19/05/2024

Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո

Իշխող խմբակը վերջին երկու օրերին նոր տերմին է դրել շրջանառության մեջ՝ փորձելով տեղի ունեցող միակողմանի զիջումները, որը փաթեթավորել են սահմանազատում-սահմանագծում անվան տակ, կրկին ջարդել նախկինների գլխին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեկը մյուսին կապկելով նրանք իրենց ելույթներում շեշտում են, որ ոչ թե տարածքներ են հանձնում կամ փոխանակում, այլ սահմանն են վերարտադրում, կամ ինչպես Արսեն Թորոսյանն է բնորոշել՝ հողի վրա գծում են Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված սահմանը։

Մինչդեռ մինչեւ վերջերս ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իրենք առաջին անգամ սահման են գծում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քանի տարի է թմբկահարում է, որ Հայաստանը կադաստրի վկայական, այն է՝ պետական սահման չունի։

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հերիքնազ Տիգրանյանը, հետ չմնալով կատաղի ՔՊ-ականներից, կրկնեց «սահմանի վերարտադրության» մասին հնարովի թեզը, հարցրեցինք՝ եթե կա հայ-ադրբեջանական սահման, ի՞նչ իմաստ ունի վերարտադրել այն, արդյոք այդ «վերարտադրությունը» կազմակերպել են, որ միակողմանի զիջումների գնան, սակայն պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։

Մինչդեռ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրաքացրեց իշխանության փչած այդ փուչիկը՝ հայտարարելով, թե այն քարտեզները, որոնցով պետք է գործընթացն իրականացնեին, անհետացել են Կադաստրի կոմիտեից։ Նա բացարձակ սուտ որակեց արդարադատության նախարարության այն հայտարարությունը, համաձայն որի «Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»:

Պատգամավորը հիշեցրեց Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը` սովմինի նախագահի տեղակալը, եւ դրան կցված են տասնյակ արձանագրություններ:

«Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք»։ Աբրահամյանն ասաց, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, իսկ հիմա այլևս գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում: Գուցե նաեւ` վերացնելով հետքերը։