22/05/2024

Անդրանիկ Միհրանյան կամ՝ ռուսական «տապոռին» ամրացված, բայց հայկական ծառարմատից տաշված կոթը

Որ Կրեմլը իրեն ծառայող «հինգերորդ շարասյան» մոբիլիզացիա է հայտարարել՝ քաղաքական «վեցնոցներից» մինչև ՀՀ-ից չորեքթաթ ծլկած ու ՌԴ-ում ծվարած փրկիչներ՝ մինչև իսկ սքեմավոր «չեկիստներ» ու իրենց իսկ գոռոցից ուշագնաց եղող նորընծա «հայդուկներ», արդեն հայտնել ենք։

Վերջին մի քանի շաբաթներին էլ արդեն շոշափելի են մոբիլիզացված այդ կոնտինգենտի գործողությունները, որոնք ստանում են պատվիրատուի քարոզչական հովանավորությունը։ Իրեն «ալամ աշխարհի հայերի» միության նախագահ հռչակած Արա Աբրահամյանն էլ, որը նույնպես ձայնակցում ու «դուխ» է տալիս ՌԴ-ից հրահանգավորվող խումբ-խմբակներին, ապրիլի 24-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կազմակերպել էր Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառում, որի հրավիրյալների թվում են եղել հայկական ազգանունով, Կրեմլի քարոզչական կոնտորային կից հայտնի դեմքեր՝ մասնավորապես Անդրանիկ Միհրանյան, Սեմյոն Բաղդասարով և այլք։

Սրանք այն սուբյեկտներն են, որոնց ռուսաց թագավորի աշխատակազմը «քսի» է տալիս ՀՀ իշխանության վրա և հենց վերջիններիս բերաններն օգտագործում «կաղկանձելու», «հաչալու», «կծելու» և կենդանական այլևայլ բնազդներ ի ցույց դնելու համար։ Հասարակական գործիչներից մեկն, ի դեպ, ժամանակ առաջ, անդրադառնալով կրեմլահպատակ «բորենյաց ոհմակի» վարքագծին, պատկերավոր համեմատություն էր արել՝ «ռուսական կացնին ամրացված, բայց հայկական ծառարմատից տաշված կոթեր»։ Այդ՝ շատ օգտագործվելու արդյունքում փայլելու աստիճան հղկված «կոթերից» մեկը՝ Անդրանիկ Միհրանյանը, ապրիլքսանչորսյան վերոհիշյալ միջոցառման առիթն, ինչպես սպասվում էր, օգտագործել է՝ ՀՀ իշխանության գլխին ռուսական քարոզչամեքենայի «տապոռն» իջեցնելու համար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանելով «ցեղասպան»՝ նա նույն տերմինն օգտագործել է նաև Նիկոլ Փաշինանի հասցեին՝ մասնավորապես բարբաջելով. «Այսօր մեր, քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ տեղի ունեցավ Ղարաբաղի հայության ցեղասպանությունը, ինչի մասին խոսում են բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ամերիկյան, թե համալսարաններում, թե բոլոր մեծ քաղաքներում։ Երբ հայտնվում է Ջո Բայդենը, բոլորը աղաղակում են՝ «ցեղասպան Իսրայել» և «ցեղասպան Ջո Բայդեն»:

։ Այո, գուցե, անհամեմատելի է… այնտեղ սպանվել է 35 հազար, վիրավորվել 70 հազար պաղեստինցի, սակայն այնտեղ բնակվում են միլիոններով և միլիոն այստեղ, միլիոն այնտեղ… Ի դեպ, ինչո՞ւ են ասում ՝ «ցեղասպան Ջո», երբ Բայդենը ներկայանում է ամերիկյան լսարանի առաջ, քանի որ ԱՄՆ կառավարությանը մեղադրում են ցեղասպանության մասնակցության մեջ։ Սա այլևս ընդունված է, ինչի մասին խոսում են բոլոր հարթակներից։ …Մենք չունենք պետություն, որը կկարողանար այս հարցը բարձրացնել, իսկ միջազգային դատարանի առաջ ոչ մի հասարակական կազմակերպություն նման հարց բարձրացնել չի կարող։ Որպեսզի այս թեման ավարտեմ, բայց մենք սա երբեք չենք մոռանա, այն կլինի անընդհատ շոշափվող թեմա և պրոբլեմ, ես այսօր առաջարկում եմ, հենց այս պահին այդ գաղափարը ծագեց ինձ մոտ, որ՝ Հայաստանում որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է գոռալ՝ Փաշինյան, ցեղասպան, մարդ, որը ցեղասպանություն է գործել, քանի որ ամբողջ աշխարհի աչքի առաջ նա հրաժարվեց իր սեփական ժողովրդի զգալի հատվածից (ծափահարություններ դահլիճում-խմբ.)։

…Իհարկե, երբ ՀՀ-ում իշխանություն փոխվի, առիթ կստեղծվի միջազգային արդարադատության դատարանում գործ հարուցել Ղարաբաղի հայության դեմ իրականացված ցեղասպանության կապակցությամբ։ Մենք սա չենք մոռացել, բայց այս հարցը բարձրացնելու համար պետք են ինստիտուտներ։ Եվ ահա կտեսնենք, միջազգային հանրությունից ովքեր են հայ ժողովրդի ընկերները, ովքեր՝ ոչ։ Գործող իշխանության պարագայում նման հեռանկար չենք կարող սպասել, քանի որ այդ՝ ցեղասպան իշխանությունը պարում է Ալիևի և Էրդողանի դուդուկի տակ…»։

Համոզված ենք, որ հայկական ազգանունով սույն, թող թույլ տրվի ասել՝ «խոզանակի» մտքի արգասիքները կարդալուց հետո ընթերցողի մոտ ի հայտ եկած նողկանքի ու ամոթի զգացումը, ենթադրում ենք, սանդղակի ամենաբարձր նիշի վրա է։ Ինչն է զավեշտական, որ «ցեղասպան» տերմինը ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի անվան կողքին հոլովում է ա՛յն երկրի հպատակը, որը արդեն երկու տարի պատերազմ է վարում մեկ այլ պետության հողում՝ Ուկրաինայում, 21-րդ դարում հարություն տալով ֆաշիզմին ու գործելով պատերազմական հանցագործություններ։ Միհրանյան ազգանունով սուբյեկտը այն երկրի քաղաքացին է, որի ընտրած նախագահին՝ Պուտինին, ինչպես նաև նրան կից՝ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային Հաագայի միջազգային քրեական դատարանը մեկ տարի առաջ այս օրերին կալանավորման միջազգային օրդերներ է տվել՝ Ուկրաինայում բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։ Ի դեպ, հենց այդ դատարանին (որի իրավազորության մեջ է մտնում նաև ցեղասպանությանը առնչվող գործերի քննությունը) միանալու՝ Հռոմի ստատուտը վավերացնելու համար էլ նույն Միհրանյանի և նրա ծառայակից ընկերների կողմից (այդ թվում և պաշտոնական Մոսկվայի մակարդակով) քարոզչական պատերազմ էր հայտարարվել ՀՀ-ին, ընդհուպ՝ սպառնալիքներ էին հնչեցվում ՀՀ իշխանությունների հասցեին, թե՝ խնդրո առարկա կանոնադրությունը վավերացնելը կբերի հայ-ռուսական հարաբերությունների փչացմանը։ Սակայն ՀՀ իշխանությունները, չտրվելով ահաբեկմանը, վավերացրին ստատուտը, ու ՀՀ-ն պաշտոնապես դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Արդ, երբ «փայլող կոթը» խոսում է ՀՀ-ում իշխանության փոփոխման պարագայում միջազգային դատարան դիմելու մասին, գոնե հիշո՞ւմ է, որ Փաշինյանի իշխանությունն է այդ դատարանին դիմելու իրավական հիմքը դրել։

Ապրիլի 24-ին, Մոսկվայի սույն հյուրանոցում իր ելույթում, փաստորեն, Միհրանյանը «պոստ ֆակտում» հավանության արժանացրեց Փաշինյանի կառավարության այդ քայլը։ Հուսանք՝ Պուտինը իր քարոզչի այս անզգույշ վրիպման հետևանքով չի նվազեցնի վերջինիս հոնորարը։

Այժմ դառնանք քարոզչական մյուս մառազմին (Փաշինյան, ցեղասպան), որին արձագանքելու համար պետք է հիշենք ժողովրդական հանճարեղ ասացվածքը՝ «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»։ Միհրանյանի այս ցնդաբանությունը լսելուց հետո հիշեցինք ընդդիմադիր «Մեդուզա» լրատվական հարթակի բացահայտումը առ այն, որ ռուսական մեդիան հստակ կարգադրություններ է ստացել Կրեմլից, թե ինչպես է պետք լուսաբանել իրադրությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո։ ԶԼՄ-ներին ուղղված մեթոդական ձեռնարկում պահանջվում էր ԼՂ շուրջ զարգացումների համար մեղադրել Արևմուտքին ու ՀՀ իշխանությանը և շեշտել, որ ադրբեջանական հարձակման պատճառը Հայաստանի կողմից այդ երկրի տարածքային ամբողջականության ճանաչումն էր: Արդ, հետին թվով մտածում ենք՝ կարո՞ղ է այս «մետադիչկայի» կազմմանը մասնակցել է նաև Անդրանիկ Միհրանյանը, քանի որ նա մեկին մեկ կրկնում է սույն ձեռնարկի ցուցումները։ Ինչևէ։ Որքան էլ տհաճ է շարունակելը, բայցևայնպես ստիպված ենք, ստիպված ենք թարմացնել Միհրանյանի հիշողությունն ու ֆիքսել՝ այդ նրա շեֆը՝ Պուտինն է, որ 2020 թ. պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները համարել է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս։ Այդ ՌԴ-ի խաղաղապահներն էին, որ նույն այդ շեֆի երաշխավորմամբ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայվեցին ԼՂ-ում՝ պաշտպանելու տեղի հայության անվտանգությունն ու բնականոն կյանքին վերադառնալը։ Այդ ռուսական խաղաղապահներն էին, որ կոչված էին պաշտպանել ԼՂ բնակչությանը արյունահեղությունից, սակայն գործակցելով Ադրբեջանի զինված ուժերի հետ՝ «Փառուխի օպերացիա» էին իրականացնում՝ գյուղը դատարկելով ու Ադրբեջանին հանձնելով։ Այդ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էր, որ սպանվում էին քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ, այդ թվում՝ երեք ոստիկան, այդ նույն խաղաղապահների աչքի առաջ էր, որ ցեղասպանական նպատակով փակվեց ԼՂՀ-ն ՀՀ-ին կապող միակ կենսական ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամ հարուցելով ԼՂՀ-ում, այդ նույն միջանցքում է, որ ռուս խաղաղապահների աչքի աաջ կառուցվեց ապօրինի անցակետ, որտեղից նույն ռուս խաղաղապահների քթի տակից առևանգվում էին ԼՂՀ քաղաքացիներ, որոնցից մեկն էլ՝Վագիֆ Խաչատրյանը, այս պահին դատվում է Ադրբեջանի դատարաններում։ Հետաքրքիր է՝ Անդրանիկ Միհրանյանը ռուսական անպատասխանատվության զոհը դարձած Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին այս ընթացքում արդյոք զանգահարել կամ տեսակցե՞լ է։ Վագիֆ Խաչատրյանի բախտակիցները դարձած՝ Ադրբեջանի բանտերում հայտնված ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները նույնպես ռուսական անպատասխանատվության, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը հանցակցության աղաղակող վկայությունն են… Էլի՞ շարունակենք փաստերի վերհանումը՝ Միհրանյանին հիշեցնելով նաև ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով քննարկման ժամանակ ՌԴ-ի ցուցաբերած խայտառակ վարքագծի մասին…

Արդ, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման, հայաթափման փաստը պետք է ստիպեր Անդրանիկ Միհրանյանին ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցի օրը ամբիոն բարձրանալ ու զառանցել, այլ ամոթից գետինը մտնել ու ապաշխարել։ ԼՂՀ-ի ժողովորդի իրավունքների համար դիվանագիտական հնարավոր բոլոր գործիքներով ու հարթակներում պայքարած ՀՀ իշխանությանը «ցեղասպան» անվանելու Միհրանյանի քստմնելի փորձն, ակնհայտորեն, մեկ նպատակի է ծառայում՝ իր շեֆի ու շեֆի հետ «Դաշնակցային փոխգործակցության հռչակագիր» ստորագրած Ալիևի մռութն ու ձեռքերը արյունից ու պատասխանատվությունից մաքրելուն։ Եվ երբ Միհրանյանը ՀՀ-ում իշխանությունը փոխվելուց հետո դիմի արդարադատության դատարան, ո՞ւմ դեմ է հայց ներկայացնելու՝ ԼՂՀ-ի պարանոցը Պուտինի տված կացնով կտրած Ալիևի՞, թե՞ Պուտինի, իսկ գուցե կացնի տիրոջ ու միաժամանակ այդ կացինը բանեցրած հանցավոր զույգի՞։

Հեղինե Մանուկյան