27/07/2024

Սպիտակ տանը որոշում կկայացվի Ադրբեջանին էթնիկ զտման մեղադրանք ներկայացնելու համար

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան զեկույցում կոչ է անում Նահանգների կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար:

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանն ընդգրկել հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցանկում:

Կլսի՞ Սպիտակ տունը կրոնական ազատության հանձնաժողովի այդ կոչը եւ կձեռնարկի՞ քայլեր՝ Ադրբեջանին գոնե Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների, հայկական պատմական ժառանգության անձեռնմխելիություն պարտադրելու համար: Միացյալ Նահանգները նախորդ տարի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը չի դիտարկել էթնիկ զտում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Նահանգների այլ պաշտոնյաներ նշել են, թե այդօրինակ գնահատականի համար պետք են ապացույցներ: Անցել է գրեթե տասը ամիս, գնահատականը չի փոխվում, մինչդեռ, որքան անցնում է ժամանակը, այնքան ոչ թե մոտենում, այլ հեռանում են ապացույցները: Այդ թվում, Բաքուն ջնջում է դրանք ընդհուպ պատմամշակութային ժառանգության մակարդակում:

Հասկանալի է, որ քաղաքական իրավիճակի, քաղաքական անհրաժեշտության պարագայում ԱՄՆ «կգտնի» ապացույցներ՝ Ադրբեջանին էթնիկ զտման մեղադրանք ներկայացնելու համար, ինչպես ըստ էության որեւէ այլ աշխարհաքաղաքական կենտրոն:

Բայց, թերեւս հենց քաղաքական անհրաժեշտությամբ է նաեւ պայմանավորված լինելու, թե Սպիտակ տունը որքանով ականջալուր կլինի ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի զեկույցին եւ կոչին: Անկասկած է, որ Բաքուն մեղմ ասած ընդառաջ չի գնալու դրան, հետեւաբար հարկ է լինելու բանեցնել ճնշում, գործադրել մեծ ջանք՝ Բաքվի հետ լարվածության ռիսկով:

Մինչդեռ, Նահանգների վարքագիծը եւ շահերը ներկայումս թույլ չեն տալիս հավանական դիտարկել, որ Վաշինգտոնը իրական աշխատանք կկատարի Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով հարաբերության մեջ մտնել Ադրբեջանի հետ: Այդ թեման իր վրայից փաստացի հանեց նաեւ Ռուսաստանը, կայացնելով ռուս խաղաղապահներին Արցախից վաղաժամ դուրս բերելու որոշում:

Ի թիվս այլ մոտիվների եւ հաշվարկների՝ այդ թվում անշուշտ առավել լայն եւ խորքային հարցեր ենթադրող, Ռուսաստանը թերեւս այդ որոշումը կայացրեց նաեւ իրեն պատասխանատվությունից ազատելու եւ այն փաստացի անուղղակի արեւմտյան դերակատարներին հասցեագրելու համար:

Սակայն իհարկե որեւէ մեկը չի շտապի վերցնել այդ պատասխանատվությունը, քանի որ ներկայիս իրավիճակում դա կապելու է ոչ թե Ադրբեջանի, այլ հենց պատասխանատվությունը վերցնողի ձեռքերը: Առավել եւս, որ գործնականում այդ առնչությամբ հարցադրումներ չկան Հայաստանի հանրապետությունից եւ Արցախի անունից: