08/09/2024

ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերը Երեւան ու Բաքու, հետևանքները ․․․

Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Երեւան եւ Բաքու կատարած հեռախոսազանգերը դարձան ուշադրության ու քննարկման առարկա, ինչը միանգամայն հասկանալի եւ օրինաչափ է:

Այդ հեռախոսազանգերի առումով սակայն ուշադրությունից դուրս է մնացել թերեւս մի հանգամանք, որը ոչ միայն էական է, այլ գուցե՝ առանցքային: Դրանից առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հետաձգել է իր այցը Վաշինգտոն եւ բանակցությունը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ:

Այդ այցն ու բանակցությունը թերեւս առանցքային հանգամանքներ էին շոշափելու եւ հստակեցնելու առնվազն ընթացիկ տարվա համար, մինչ ԱՄՆ նախագահի ընտրություն: Հետեւաբար դրա հետաձգումը խոսում է այն մասին, որ առանցքային հարցերը մնում են առկախված: Ահա այդ ֆոնին հնչում են ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերը Երեւան ու Բաքու:

Ինչ խոսք, այդ հարցում պետքարտուղար Բլինքենի մոտիվները չեն սահմանափակվում Էրդողանի այցի հետագձմամբ, սակայն այդ հանգամանքի առկայությունը՝ այն էլ հենց թուրքական կողմի որոշումով, թերեւս ամենաէական ազդեցությունն է թողնում իրավիճակի, հետեւաբար նաեւ պետքարտուղարի մոտիվների վրա:

Էրդողանը հետաձգելով իր այցը Վաշինգտոն, ըստ էության ցույց է տալիս բավականին հստակ, որ կան հարցեր, որոնց առումով չի ուզում որեւէ բան պայմանավորվել Նահանգների հետ: Այդ հարցերը առնչվում են արդյոք անմիջականորեն Կովկասին, կամ ի՞նչ աստիճանով են առնչվում, հնարավոր է քննարկել, դիտարկել, սակայն ինքնին հանգամանքը, որ Անկարան հրաժարվում է ԱՄՆ հետ պայմանավորվելու փորձից, առաջացնում է Նահանգների համար որոշակի նոր իրավիճակ եւ Բլինքենն ըստ ամենայնի առնվազն Կովկասի առումով փորձել է այն վերահսկողության տակ պահել Երեւանի եւ Բաքվի հետ հեռախոսազրույցով: