23/12/2024

Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»

«Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար:

Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։

Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում»: