբ որ մենք դա կհիմնավորենք, ոչ թե ես դա կասկածի տակ եմ առնում, այլ ես ասում եմ, որ աշխատանքային պրոցեսում սահմանազատման հանձնաժողովները պետք է սեղանին դնեն փաստաթղթերը։
Երբ որ մենք դե յուրե դա կհիմնավորենք, մենք արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև էնտեղ էլ ինքը պարփակված է սահմանով և գնանք առաջ, տեսնենք ինչ լուծումներ կան»,- ասել է վարչապետը՝ մանրամասնելով, թե ինչպես և ինչ կանոնակարգով են առաջ շարժվելու սահմանազատման հանձնաժողովները։
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։ «Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև, թե ծառայությունը ոնց են իրականացվելու։
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին և տեսախցիկների առաջ ցույց տանք։ Բայց մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ խաղաղության ենք գնում։ Սա խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է»,- ասել է վարչապետը։
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ։
«Ես ոսկեպարցիներին խնդրել և ասել էի, որ հենց մի փաստաթուղթ ստորագրվի, գալու են ձեզ ասել, էս էն չի, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին։ Ես իրենց խնդրել եմ չհավատալ, որովհետև էն ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ էդպես է։
Նույնը վերաբերվում է Կիրանցին։ Եվ Կիրանցում, և Ոսկեպարում եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք։
Այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, մենք նույն բնակավայրում լուծում կգտնենք, եթե նման խնդիր առաջանա։ Ես ուզում եմ սա ֆիքսենք»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ:
«Ուզում եմ էլի ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար:
Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:
Սա կարևոր նրբություն է, որովհետև դուք գիտեք, որ 1988-1991 թվականներին տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում:
Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Բայց սա անկյունաքար է և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասել է վարչապետը։
Ըստ վարչապետի, այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որն առկա է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ընդհանրապես Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:
«Որովհետև եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ասել է ՀՀ վարչապետը:
Երեկվա հայտարարության հետ կապված նախ կուզեի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։
«Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչապետը։
Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Բաց մի թողեք
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
«Բանտային օրագիր». I’m back