Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև նորից ծեծկռտուք է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելուց առաջ։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաներն ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի։ Բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների։
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարների դեմ օգտագործել է պղպեղային գազ, ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել։
Ապրիլի 30-ի երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի մոտ սկսվել է հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքը՝ ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ հաստատված «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը զուգահեռ։
Ցուցարարները, կարճ ժամանակում հավաքվելով, որոշել են շրջափակել խորհրդարանի շենքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին և նրանց դեմ օգտագործել պղպեղային գազու այլ հատուկ միջոցներ: Ոստիկաններն ու ՕՄՕՆ-ը փորձել են ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքի հետնամասից, ինչը վերաճել է բախումների։ Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են բերել ու կիրառել դրանք:
Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարներից մաքրել խորհրդարանի մոտ գտնվող Ռուսթավելի պողոտան ևս, ցուցարարները հետ են նահանջել։ Ավելի ուշ ուժայինները խորհրդարանն ամբողջությամբ շրջափակել են:
Ցուցարարների մի մասը ամբողջ գիշեր շարունակել է մնալ Ռուսթավելի պողոտայում, նրանք հեռացել են խորհրդարանի շենքից և տեղակայվել «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի մոտ։
Մի քանի ժամ անց հատուկ ջոկատայինները սկսել են հեռանալ Ռուսթավելի պողոտայից, որից հետո հանրահավաքն ավարտվել է:
Կան տուժածներ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից Աննա Ցիտլիձեն տուժել է ոստիկանների հետ ծեծկռտուքի ժամանակ, հաղորդում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։ Ենթադրաբար, նա թունավորվել է պղպեղային գազից։
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին ոստիկանները ծեծի են ենթարկել։ «Մտավարի արխի»-ն ցուցադրել է քաղաքական գործչի լուսանկարը՝ քիթը կոտրված, աջ աչքը՝ կապտուկով, դեմքին արյան հետքեր են երևում։
Ցուցարարներից բացի, Վրաստանի ՆԳՆ երեք աշխատակից ևս հոսպիտալացվել է: Տուժել են նաև լրատվամիջոցների մի քանի աշխատակիցներ։
Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ տուժել է ՆԳՆ վեց աշխատակից։
Իշխանությունների արձագանքը
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի հասցրել ամբողջությամբ քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ, որոշում է կայացվել շարունակել քննարկումը մայիսի 1-ին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին կոչ է արել դադարեցնել ցուցարարների ցրումը Թբիլիսիում։
Իր ուղերձում Զուրաբիշվիլին բողոքի ակցիան անվանել է «խաղաղ», իսկ ուժի կիրառումը անվտանգության ուժերի կողմից՝ «անհամաչափ»։ Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ խնդրանքով արձագանքել ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության գործողություններին։
Նախագահը «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ քննադատելով ուժայիններին։ Նա նշել է, որ ցուցարարների դեմ ուժի կիրառման ողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 մարդու։
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»