27/07/2024

Բանալին որեւէ մեկը կարող է «գցել» Հայաստանի գրպանը՝ «պատերազմի դուռ» բացելուց հետո

Հայաստանի իշխանական մեծամասնության որոշ պատգամավորներ, թերեւս ոչ առանց հատուկ հանձնարարության, տարածում են տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւ»՝ ով դեմ է Տավուշի սահմանի առնչությամբ համաձայնությանը եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին եւ ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ:

Ամենեւին բացառված չէ, որ անգամ Հայաստանում լինեն ուժեր, որոնք հետաքրքրված լինեն պատերազմով, ակնկալելով, որ դրա հետեւանքով կլինի ծանր վիճակ եւ վերջապես հնարավոր կլինի հասնել իշխանության հրաժարականի:

Թերեւս այդ նկատառումով էլ իշխանությունը փորձում է «կանխարգելիչ» նկատառումով արդեն իսկ նշանակել հնարավոր ռազմական էսկալացիայի «մեղավորներ»: Սակայն, պետք է հասկանալ, որ խնդիրը շատ լուրջ է, բավականին լուրջ է իրավիճակը ռեգիոնում եւ դրա շուրջ: Սա հասկանալու համար չկա ավելորդ որեւէ վկայության կամ ապացույցի կարիք: Այս իրավիճակում Հայաստանում «պատերազմի ներքին մեղավորներ» նշանակելու որեւէ գործողություն կարող է որեւէ մեկին օգտակար լինել քաղաքական կոնյուկտուրայի տեսանկյունից, սակայն որեւէ կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի շահի եւ անվտանգության տեսանկյունից:

Կովկասի պատերազմի հարցը բաց է 44-օրյա պատերազմից ի վեր, եւ այդ հարցի «բանալին»՝ իհարկե վատ իմաստով «բանալին», բոլորովին Հայաստանում չէ, չի եղել, եւ չի էլ կարող լինել: Այդ հարցը ուժային կենտրոնների պայքարի տիրույթում է, աշխարհի նոր բաժանման համար ըստ էության համաշխարհային պատերազմմի տիրույթում:

Պարզապես, բանալին որեւէ մեկը կարող է «գցել» Հայաստանի գրպանը՝ «պատերազմի դուռ» բացելուց հետո: Հայաստանն այսօր պետք է ներքին բավարար ուժ եւ իմաստնություն գտնի, որպեսզի փակ պահի գրպանները, այլ ոչ թե առավել լայն բացի դրանք:

44-օրյա պատերազմից հետո, ընդ որում առ այսօր, Հայաստանում ծավալվում է խոսույթ, թե պատերազմը հրահրեց Հայաստանը՝ տարիներ շարունակ չգնալով կարգավորման, 2018-ից հետո տապալելով բանակցությունը, եւ այլն:

Ինչպես քաղաքական իրողություններից եւ համարժեքությունից կամա, թե ակամա, անկեղծ պատկերացումով, թե մանիպուլյատիվ մղումով կտրված է այդ խոսույթը, այդպես էլ նույնն է ներկայիս պարագայում, այդ թվում կոնկրետ օրինակի հանդեպ հանրային վերաբերմունքի առնչությամբ: