27/07/2024

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Սահմանային թումբը դնելը չի՞ նշանակում, որ Ադրբեջանը տարածքային պահանջ չունի․ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս դիմեց լրագրողներին․ «Այնքան շատ եք սիրում Ալիևին մեջ բերել, որ երևի ադրբեջանական լրատվամիջոցները չեն անի։ Բա ի՞նչի չեք մեջբերում, որ ասում է՝ մենք տարածքային պահանջներ չունենք։ Ասում է՝ 12 կմ արդեն սահմանազատված է, դա ի՞նչ է նշանակում, որ այդտեղ Ադրբեջանը պահանջ չունի Հայաստանի նկատմամբ։ Սահմանից անվտանգ բան կա՞»։

ԱԺ նախագահի խոսքով՝ փաստ է, որ մենք ունենք սահմանագծած սահման․ «Ալիևը իր ներքին լսարանի համար, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ սակարկելու համար, ձեր և տարբեր լրատվամիջոցներին նարատիվներ թելադրելու համար ինչ կասի, ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Իրողությունը այն է, որ Հայաստանը և Արդբեջանը ունեն 12 կմ չվիճարկվող սահման։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանի Հանրապետությունն է»։

Հարցին, թե Ադրբեջանը պատրվակներ չի՞ կարող գտնել հարձակման համար, վերջինս դիմեց հարցը հնչեցրած լրագրողին․ «Միշտ կարող է պատրվակ գտնել, գալ հասնել «Ազատության գրասենյակ ու ձեզ վերցնել պատանդ, բայց տենց բաների մասին խոսելը ո՞րն է։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ մենք այդտեղ սահմանազատում չանեինք, ինքը ուզենար հարձակվել, չէր կարողանա։ Արել ենք, որ չկարողանա»։

«Սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը՝ այն, որ Ադրբեջանը ճանաչել է, որ այս թմբից այս կողմ ՀՀ-ն է: Դրանից մեծ երաշխիք կարծում եմ աշխարհում որևիցե մեկը չի հորինել»:

«Ինչ որ մեկը մտածում է, որ մենք կարո՞ղ ենք պատերազմել Թուրքիայի, Ադրբեջանի, պակիսատնցի և սիրացի վարձկանների դեմ՝ ամենալավ դիրքերով, դա քանակի հարց է, ինչքան զոհ կունենաք ստեղ, ինչքան զոհ՝ ընդեղ, բայց մենք պետք է ընդհանրապես պատերազմի մտածելակերպը հանենք օրակարգից՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական օրակարգից: Դա է երաշխիքը, որովհետև ինչ էլ անենք միևնույն է այդ հարցը չի լինելու ոչ մի թիզական, էն՝ թողեք, թողեք, թողեք խփեմ տրամաբանության մեջ. պատերազմի ժամանակ էդ բոլորն ինչո՞վ էին զբաղված՝ ոչ մի բանով, դատարկախոսությամբ, հիմա էլ սպեկուլացիաներ են անում, երրորդ երկրի դրդմամբ զբաղված Հայաստանի և Ադրբեջանի մեջ կոնֆլիկտ հրահրելու գործով, որպեսզի հարցը լուծող հայտնվի և գան խաղաղապահները: Մեզ պետք չեն խաղապահ, մեզ պետք է, որ մեր սահմանը մենք վերահսկենք»,- նշեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե տեղի բնակիչներն ասում են, որ կորցնում են ճանապարհ, Սիմոնյանն արձագանքեց. «Բոլոր հնարավոր ճանապարհները կվերականգնվի՝ Վրաստանից մինչև Պարսկաստան ընկած հատվածում, եթե նման բան կլինի, կվերականգնվի, կգծվի, բայց ավելի լավ է ունենաս գծված սահման»:

Սիմոնյանը նաև ընդգծեց. «Մեր զինվորները կանգնելու են Կըզըլ Հաջիլի գյուղի վրա, իսկ դրա մասին ինչի՞ չեք խոսում: Բա ադրբեջանցին զարթնելու է տենա՝ հայ զինվորը, հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա, ու Կզըլ Հաջիլին ամեն առավոտ տեսնելու է, հլը մի հատ էլ եկեղեցի ենք ընդեղ նոր կառուցելու՝ մեր տարածքում»։