Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները կավարտվեն ԲԱՄ-ի կառուցման վետերանների հետ հանդիպմամբ: Դա տուրք է Հեյդար Ալիեւի հիշատակին, որ զբաղեցնելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, վերահսկել է Բայկալ-ամուրյան երկաթուղու կառուցումը, որի մեկնարկի հիսունամյակը լրանում է այս տարի:
Սա ՌԻԱ-Նովոստիի հաղորդագրությունից է, եւ կեղծիքն իսկույն աչքի է զարնում. Երբ սկսվել է ԲԱՄ-ի կառուցումը, Հեյդար Ալիեւը խորհրդային Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն էր:
Նա Մոսկվա է տեղափոխվել ԲԱՄ-ի շինարարության իններորդ տարում՝ 1982-ի տարեվերջին, հինգ տարի անց պաշտոնազրկվել: ԲԱՄ-ը վերջնական շահագործման է հանձնվել 2003թ.-ին, երբ Հեյդար Ալիեւն արդեն մեկ տասնամյակ անկախ Ադրբեջանի նախագահն էր, ուստի նրա հիշտակը հատուկ հարգելու փաստական հիմք չկա կամ չափազանց նվազ է: Այդուհանդերձ, արարողակարգով նախատեսված է, որ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը հանդիպի ԲԱՄ-ի վետերաններին: Միջոցառմանը, կարելի է վստահաբար ասել, Հեյդար Ալիեւի հասցեին քաղցրախոսության եւ մեծարանքի պակաս չի զգացվելու:
Ոչ մի գաղտնիք չկա, առկա են բազմաթիվ փաստական վկայություններ, որ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի պաշտոնում Հեյդար Ալիեւի գերնպատակը՝ Հայաստանի հարավում կառուցել Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմայրուղի, իրականություն չի դարձել շնորհիվ Կարեն Դեմիրճյանի վճռական «ոչի»:
Ըստ էության, այսօր հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքար հանդիսացող՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հեյդարալիեւյան է: Իսկ «համազգային առաջնորդի իղձերի մարմնացումն» Իլհամ Ալիեւի համար սակրալ նշանակություն ունի:
Ի՞նչ է խորհրդանշում «ԲԱՄ-ի կառուցմանը Հեյդար Ալիեւի ներդրումը մեծ է»՝ Վլադիմիր Պուտինի հնչեցրած միտքը: Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիեւը կարեւորել է «կոմունիկացիոն հարցերը»: Բայց նա հրապարակային խոսքում դիվանագիտորեն կենտրոնացել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վրա: Տպավորություն կար, որ այդ խնդիրը կարգավորվել է ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցի արդյունքում:
Պարզվում է՝ Ալիեւը Մոսկվայից դեռեւս ակնկալիք ունի: Հեյդար Ալիեւի ,,ուրվականը» դեռեւս Կրեմլում է, ռուս-ադրբեջանական բանակցությունների «մասնակից» եւ ինչ-որ տեղ «ուղղորդող է»: Պետք է նկատի ունենալ, որ ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերությունների մեկնարկը տրվել է 2001թ. հունվարի 6-ին, երբ Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Դա մի շրջան էր, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում էին «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, բայց Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվեց ստորագրել «քիուեսթյան փաստաթուղթը»: Մի՞թե՝ այսօրվա իրողությունների ակնկալիքով:
Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Հանդիպման մեկնարկի ողջույնի խոսքում, երկկողմ տնտեսական հարաբերության խորացման մասին խոսքերից հետո, նրանք անդրադարձել են անվտանգության հարցերին: Այստեղ դրսեւորվել է բավականին նուրբ «կոնտրաստ»: Պուտինը նշել է ռեգիոնում անվտանգության՝ մեծ թվով «զգայուն» հարցերի մասին: Ալիեւը իր հերթին արձանագրել է, որ, «ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա ուրախ են՝ ինչպես են դրանք լուծվում»: Այդպիսով, Ալիեւը հայտնել է իր գոհունակությունը ընթացքից, ինչը ամենեւին զարմանալի էլ չէ:
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը անվտանգության հարցերում եւ նշել, որ իրենց փոխգործակցությունից կախված է շատ բան: Այս «համառոտ» դրվագը կարծես թե խոսում է բավականին նուրբ իրավիճակի մասին: Ալիեւը մի կողմից բարձր է գնահատում Ռուսաստանի դերը, մյուս կողմից սակայն «ուրախ է ներկայիս լուծումներից»:
Իսկ բանն այն է, որ ներկայիս լուծումները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի դերը, ինչի «ամենաթարմ» ակտը ռուս խաղաղապահների դուրսբերման մասին որոշումն էր: Ավելին, դրանից երկու օր անց հայտարարվեց Տավուշում հայ-ադրբեջանական համաձայնության մասին, որի ծավալման եւ իրագործման պարագայում ռուս խաղաղապահները դուրս կգան նաեւ Տավուշի երկու հենակետից, ուր տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո: Ստացվում է, որ Ալիեւն «ուրախ» է այդ ամենի համար:
Իսկ Պուտինի համար այդ ամենը «զգայուն» հարցեր են: Ալիեւն «անզգա՞մ» է Պուտիննի հանդեպ, թե՞ գիտե, թե ինչ գնով կարող է հանգստացնել Պուտինի զգայարանները: Նա հայտարարում է, որ շատ բան կախված է իրենց գործակցությունից: Ակնա՞րկ է, որ Ադրբեջանի հետ չգործակցելու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել ավելի շատ, թե՞ առեւտրի առաջարկ: Ալիեւն ի դեպ հիշեցրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագիրը, ասելով, թե ինչ լայն նշանակություն ունի այն, եւ թերեւս ակնարկելով Պուտինին, թե ինչ կարեւոր բան է կախված իրենից:
Մյուս կողմից, Պուտինը հազիվ թե Ալիեւին կանչեր Մոսկվա բանակցության, եթե չունենար նրա դիմաց հարցադրումներ անելու կարողության որոշակի վստահություն: Չի բացառվում, որ Ալիեւի ողջույնի խոսքը արտահայտելով նրա ինքնավստահությունը, մյուս կողմից նաեւ դրսեւորել է այն, որ նա պատրաստվում է դիմադրության: Ողջույնի խոսքերից հետո սկսել է նրանց դեմ առ դեմ առանձնազրույցը: Ձայնը թերեւս կլսվի ավելի ուշ:
Բաց մի թողեք
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»
«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն
Ազգային ժողով, այս ինչ է դարձել․ Ինչ որ տեղ, ինչ էր բան սխալ է․ Անկեղծ ու ցավոտ զրույց