Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի քաղաքապետի, հյուպատոսի, թեմի առաջնորդի հետ են հանդիպելու։ Տավուշյան այս դեպքերից առաջ է գնացել»: Իսկ հնարավո՞ր է, որ ավելի շուտ վերադառնա՝ հաշվի առնելով, որ իր համայնքում լարված իրավիճակ է։ «Չեմ կարող ասել, Ամերիկան է կազմակերպել»։
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տարակուսում է Նոյեմբերյանի համայնքապետի պահվածքից. «Ինքը պիտի հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչեւ այս պահն ընդամենը կցկտուր բաներ է մեզ ասել»։ Չնայած Աղաբաբյանին պինդ, իր հողին նվիրված մարդ են համարում, բայց այս լարված պահին ԱՄՆ մեկնելը շատերը չեն ընկալում: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Աղաբաբյանն ԱՄՆ է մեկնել մինչեւ Տավուշի այս դեպքերը, եւ շեշտում է՝ Աղաբաբյանը հայտնել է դիրքորոշում, վերադառնալուն պես էլ կանգնելու է տավուշցիների կողքին։ Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետը «հորիզոնից» դուրս եկավ մարտի 12-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզից այս տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նրանից՝ ապարդյուն։ Նա մեկնել է ԱՄՆ՝ Նիկոլ Փաշինյանի` Տավուշ այցից մոտ մեկ ամիս անց, երբ արդեն երեւում էր դեպքերի ընթացքը։
Բաց մի թողեք
Փաշինյանը կա՛մ չի ըմբռնել բանակցության գործընթացը, կա՛մ միտումնավոր խաբում է. Միրզոյան
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են