21/12/2024

Ադրբեջանում «գորշ կարդինալի» դերակատարության ժամանա՞կն է, Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում

Ադրբեջանի «Մուսավա» կուսակցությունը նախապատրաստվում է հերթական համագումարի: Առաջնորդի թեկնածու է առաջադրվել նաեւ Իսա Գամբարը, որ այդ պաշտոնն զբաղացրել է մինչեւ 2014 թվականը:

Մասնագիտությամբ պատմաբան Գամբարը քաղաքական գործունեությունն սկսել է անցյալ դարի 80-ականների վերջին, Ադրբեջանի ժողովրդական ճակատ շարժման հիմնադիր անդամներից է, 1992-93 թվականներին զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը:

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում նա ունի «գորշ կարդինալի,, համարում: 1993թ. հունիսի 15-ին նա հրաժարական է տվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն ընձեռելով, որ Հեյդար Ալիեւն ընտրվի, եւ ապահովվի նրա վերադարձն իշխանության: Կարճ ժամանակ անց Հեյդար Ալիեւն ստանձնել է նաեւ Ադրբեջանի նախագահի պարտականությունները, երբ Աբուլֆազ Էլչիբեյը «ցանկություն է հայտնել ք հեռանալ եւ մեկուսանալ Նախիջեւանի Քելեքի գյուղում»:

«Մուավաթ» եւ Ժողովրդական ճակատ կուսակցությունները, պատճառաբանելով, որ «մրցակցային պայմաններ ապահովված չեն» բոյկոտեցին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունները: Անկախ փորձագետներից շատերը կարծիք հայտնեցին, որ իշխանության եւ այդ քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ «գործարք է կնքվել». Ալիեւը խոստացել է «բարեփոխել օրենսդրությունը, վերականգնել համամասնական ընտրակարգը եւ երաշխավորել է «Մուսավաթի» ու Ժողճակատի ներկայացվածությունը հաջորդ խորհրդարանում»:

Ըստ երեւույթին, կյանքի յոթերորդ տասնամյակը բոլորող Գամբարը «Մուսավաթի» առաջնորդությունը վերադարձնում է իրեն, որպեսզի Ադրբեջանի քաղաքական կյանքում որեւէ էական դերակատարություն ստանձնի: Ավանդաբար «Մուսավաթը» համարվում է «արեւմտյան կողմնորոշման քաղաքական ուժ»: Ադրբեջանում իշխանության ռուսամետ քաղաքականության հետ կապված հանրային լուրջ դժգոհություն կա: Բացառված չէ, որ Գամբարի քաղաքական ռեինկառնացիան կազմակերպվում է, որպեսզի այդ տրամադրությունները որոշակիորեն բացահայտվեն:

Դա, երեւի, Ալիեւի նախաձեռնությունն է, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերություններում «պաշտպանիչ ռեսուրս,, ունենա: Խնդիրն այն է, թե ի՞նչ չափով են գեներացվելու այդ տրամադրությունները: Ադրբեջանի քաղաքական կյանքի «ընդհատակին,, տեղյակ բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ Ժողովրդական ճակատը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագիծն էր: Ի վերջո, մուսավաթական կառավարությունն է 1920թ. ապրիլի 28-ին իշխանությունն առանց մեկ կրակոցի հանձնել բոլշեւիկներին:

Չափազանց խորհրդանշական է, որ Գամբարը «Մուսավաթի» առաջնորդի թեկնածու է առաջարդվել այդ իրադարձության 104-րդ տարելիցի օրը, Մոսկվայում Պուտին-Ալիեւ հանդիպումից մեկ շաբաթ անց: Ադրբեջանում «գորշ կարդինալի» դերակատարության ժամանա՞կն է: Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը: «Մուսավաթն» ասոցացվում է ԱԴՀ-ի հետ: Հայ-ադրբեջանական կարգավորման իրավական հիմք են առաջարկվում խորհրդային իրողությունները: Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում: